Հա

Քաղաքական

Շաբաթ, 04 Փետրւարի 2017 11:00

Կարօ Փայլան. «Քանի դեռ ուշ չէ, հետ կանգնենք այս պատմական սխալից»

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան՝ ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը Պոլսում լոյս տեսնող հայկական «Ակօս»-ում յօդւած է հրապարակել: Ինչպէս տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ նա անդրադարձել է «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթը մեջլիսում արտաբերելու համար իր դէմ կայացւած որոշմանը, համաձայն որի` նա զրկւել է 3 նիստի մասնակցելու իրաւունքից:

Կարօ Փայլանն «Ակօս»-ում յօդւած է հրապարակել

«ԱԼԻՔ» - Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան՝ ազգութեամբ հայ պատգամաւոր Կարօ Փայլանը Պոլսում լոյս տեսնող հայկական «Ակօս»-ում յօդւած է հրապարակել: Ինչպէս տեղեկացնում է «yerkir.am»-ը՝ նա անդրադարձել է «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթը մեջլիսում արտաբերելու համար իր դէմ կայացւած որոշմանը, համաձայն որի` նա զրկւել է 3 նիստի մասնակցելու իրաւունքից:

Փայլանն իր յօդւածում ներկայացրել է իր ելոյթի մանրամասները եւ դրա նպատակը:

«Նախորդ շաբաթ Բեռլինում էի՝ Հրանտ Դինքի յիշատակին նւիրւած համաժողովին մասնակցելու: Համաժողովի յաջորդ օրը հանդիպում ունէի Գերմանիայի խորհրդարանի մի խումբ պատգամաւորների հետ: Ռէյխստագի շէնք, որտեղ գտնւում է խորհրդարանը, մտնելիս լսեցի դաշնամուրի շատ հաճելի ձայն: Դռան մօտ ինձ դիմաւորողներին հարցրեցի՝ ձայնը որտեղի՞ց է գալիս: Պատասխանեցին՝ գլխաւոր խորհրդից: Չդիմացայ եւ գլխաւոր խորհրդի դահլիճի՝ հանդիսատեսի համար նախատեսւած հատւածից հայեացքս ներս գցեցի: Ինձ ասացին, որ այդ օրը հրեաների ցեղասպանութեան յիշատակին նւիրւած ծրագիր կայ: Խորհրդարանը լեցուն էր: Բոլոր պատգամաւորները, կանցլեր Անգելա Մերկէլն ու նախարարները ներկայ էին դահլիճում: Բոլորը Հոլոքոստին նւիրւած այս յուշ-ծրագրի դաշնամուրային համերգին ու ելոյթներին յոտնկայս ծափահարեցին:

Ի՞նչ ասեմ, երանի տւեցի… Գերմանիայի խորհրդարանը յիշում էր ոչ վաղ անցեալում նացիստական կառավարութեան կողմից իրականացւած մեծ մեղքի զոհերին: Իսկ ես գալիս էի լրիւ այլ մթնոլորտից` իմ այն երկրից, որը չի առերեսւում երեկւայ հալածանքների հետ, եւ որտեղ անտարբերութեան մթնոլորտում  շարունակւում են հալածանքները… Յուզւեցի իմ երկրի համար, աչքերս թաց` գնացի հանդիպման…

Դեռեւս վերջերս` ընդամենը մէկ շաբաթ առաջ, սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ իմ ելոյթի ժամանակ Օսմանեան կայսրութեան ժամանակահատւածում իմ ժողովրդի գլխին եկածներին անդրադառնալիս վռնդւել էի Մեջլիսից: Ինձ, լինելով հայ պատգամաւոր, չէր թոյլատրւած խօսել 102 տարի առաջւայ մեղքերի մասին, մինչդեռ գերմանացիները՝ ձախակողմեաններով, աջակողմեաններով եւ ընդդիմությունով, թեւ թեւի եւ մեծ ինքնավստահութեամբ առերեսւում են սեփական պատմութեան հետ: Եւ ոչ ոք չի մտածում, թէ «գերմանացի» ինքնութիւնը նւաստացւում է:

 

Օտեանի գրած Սահմանադրութիւնը

Իսկ Թուրքիայում օրեցօր դժւարանում է բացել պատմութեան թերթիկները: Տեսէք, թէ դա ինձ հետ ինչպէս պատահեց: Բեռլինում յիշատակի միջոցառումից մէկ շաբաթ առաջ Թուրքիայի Ազգային մեծ մեջլիսում սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ իմ ելոյթը սկսեցի «կանգնած ենք լուրջ սխալ անելու եզրին» բառերով: Ասացի, որ «մեր համատեղ հայրենիքում իւրաքանչիւր ոք կարոտ է «իմ Սահմանադրութիւնը» ասել հաւաքական համաձայնագրի»: Նպատակս պատգամաւորներին Օսմանեան սահմանադրութեան վերաբերեալ քննարկումների օրերն ու այդ ժամանակւայ սխալները յիշեցնելն էր: Իրականում Թուրքիայում շատ քչերը գիտեն, որ 1876 թւականի առաջին մեր Սահմանադրութիւնը գրւել է բազմանդամ յանձնաժողովի կողմից եւ մեծամասնութեան համաձայնութեամբ, նաեւ այն մասին, որ այն գրել է Գրիգոր Օտեանը: Այս Սահմանադրութիւնը Ամդուլ Համիդի կողմից յետաձգւել է, եւ մինչեւ 1908 թւականը սկսւել է բռնապետական ժամանակահատւածը: յետոն արդէն յայտնի է… Դեմոկրատական որոնումներ, Թալեաթ եւ Էնւէր փաշաների յեղաշրջում եւ մեծ աւեր…

Այսօր Մեջլիսում քննարկւող Սահմանադրութեան նախագիծը «Ազգայնական շարժում» կուսակցութեան կողմից սահմանւում է որպէս «թուրքի  Սահմանադրութիւն»: Սա ինձ սարսափեցնում է, քանի որ այդ ժամանակներում էլ Թալեաթ եւ Էնւէր փաշաները նման տրամաբանութեամբ փորձեցին թուրքի Սահմանադրութիւն կիրառել` քաղաքացիներից ոմանց ընդունեց, ոմանց արհամարհեց, ոմանց էլ ոչնչացրեց: 1913-1923 թւականներն անցան մեծ սպանութիւններով, ցեղասպանութիւններով: Կորցրեցինք հայ, ասորի, յոյն եւ հրեայ ժողովուրդների մեծ մասին:

Երբ այս մասին ասացի Մեջլիսում, աղմուկ բարձրացաւ: «Ցեղասպանութիւն» բառն օգտագործելու պատճառով խորհրդարանի պատմութեան մէջ չտեսնւած պատիժ ստացայ` զրկւեցի սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ 3 նիստի մասնակցելու իրաւունքից: Ամբիոնից ունեցած իմ ելոյթը հեռացւեց Մեջլիսի զեկոյցներից:

Յաջորդ օրը կատարւածի մասին համացանցում կարդացած շատ բարեկամներ ասացին. «Կարօ', դու ճիշտ ես, սակայն հիմա ժամանա՞կն է Ցեղասպանութեան մասին քննարկումներ անելու: Երկիրը հաստատուն քայլերով գնում է դէպի բռնատիրական ռեժիմ»: Սա հասկանալի էր, քանի որ ամբողջ մեդիան ողողւած էր իմ՝ «Ցեղասպանութիւն» ասելու վերաբերեալ նիւթերով: ԶԼՄ-ների հետ զրոյցում իմ ծանօթներից երկուսն էլ ելոյթս որակել էին «ոչ տեղին եւ ոչ ժամանակին»: Զարմացել էի: Նման ժամանակներում վարանումներ լինում են, վախի եւ անհանգստանալու զգացողութիւնը հասկանալի է:

 

«Լաւ, դուք որոշեք դրա անունը»

Բայց իմ նպատակն իրականում Մեջլիսի աժիոտաժում ամբիոն բարձրանալն ու անպայման «Ցեղասպանութիւն» ասելը չէր: Ես այդ ամբիոնից արդէն իսկ բազմիցս ասել եմ` Ցեղասպանութիւն կամ Հայոց Ցեղասպանութիւն: Ոչ մի խնդիր չառաջացաւ: Այս անգամ էլ, ինչպէս միշտ, ինքնաբուխ կերպով ցեղասպանութիւն որակեցի իմ ազգի հետ պատահած աղէտը: Բայց այս անգամ վիրաւորանքներ եւ ճգնաժամ… Առարկողներին ասացի՝ լաւ, դրա անունը դուք որոշէք:

Նոյն գիշեր «Ազգայնական շարժում» կուսակցութիւնը «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը սպառնաց. «Եթէ Կարոյին չհանէք Մեջլիսից, չենք աջակցի սահմանադրական փոփոխութիւնների նախագծին»: Այդպիսով` դուրս հանւեցի Մեջլիսից՝ ԱԶԿ-ի, ԱՇԿ-ի եւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան քւէարկութեամբ: Դատապարտւել էի ազգայնամոլ ճակատի քաղաքական ինքնադատաստանով:

Բայց իմ նպատակն իրականում բանավէճը չէր, այլ անցյալից դաս քաղելն ու այս հողերում նոյն սխալները չկրկնելը հնարաւոր դարձնելն էր: Ցանկացայ բացատրել, թէ Օսմանեան կայսրութեան վերջին ժամանակահատւածում սահմանադրական փոփոխութիւնների գործընթացը հաւաքական ժողովրդին ինչպէ՞ս մղեց դէպի մենիշխանութեան մտածելակերպի, ինչպիսի՞ բացթողումների եւ աղէտների մղեց մենիշխանութեան ռեժիմը, եւ թէ ի՞նչ իմաստ ունի այն մեզ`2017 թւականին Սահմանադրութիւն ստեղծելու ջանքեր գործադրողի համար:

Ես լաւ գիտեմ, որ մեծ հօրս հետ կատարւածները եւ Անատոլիայում տեղի ունեցած մեծ աղէտները մեզ նման քաղաքական գործիչների սխալների արդիւնքն են: Մեջլիսը վերացնել փորձող համակարգը կը ստեղծի այն սարսափելի իրավիճակը, որը ստեղծւեց Թալեաթի եւ Էնւէրի կողմից Մեջլիսը վերացնելուց յետոյ: Սահմանադրութիւն ձեւաւորելու նոր գործընթացը կառաւարումն ու ուժը կապում է մէկ մարդու հետ, միանձնեայ գաղափարախօսութիւն պարտադրում: Սա կը հանգեցնի այն ժամանակ տեղի ունեցած արհաւիրքների կրկնութեանը:

Սա տեսնելով` չբարձրաձայնելը այս երկրում, այս հողերում համատեղ ապրող ժողովուրդների նկատմամբ դաւաճանութիւն չէ՞:

 

Մենք կարող ենք միասին յաղթել

Մտահոգ եմ: «Թուրքի սահմանադրութիւն» ստեղծելու այդ գործընթացը դեռ չսկսած՝ քուրդ պատգամաւորների զգալի մասին (խմբ.-ԺԴԿ համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգէն Իւքսեքդաղը, նաեւ մի քանի պատգամաւորներ շարունակում են մնալ բանտում) մեծ ախորժակով բանտ ուղարկած եւ գաղտնի քւէարկելու համարձակութիւն անգամ չունեցող Մեջլիսի բոլոր իրաւասութիւնները մէկ անձի վստահելը լաւ արդիւնքներ չի ծնի:

Տեսէք, քրիստոնեայ եւ հրեայ հասարակութիւնները օսմանեան վերջին ժամանակահատւածում միանձնեայ մտածելակերպի պատճառով Անատոլիայում 40 տոկոսից հասան 1-ի: Մենք մեծ հետեւանքներ կրեցինք, բայց միայն մենք չէ, բոլորը պակասեցին. մի քանի հոգու պատճառով բոլորը պղծւեցին:

Իրականում սարսափելին այն է, որ Թուրքիան վճռական է անցնել այն ճանապարհը, որի մասին սեփական պատմութիւնը նրան զգուշացրել է՝ «յանկարծ չանես» ասելով:

Իմ տեսանկիւնից՝ խնդիրը միայն Մեջլիսում իմ խօսքի ազատութեան ոտնահարումը չէ կամ ընտրւած կամքի դէմ անհարգալից վերաբերմունքն ու «այդ բառը» օգտագործել-չօգտագործելը: Իհարկէ, դրանք էլ են կարեւոր, սակայն սարսափելին այն է, որ Թուրքիան վճռական է անցնել այն ճանապարհը, որի մասին սեփական պատմութիւնը նրան զգուշացրել է՝ «յանկարծ չանես» ասելով: Ազգային հաշտեցման միջոցի վերածւած անհանդուրժողականութիւն եւ կայունութեան ու վերահսկողութեան արգելակ չունեցող աւտորիտար ռեժիմի՝ հաստատուն քայլերով սողացող իրավիճակ…

Նոր ժամանակաշրջանի անտեսւած անձինք կա'մ լռելու են, կա'մ` ըմբոստանալու, կա'մ էլ` արտագաղթելու: Ինչպէս տեղի ունեցաւ 100 տարի առաջ… Այդ ամթնը վնաս կը պատճառի այս երկրին, կը պակասեցնի այս երկիրը: Կը թեւակոխենք այնպիսի ժամանակաշրջան, որ բոլորս միասնաբար կը կորցնենք:

Թէեւ միասնաբար կարող ենք յաղթել:

Մեր այս ցաւոտ հողերը, որոնց 10 տարի առաջ յանձնացինք Հրանտ Դինքին, այսօր ապրում են աղաւնու վախւորածութիւնը (խմբ.- մէջբերում է Հրանտ Դինքի յօդօածներից մթկը): Մենք՝ հայերս, դա շատ լաւ գիտենք: Դրա համար էլ ձեզ՝ մեծամասնութեանդ, կոչ եմ անում՝ եկէք հետ կանգնենք այս պատմական սխալից, քանի դեռ ուշ չէ:

Թարգմանութիւնը՝
ԱՐԱԶ ԳԱՅՄԱԳԱՄԵԱՆԻ

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։