Բազմաթիւ երկրներ արդէն արձագանգել են ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծմանը՝ մի մասը քննադատելով, միւսներն էլ ողջունելով այդ քայլը:
«alikonline.ir» - Բազմաթիւ երկրներ արդէն արձագանգել են ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծմանը՝ մի մասը քննադատելով, միւսներն էլ ողջունելով այդ քայլը: Տեղեկացնում է «tert.am»-ը:
«Reuters»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Իրանը խստօրէն դատապարտել են յարձակումը՝ այն որակելով «վտանգաւոր եւ ապակառուցողական»:
Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ տեղի ունեցածն «ինքնավար պետութեան դէմ ուղղւած ագրեսիա է եւ հորինած պատճառով միջազգային իրաւունքի նորմերի խախտում»:
Ըստ ՌԴ-ի նախագահի՝ Վաշինգտոնի քայլն էական վնաս կը հասցնի առանց այդ էլ շատ վատ վիճակում գտնւող ռուս-ամերիկեան յարաբերութիւններին:
Մինչդեռ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան մամուլի խօսնակ Բահրամ Ղասեմին նշել է, որ նմանօրինակ միակողմանի հարւածները խստագոյնս դատապարտւում են Իրանի կողմից:
«Նման գործողութիւնները կամրապնդեն ահաբեկիչների դիրքերը Սիրիայում ու կը բարդացնեն ամբողջ իրադրութիւնը տարածաշրջանում»,- նշել է Ղասեմին:
Աւիահարւածին դրական արձագանգտւած երկրների շարքում են Մեծ Բրիտանիան, Աւստրալիան, Թուրքիան, Իսրայէլը, Ֆրանսիան, Սաուդական Արաբիան, Լեհաստանն ու Ինդոնեզիան:
«Միացեալ Թագաւորութիւնը միանգամայն աջակցում է ԱՄՆ-ի գործողութեանը, որը համարժէք պատասխան էր սիրիական ռեժիմի կողմից իրականացւած քիմիական յարձակմանը»,- յայտնել է Մեծ Բրիտանիայի կառավարութեան խօսնակը:
Աւստրալիայի վարչապետ Մալքոլմ Թըրնբուլը նշել է, որ «ԱՄՆ-ի հարւածները յստակ մեսիջ յղեցին, որ աշխարհը չի հանդուրժի քիմիական զէենքի կիրառումը»:
Թուրքիան եւս դրական գնահատական է տւել միջադէպին: Մասնաւորապէս՝ երկրի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշն ասել է, որ «միջազգային հանրութիւնը պէտք է դիմակայի Սիրիայի կառավարութեան բարբարոսութիւններին»: