Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Մարտի 2017 09:10

ՀՀ նախագահը հանդիպել է ՌԴ նախագահի եւ վարչապետի հետ

Սերժ Սարգսեանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ-ի հիմնախնդրի կարգաւորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրաւէրների շուրջ:

«alikonline.ir» - Ռուսաստանի Դաշնութիւն կատարած պաշտօնական այցի շրջանակում, երէկ՝ մարտի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ վարչապետ Դմիտրի Մեդւեդեւի հետ: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:

Ռազմավարական գործընկեր երկու պետութիւնների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով յարաբերութիւնների օրակարգին եւ համագործակցութեանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարբեր ոլորտներում բարձր մակարդակով ձեռքբերւած պայմանաւորւածութիւնների իրականացման ընթացքին:

Սերժ Սարգսեանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են ԼՂ-ի հիմնախնդրի կարգաւորման գործընթացը, մտքեր փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային արդի խնդիրների ու մարտահրաւէրների շուրջ:

Նշենք, որ հանդիպման աւարտին կայացել է երկու երկրների ղեկավարների համատեղ մամլոյ ասուլիսը, որի ընթացքում Սերժ Սարգսեանն ու Վլադիմիր Պուտինն անդրադարձել են ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորմանը:

«Ռուսաստանը շարունակում է ամէն կերպ աջակցել հակամարտութեան` փոխընդունելի լուծումների որոնմանը` ինչպէս ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակում, այնպէս էլ Երեւանի եւ Բաքւի հետ ուղիղ շփումների շրջանակում»,- ասել է Պուտինը:

Սարգսեանը նշել է, Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի, ինչպէս նաեւ ԵԱՀԿ ՄԽ-ի միւս համանախագահների ներդրումը խնդրի` բացառապէս խաղաղ կարգաւորման հարցում:

«Կայացած բանակցութիւնների ընթացքում դարձեալ ընդգծւել է հրադադարի պահպանման վերաբերեալ 1994-1995 թթ. անժամկէտ եռակողմ համաձայնագրերի կատարման կարեւրութււնը: Նշւել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կատարման կարեւորութիւնը: Մենք միակարծիք ենք, որ ուժի վտանգը կամ դրա կիրառումը բացարձակապէս անթոյլատրելի են եւ վնասում են խաղաղ գործընթացին»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսեան-Դմիտրի Մեդւեդեւ հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ բոլոր ուղղութիւններով առկայ փոխգործակցութեան ընթացքին, ամփոփել մինչ այժմ իրականացւած աշխատանքների արդիւնքներն ու քննարկել առեւտրատնտեսական համագործակցութեան ընդլայնման հնարաւորութիւնները:

Հայ-ռուսական երկկողմ յարաբերութիւններից բացի, Սերժ Սարգսեանը եւ Դմիտրի Մեդւեդեւն անդրադարձել են նաեւ ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցութեան մեխանիզմների արդիւնաւետ կիրառման հարցերին: ՀՀ նախագահը եւ ՌԴ վարչապետը մտքեր են փոխանակել այլ պետութիւնների հետ ԵԱՏՄ համագործակցութեան զարգացման հեռանկարի եւ այդ ուղղութեամբ ՀՀ-ի եւ ՌԴ-ի կողմից իրականացւող քայլերի շուրջ: Հայաստանի եւ Ռուսաստանի հաղորդակցութեան ուղիների դիւերսիֆիկացման հարցերը եւս եղել են նախագահ Սարգսեանի եւ վարչապետ Մեդւեդեւի քննարկման առանցքային թեմաների շարքում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ապրիլի 24-ի առիթով իր ելոյթում կարտասանի՞ արդեօք Թրամփը Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։