Հա

Քաղաքական

08/03/2012

«Panorama.am»- Յունւարի 26-ին կանադական հեղինակաւոր «Embassy» շաբաթաթերթում տպագրւել էր անգլիացի լրագրող Գւին Դայերի «Քծնելով հայերին» յօդւածը, որտեղ վերջինս քննադատել էր Ֆրանսիայում ընդունւած օրինագիծը եւ կասկածի տակ առել հայերի կոտորածների ցեղասպանութիւն լինելու փաստը՝ ենթադրելով, որ դրանք եղել են «քիչ պարբերական եւ ոչ կազմակերպւած»:
Թարգմանաբար ձեզ ենք ներկայացնում Կանադայի Հայ ազգային կոմիտէի անդամ, սփիւռքահայ մտաւորական Փօլ Դոուզջեանի նոյն շաբաթաթերթում տպագրւած պատասխան յօդւածը:

««Embassy» ամսագրում տպագրւած իր վերջին յօդւածում յայտնի անգլիացի լրագրող Գւին Դայերը նշել է, որ բառերը նշանակութիւն ունեն:
Քչերը կը պնդեն հակառակը: Բառերը պակաս նշանակութիւն չունեն, քան՝ փաստերը: Դժբախտաբար, նոյն յօդւածում պարոն Դայերը չի փորձում անգամ ձեռնարկել Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի վիճակի վերաբերեալ առկայ գրականութեան եւ փաստացի տւեալների համապարփակ լուսաբանում:
Պարոն Դայերը յօդւածում պնդում է, որ սպանութիւնների յետեւում կանգնած դրդապատճառը կարեւոր է զանգւածային սպանութիւնները որպէս ցեղասպանութիւն որակելու համար: Հետեւաբար՝ ըստ նրա՝ Հոլոկոստը պէտք է տարբերւի միւսներից: Նա շարունակում է իր տեսակէտը՝ նշելով, որ եթէ «վերջնական լուծման» համար գոյութիւն ունէր նացիստական ծրագիր, ապա հայկական դէպքը «քիչ պարբերական եւ, հաւանաբար, ոչ-կազմակերպւած» էր:
Ես մանրամասն բանավէճի չեմ բռնւի այս բոլոր փաստարկների շուրջ, քանի որ առկայ են բազմաթիւ աշխատութիւններ՝ թեմայի մասին. այնուամենայնիւ, թոյլ տւէք վկայակոչել որոշ փաստեր, որոնք կը հերքեն այս փաստարկների արժանահաւատութիւնը:
1878 թւականին Բեռլինի պայմանագիրը թուրքական իշխանութիւններին կոչ էր արել իրագործել անհրաժեշտ քայլեր «հայերի անվտանգութիւնը երաշխաւորելու համար»՝ այդպիսով ընդունելով, որ կար սպառնալիք՝ նրանց անվտանգութեանը:
Թուրքական իշխանութիւնները կազմակերպեցին հայերի զանգւածային կոտորածներ՝ 1894-96 թւականներին, երբ Օսմանեան Թուրքիայով մէկ մօտաւորապէս 300.000 հայեր կոտորածի ենթարկւեցին:
Դրանից ընդամէնը մէկ տասնամեակ յետոյ Ադանայի կոտորածները խլեցին 30.000 անմեղ հայերի կեանք: Երիտթուրքերն արտօնեցին կամ ինչպէս շատերն են հաւատում, անուղղակիօրէն կազմակերպեցին այս զանգւածային սպանդը, որն անգլիացի պատմաբան Բենսոնը կոչեց «փորձարարական»:
Մի այլ փաստաթուղթ, որ հաստատում է մինչեւ կոտորածների սկիզբը Երիտթուրքերի ցեղասպան ծրագրերի առկայութիւնը, 1914 թւականի դեկտեմբերին ներկայացւած այսպէս կոչւած «տասը պատւիրաններն» էին:
1915 թւականի մայիսի 27-ին ընդունւած «Տեղահանման մասին» թուրքական օրէնքը բանակին բացարձակ իշխանութիւն էր տալիս կամայականօրէն կոտորել հայերին:
Ակնյայտօրէն, ոչ ոք չէր կանխատեսում հարիւր հազարաւոր հայերի տեղահանում՝ առանց զանգւածային մահեր պատճառելու: Աւելին՝ բացի «Տասը պատւիրանների» առաջին յօդւածից, որը աւելի շուտ մահապատիժ է, քան վերջնական հանգրւանի ծրագիր, վերաբնակեցման որեւէ այլ ծրագիր գոյութիւն չունէր:
Այս ամէնը հաստատում է թուրքական պետութեան տրամադրւածութիւնը, Երիտթուրքերի վարչակարգի ժամանակ կամ դրանից առաջ, լուծել Հայկական Հարցը՝ հայերի կոտորածների եւ ֆիզիկական բնաջնջման միջոցով»:

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։