Հա

Քաղաքական

Կիրակի, 16 Ապրիլի 2017 09:10

Դէպի ո՞ւր է գնալու Թուրքիան

Եթէ նոր Սահմանդրութիւնն ընդունւի, ապա էականօրէն կընդլայնւեն նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազօրութիւնները: Նա կստանայ կառավարութեան կառուցւածքը փոխելու, խորհրդարանը լուծարելու, բիւջէ կազմելու, օրէնքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, արտակարգ դրութիւն յայտարարելու եւ բարձրաստիճան դատաւորներին նշանակելու իրաւունք:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

 

Ապրիլի 16-ը վճռորոշ օր է Թուրքիայի Հանրապետութեան համար:

Թուրքիայում, այսօր, անցկացւելու է սահմանադրական հանրաքւէ, որն էլ վճռելու է երկրի կառավարման հետագայ ընթացքը:

Եթէ նոր Սահմանդրութիւնն ընդունւի, ապա էականօրէն կընդլայնւեն նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի լիազօրութիւնները: Նա կստանայ կառավարութեան կառուցւածքը փոխելու, խորհրդարանը լուծարելու, բիւջէ կազմելու, օրէնքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, արտակարգ դրութիւն յայտարարելու եւ բարձրաստիճան դատաւորներին նշանակելու իրաւունք:

Թուրքիայի հարցերով անկախ փորձագէտների կարծիքով՝ հանրաքւէի դրական ելքի պարագայում երկիրը կը գնայ աւտորիտարիզմի՝ մէկ անձի դիկտատուրայի ամրապնդման ճանապարհով, թաւալգլոր գահավիժելով դէպի բռնապետութեան անդունդը:

Ըստ նրանց՝ դա նախագահ էրդողանին եւ  «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը հնարաւորութիւն կընձեռի ներքաղաքական ասպարէզում որոշակիօրէն սահմանել տոտալ վերահսկողութիւն, աւելացնել բռնաճնշումները, կտրուկ սահմանափակել քաղաքացիական ազատութիւններն ու իրաւունքները:

Իսկ արտաքին ասպարէզում, ակնյայտ է, որ կը լինեն որոշակի վերաշեշտադրումներ, որոնք, մասնաւորապէս, կարտացոլւեն ԵՄ-ի հետ յարաբերութիւններում՝ դիւանագիտական եւ քաղաքական շրջանակում նոր լարւածութեան պատճառ դառնալով:

Կարելի է ենթադրել, որ այդ լարւածութեան առաջին զոհը կը դառնայ ԵՄ-ին անդամակցութեան Թուրքիայի արդէն իսկ մշուշոտ հեռանկարը:

Սա, միանշանակօրէն, այնքան էլ ձեռնտու չէ Թուրքիայի իշխանութիւններին, քանզի նրանց համար Եւրոպան շարունակում է մնալ կենսական այն տարածքը, որտեղ թուրքերը յոյս ունեն ձեռք բերել նոր կարգավիճակ միջազգային ասպարէզում:

Այս համատեքստում, տրամաբանական հարց է ծագում, թէ ի՞նչ է սպասւում ապագայում, եթէ, իհարկէ, հանրաքւէում յաղթեն «Evet»-ի (թուրքերէն՝ այո) կողմնակիցները:

Պատասխանը, կարծում ենք, թէ միանշանակ է. Թուրքիան կը դառնայ առաւել ագրեսիւ ու անհանդուրժող պետութիւն:

Այդ վիճակից կարող են գոհ մնալ առաջին հերթին Ռուսաստանն ու յատկապէս ԱՄՆ-ն, որոնք, հաւանաբար, կստանան Թուրքիայի վրայ ազդելու յաւելեալ դիւիդենտներ:

Ինչ վերաբերում է անմիջական հարեւանների հետ յարաբերութիւններին, ապա նման միտումները միանշանակօրէն չեն կարող բացասական չանդրադառնալ Թուրքիայի՝ դրկիցների հետ յարաբերութիւնների վրայ, յատկապէս Իրանի, Սիրիայի եւ Հայաստանի կտրւածքով:

Չի կարելի չհամաձայնւել փորձագիտական այն մտքի հետ, համաձայն որի՝ միջազգային հանրութեանը, յատկապէս Թուրքիայի հարեւաններին, միանշանակ ձեռնտու է գործ ունենալ այնպիսի երկրի հետ, որտեղ ընթանում են ժողովրդավարական գործընթացներ եւ կան աւելի կանխատեսելի իշխանութիւններ: Սակայն, ըստ երեւոյթի, Թուրքիան որոշել է ընթանալ տրամագծօրէն հակառակ ուղղութեամբ:

Չմոռանա՛նք. դէպի աւտորիտարիզմ գնացող Թուրքիայում, կտրուկ մեծանալու է իշխանութիւնների անկանխատեսելիութիւնը, իսկ դա միանշանակօրէն չի բխում ոչ մէկի շահերից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։