Հա

Քաղաքական

11/03/2012 - 10:46

altԵրեւան, «Արմէնպրես» - Միջազգային մի շարք յայտնի լրատւամիջոցներ անդրադարձել են փետրւարի 28-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի Ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու փաստին: Ինչպէս հաղորդել է «Արմէնպրես»-ը, CNN-ը, մեկնաբանելով ողջ գործընթացի էութիւնը, գրել է, որ օրինագիծը սատարողներից մէկը՝ սենատոր Էրւէ Մարսէյը, պնդել է, որ եթէ Ֆրանսիան արդէն ճանաչել է Հայոց Ցեղասպանութիւնը, ուստի՝ Հոլոկոստի ժխտմանը վերաբերող նոյն չափանիշը պէտք է վերաբերի նաեւ Հայոց Ցեղասպանութեանը: «Եթէ վիճարկենք հրեաների ցեղասպանութիւնը, կը պատժւենք, իսկ մինչ հիմա, երբ վիճարկում ենք Հայոց Ցեղասպանութիւնը, մենք չենք պատժւում: Մենք չենք կարող ունենալ օրինական պատիժ մէկի համար, իսկ միւսի համար՝ ոչ: Բոլորը հաւասար են օրէնքի առաջ»,- նշել է սենատորը: «Ցեղասպանութեան քննարկումը կամ բանավէճը Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ լարւածութեան աղբիւր է հանդիսանում: Օրինակ՝ Սպիտակ տունը տարէցտարի աւելի քիչ ջանք է գործադրում հայերի զանգւածային սպանութիւնները որպէս ցեղասպանութիւն ճանաչելու բանաձեւ ընդունելու ուղղութեամբ»,- եզրափակել է CNN-ը:

«Աշխարհի շատ պատմաբաններ հաւատում են, որ 1.5 մլն. հայեր զանգւածաբար սպանւել են Օսմանեան թուրքերի կողմից, իսկ Թուրքիան շարունակ պնդում է, որ դրանք նպատակային սպանութիւններ չեն եղել՝ նշելով, որ 500 հազար հայեր են զոհւել, որոնցից շատերը՝ սովի եւ այլ աղէտների հետեւանքով»,- գրել է «New York times» պարբերականը:
«Asianews»-ը մէջբերել է օրինագծի հեղինակ Վալերի Բուայէի խօսքը. «Ֆրանսիան ճանաչել է երկու ցեղասպանութիւն՝ Հոլոկոստը եւ 1915 թւականի Հայոց Ցեղասպանութիւնը: Հոլոկոստի զոհերը պաշտպանւած են դրա ժխտումից, իսկ Հայոց Ցեղասպանութեան զոհերը, ցաւօք, ո՛չ»: Բուայէն ընդգծել է, որ Սահմանադրական խորհրդի որոշումը անհամապատասխանութիւն է ստեղծում այս խնդրի շրջագծում:
«Սարկոզին կարգադրել է մշակել Ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող նոր օրինագիծ» խորագրով յօդւածում անգլիական «The Telegraph» պարբերականը ընդգծել է, թէ օրինագիծը հակասահմանադրական ճանաչելուց յետոյ՝ Ֆրանսիայի նախագահականից անմիջապէս հաղորդւել է, որ Սարկոզին կարգադրել է մշակել նոր օրինագիծ՝ հաշւի առնելով Սահմանադրական խորհրդի որոշումը:
Ֆրանսիայի կողմից ճանաչւած Ցեղասպանութիւնների ժխտումը քրէականացնող օրինագիծը 2011 թւականի դեկտեմբերի 22-ին ընդունւել է երկրի խորհրդարանի կողմից՝ պատգամաւորների ձայների ճնշող մեծամասնութեամբ: 2012 թւականի յունւարի 23-ին օրինագիծը հաստատեց Ֆրանսիայի սենատը: Օրինագծի ուժի մէջ մտնելուց յետոյ՝ Ֆրանսիայի տարածքում Հայոց Ցեղասպանութեան ժխտման համար կը սահմանւի մէկ տարւայ ազատազրկում եւ 45 հազար եւրոյի տուգանք:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։