Հա

Քաղաքական

08/03/2012

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

altՎլադիմիր Պուտինը վերադարձաւ, եւ դա սպասելի ու կանխատեսելի էր: Գրանցւած ցուցանիշն այնպիսին է, որ իշխանութեան ամենակատաղի ընդդիմախօսներն անգամ խոստովանում են, որ Պուտինի յաղթանակը կասկածից վեր է: Փաստօրէն, մարտի 4-ի ընտրութիւններն ազդարարեցին Ռուսաստանում Վլադիմիր Պուտին՝ Volume 3 ժամանակաշրջանի մեկնարկը:
Հպանցիկ ակնարկ ոչ-վաղ անցեալին մեզ յուշում է, որ 2000 թւականին Պուտինն իշխանութեան գլուխ անցաւ յետխորհրդային անցումային ժամանակաշրջանի ճգնաժամի եւ ելցինեան ղեկավարման անարխիայի ֆոնի վրայ:

Իր շուրջ համախմբելով համախոհների մի կուռ բանակ՝ Պուտինին յաջողւեց իր ձեռքում կենտրոնացնել իշխանութիւնը: Այն օրերում Վլադիմիր Վլադիմիրովիչի գործելաոճը համահունչ էր ռուս հասարակութեան պահանջների հետ: Ղեկավարող երկաթէ բռունցք, որ ունակ է ձեւաւորել հզօր կառավարութիւն, երկրին վերադարձնել փլուզւած կայսրութեան երբեմնի փառքը եւ արժանապատւութիւնը, հաստատել կարգ ու կանոն, վերջ տալ համատարած անիշխանութեան ու կոռուպցիային եւ, վերջապէս, ապահովել սոցիալ-տնտեսական կայուն աճ:
Պուտինին յաջողւեց ձեւաւորել հզօր կառավարութիւն, հաստատել որոշակի կարգ ու կանոն, մասամբ վերականգնել Ռուսաստանի համաշխարհային երբեմնի վարկը, նաւթագազային միլիարդաւոր դոլարների հասնող եկամուտների շնորհիւ՝ ապահովել տնտեսական թռիչքային աճ, սոցիալական կայունութիւն:
Սակայն, այս բոլորը մետաղադրամի միայն մի կողմն էր: Միւս՝ գորշ կողմը, կոռուպցիայի կայուն զարգացումը եւ խեղւած ժողովրդավարութիւնն էր, որոնք, փաստօրէն, կանխեցին Ռուսաստանում քաղաքացիական լիարժէք հասարակարգի ձեւաւորումը:
Հակառակ պետական քարոզչամեքենայի բարձրաձայնումներին՝ Պուտինի իշխանութեան օրօք եւս կոռուպցիան եւ տնտեսա-ֆինանսական մենաշնորհները շարունակեցին մնալ Ռուսաստանի քաղաքացիներին յուզող թիւ մէկ խնդիրը: Միաժամանակ, երկրում սկսեցին դանդաղել եւ աստիճանաբար նահանջ ապրել ժողովրդավարական գործընթացները, որ քաղաքացիական լիարժէք համակարգի ձեւաւորման գլխաւոր երաշխիքներն էին: Պուտինեան իշխանութիւնը ստեղծեց «ուղղորդւած ժողովրդավարական» մի համակարգ, որտեղ կարող էր աշխատել միայն իշխանութեանը հաւատարիմ «ընդդիմութիւնը»: Ընդդիմադիր գործիչները տարբեր մեղադրանքներով ձերբակալւեցին եւ դատապարտւեցին ազատազրկման կամ ստիպւած՝ հեռացան երկրից: Մտաւորականութիւնը նախընտրեց մեկուսանալ եւ լռել, իսկ այլախոհ լրագրողները սպանւեցին կասկածելի պայմաններում: Նրանց մահւան հանգամանքները չբացայայտւեցին:
Այսօր քառամեայ դադարից յետոյ՝ Պուտինը վերադառնում է Կրեմլ: Վերադառնում է նոյն գործելաոճով եւ արդէն պոպուլիստական հնչեղութիւն ունեցող հին կարգախօսերով: Նա ուսանողութեանը խոստանում է աւելի բարձր կրթաթոշակներ: Խոստանում է բարձրացնել կենսաթոշակները: Կրկնակի դարձնել համալսարանի պրոֆեսորա-դասախօսային կազմի, ինչպէս նաեւ բուժհամակարգի աշխատողների աշխատավարձերը: Արմատական բարեփոխման ենթարկել երկրի կրթական համակարգը: Այս բոլոր խոստումներն իրագործելու համար՝ առաջիկայ վեց տարիների ընթացքում Պուտինին անհրաժեշտ է 160 միլիարդ դոլար, որը կազմում է Ռուսաստանի ներքին համախառն արտադրանքի 4-ից 5 տոկոսը:
Բանակի ղեկավարութիւնը եւ ազգայնական շրջանակները, որոնք տառապում են կայսերական ժամանակաշրջանի կարօտախտով, եւս անմասն չեն մնացել Պուտինի խոստումներից: Պուտինը նախատեսում է բանակի արդիականացման եւ վերազինման համար առաջիկայ տասը տարիների ընթացքում յատկացնել 770 միլիարդ դոլար:
Եւ այս բոլորն այն դէպքում, երբ հակառակ իշխանութիւնների հաւաստիացումներին՝ Ռուսաստանի տնտեսութիւնն ապրում է խոր ճգնաժամ: Երկրի տնտեսութիւնն ամբողջովին կախման մէջ է նաւթա-գազային դոլարներից եւ սպառազինման վաճառքից: Արդիւնաբերական ենթակառուցւածքները շարունակում են մնալ մաշւած եւ անմրցունակ: Արդիւնաբերական համակարգի արդիականացման ու վերականգնման համար՝ Ռուսաստանը պարտաւոր է ապահովել արտասահմանեան ներդրումներ: Երկրից ազգային հարստութեան եւ կապիտալի արտահոսքն ահռելի չափերի է հասնում:
Փորձագէտների կարծիքով՝ այս բոլորի համապատկերում նախընտրական շռայլ խոստումների իրականացումը թւում է անհնար: Ակնյայտ է, որ Պուտինի ողջ «զինանոցը», որ աւելի քան մէկ տասնամեակ նպաստեց նրան պահպանել իշխանութիւնը, աստիճանաբար կորցնում է իր արդիականութիւնը եւ կենսունակութիւնը: Մանաւանդ որ՝ վերջին շրջանի իրադարձութիւնները պարզեցին, որ այլեւս անհնար է զսպել ժողովրդական ցասման էներգիան:
Մեզ մնում է համբերութեամբ սպասել՝ տեսնելու համար, թէ արդեօք Պուտինին կը յաջողւի՞ մշակել ղեկավարման նոր համակարգ, որով կը կարողանայ լուծել երկրի դէմ ծառացած լրջագոյն մարտահրաւէրները թէ Վլադիմիր Պուտին՝ Volume 3-ը կազդարարի պուտինիզմի ժամանակաշրջանի աւարտը:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։