Հա

Քաղաքական

11/03/2012

altՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Կալիֆորնիա կուրիէր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր

Ֆրանսիայի եւ առհասարակ աշխարհասփիւռ հայութիւնը չափազանց վրդովւած էր Սահմանադրական խորհրդի Ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրինագիծը մերժելու մասին ընդունած սկանդալային որոշմամբ:
Խորհրդարանն ու սենատը վերջերս ընդունեցին մի օրէնք, որով նախատեսւում էր մէկ տարւայ ժամկէտով ազատազրկում եւ 60,000 դոլարի չափով տուգանք այն անձանց համար, ովքեր կը մերժեն Ֆրանսիայի կառավարութեան կողմից ճանաչւած ցեղասպանութիւնները: Ֆրանսիան պաշտօնապէս ճանաչում է Հրէական հոլոկոստը եւ Հայոց Ցեղասպանութիւնը:

Թէեւ օրինագծում յատուկ չի նշւում Հայոց Ցեղասպանութիւնը, Թուրքիայի կառավարութիւնը Ֆրանսիայի դէմ պատերազմ յայտարարելուց բացի՝ արեց ամէն ինչ, որ խոչընդոտի դրա ընդունումը՝ դրանով ցոյց տալով, որ ինքն այս երկու ցեղասպանութիւններից մէկի իրագործողն է: Չկարողանալով խափանել Ֆրանսիայի գործադիր մարմնի երկու պալատներում օրինագծի ընդունումը՝ Թուրքիան եւ ցեղասպանութեան ժխտման յանցագործութիւնում իր կրտսեր գործընկեր Ադրբեջանը դիմեցին բոլոր հնարաւոր քայլերին՝ օրէնքը հակասահմանադրական ճանաչել տալու համար:
Թուրքիան օգտագործեց Ֆրանսիայի գործադիր մարմնի վրայ ճնշում գործադրելու բոլոր ձեւերը՝ Սահմանադրական խորհրդում օրինագիծը բողոքարկելու համար անհրաժեշտ 60 կամ աւելի ստորագրութիւնները հաւաքագրելու նպատակով: Զաւեշտական է, որ մինչ Թուրքիայի կառավարութիւնը բոյկոտում էր ֆրանսիական ընկերութիւնները, թուրքական մի խումբ վարձում էր ֆրանսիական ազդեցիկ լաբբիստական ընկերութիւն, որն աջակցում էր իրենց ստորագրութիւնները որսալու հարցում: Ադրբեջանը միացաւ այս չարաբաստիկ լաբբիստական ջանքերին՝ հրաւիրելով Ֆրանսիայի վեց սենատորներին Բաքու՝ բողոքարկումը ստորագրելու համար իրենց պարգեւատրումները ստանալու համար: Այս կամ այն ձեւով՝ Թուրքիայի իշխանութիւններին եւ նրանց ֆրանսիացի գործադիրներին յաջողւեց սիրաշահել Ֆրանսիայի օրէնսդիր մարմնի 900 անդամներից 142-ին, ում շնորհիւ՝ 2012 թւականի յունւարի 31-ին Սահմանադրական խորհուրդ բողոքարկում ներկայացրեցին:
Ակնյայտօրէն, սա անընդունելի միջամտութիւն էր Ֆրանսիայի ներքին գործերին: Փոխանակ թողնելու, որ թուրք դեսպանը օրէնսդիր մարմնի անդամների վրայ ճնշում գործադրի Սահմանադրական խորհրդում օրինագիծը բողոքարկելու համար ստորագրելու հարցում, Ֆրանսիան պէտք է վտարէր նրան իր դիւանագիտական լիազօրութիւնը խախտելու համար: Չպէտք է թոյլ տային, որ Թուրքիան թելադրի ֆրանսիական օրէնքները:
Սահմանադրական խորհրդի կազմում ներգրաււած են տարբեր ոլորտների 11 թոշակի անցած անձինք, որոնց կազմում են՝ Ֆրանսիայի երկու նախագահ, երկու դատաւոր, երեք օրէնսդիր եւ չորս պետական պաշտօնատար: Խայտառակութիւնը սկսւեց այն բանից յետոյ, երբ ֆրանսիական մի թերթ բացայայտեց, որ խորհրդի մի քանի անդամներ, ներառեալ՝ նախագահը, ունեն արդար որոշմանը հասնելու հարցում շահերի բախում: Ոմանք այս հարցի կապակցութեամբ նախապաշարեալ յայտարարութիւններ էին արել նախկինում, ուրիշներն ունեն գործարար կապեր՝ Թուրքիայի հետ, եւ որ ամենաահաւորն է, նրանցից մէկը՝ Հիւբերտ Հենէլը, «Բոսֆորուս ինստիտուտ» ֆրանս-թուրքական գիտա-հետազօտական կազմակերպութեան անդամ է, որը լաբբիստական գործողութիւններ էր իրականացնում Ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրինագծի դէմ:
Նմանատիպ սկանդալային պայմաններում խորհրդի անդամներից շատերը պէտք է այս հարցը քննելու գործով ինքնաբացարկ յայտարարէին: Այս ամօթալի բացայայտումներից յետոյ՝ խորհրդի երկու անդամներ հրաժարւեցին այս օրինագծի քննարկմանը մասնակցելուց, իսկ նախկին նախագահ Ժակ Շիրակի համար ասացին, թէ չի կարող մասնակցել նիստին՝ վատառողջ լինելու պատճառով:
Սահմանադրական խորհրդի մնացած ութ անդամները 2012 թւականի փետրւարի 28-ին կայացրեցին վճիռ եւ ճանաչեցին խորհրդարանի եւ սենատի կողմից հաստատւած՝ Ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրինագիծը հակասահմանադրական՝ գտնելով, որ այն խախտում է խօսքի ազատութեան վերաբերեալ ֆրանսիական օրէնքները:
Սա ապշեցուցիչ որոշում էր երկու պատճառով՝ 1) Սահմանադրական խորհրդի որոշ անդամներ հէնց իրենք են խախտել օրէնքը՝ վճիռ արձակելով մի հարցի շուրջ, որում նրանք ունեն ակնյայտ կողմակալութիւն կամ շահերի բախում եւ 2) նրանք վճիռ կայացրեցին Ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրէնքի հակասահմանադրական լինելու մասին՝ պատճառաբանելով, որ դա սահմանափակում է խօսքի ազատութիւնը, միեւնոյն ժամանակ ուժի մէջ թողնելով մի այլ օրէնք, որը քրէականացնում է Հոլոկոստի մերժումը: Խորհրդի անդամները չբացատրեցին, թէ ինչով է Հայոց Ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրէնքը սահմանափակում խօսքի ազատութիւնը, իսկ Հրէական հոլոկոստը՝ ոչ: Ցեղասպանութեան բոլոր զոհերը պէտք է հաւասարապէս պաշտպանւած լինեն օրէնքով: Չպէտք է լինեն երկակի ստանդարտներ:
Ի տարբերութիւն Միացեալ Նահանգների՝ Ֆրանսիան ունի մի քանի օրէնք, որոնք սահմանափակում են խօսքի ազատութիւնը: Ինչպէ՞ս պատահեց, որ երբ հարցը հասաւ Հայոց Ցեղասպանութեան ժխտողներին պատժելուն, խորհրդի անդամները յանկարծ դարձան ազատ խօսքի յամառ պաշտպանները:
Ֆրանսահայերը պէտք է ձեռնարկեն բոլոր իրաւական եւ քաղաքական միջոցները՝ խորհրդի անարդար եւ ոչ-օրինաչափ որոշումը փոխելու համար: Նրանք կարող են հայց ներկայացնել Մարդու իրաւունքների եւրոդատարան՝ ընդդէմ Սահմանադրական խորհրդի, ինչպէս նաեւ ներկայացնել նոր օրինագիծ՝ Ֆրանսիայի օրէնսդիր մարմին:
Քանի որ Ֆրանսիայի երկու գլխաւոր նախագահի թեկնածուները խոստացել են գալիք ընտրութիւններից յետոյ նորից ընթացք տալ այս օրինագծին, այս հարցը չի վերանայ, քանի դեռ չի ընդունւել Հայոց Ցեղասպանութեան մերժումը քրէականացնող օրէնքը: Չպէտք է թուրքերին թոյլ տալ դէպի Եւրոպա արտածել իրենց ժխտողական քաղաքականութիւնը:

Թարգմանիչ՝ Կարինէ Գէորգեան

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։