Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 14:40

Էրդողանին «Ոչ» են ասել Թուրքիայի մեգապոլիսներն ու քրդաբնակ շրջանները, «Այո»-ն յաղթել է երկրի կենտրոնական հատւածում

Թուրքիայում նախօրէին կայացած սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէի ժամանակ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտայայտւել հիմնականում երկրի կենտրոնական նահանգներում, որոնք առանձնանում են իրենց ագզայնական տրամադրութիւններով:

«alikonline.ir» - Թուրքիայում նախօրէին կայացած սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէի ժամանակ կառավարման նախագահական համակարգին կողմ են արտայայտւել հիմնականում երկրի կենտրոնական նահանգներում, որոնք առանձնանում են իրենց ագզայնական տրամադրութիւններով: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Բացի այդ, նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը զգալի աջակցութիւն է ստացել հայրենի Ռիզէում (պատմական Համշենի մի մասը -«tert.am»), ինչպէս նաեւ կրօնամոլ հայեացքներով աչքի ընկնող Էրզրումի բնակիչների կողմից:

Յիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումներին Թուրքիայում կողմ է քւէարկել 51.3 տոկոսը, դէմ` 48.55-ը: Հանրաքւէին մասնակցութեան յայտը կազմել է 84 տոկոս:

«Այո» քւէարկողները գերակշիռ մեծամասնութիւն են կազմել երկրի հետեւեալ նահանգներում.

Բայբուրթ - 81.87 տոկոս

Աքսարայ - 77.92 տոկոս,

Չանքըրը - 76.93 տոկոս,

Քոնիա - 75.98 տոկոս,

Քութահեա -76.13 տոկոս,

Ռիզէ - 75.94 տոկոս,

Եոզղատ - 75.82 տոկոս,

Գիւմուշհանէ - 75.11 տոկոս,

Էրզրում - 74.98 տոկոս,

Մարաշ - 74.64 տոկոս։

Իշխանութիւնների առաջարկած սահմանադրական փոփոխութիւնները խիստ հակազդեցութեան են արժանացել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում եւ այլուր: Էրդողանին դէմ են նաեւ քրդաբնակ շրջանների մեծ մասում: Ռեկորդային քանակով «Ոչ»-ը յաղթել է յատկապէս Դերսիմում, Շըրնաքում եւ Հաքքարիում, որտեղ թուրքական ԶՈՒ-ն անցած տարի ինտենսիւօրէն պայքարում էր քուրդ գրոհայինների դէմ:

Էրդողանի լիազօրութիւնների ընդլայնմանը կտրուկ «Ոչ» են ասել հետեւեալ նահանգների բնակիչները.

Թունջելի (Դերսիմ) - 78.49 տոկոս «Ոչ»,

Քըրքլալելի - 70.18 տոկոս,

Էդիրնէ - 65,98 տոկոս,

Շըրնաք - 68.61 տոկոս,

Հաքքարի - 66.14 տոկոս,

Դիարբեքիր - 65.55 տոկոս,

Իգդիր - 63.41 տոկոս,

Մուղլա -  63.18 տոկոս,

Իզմիր - 63,11 տոկոս,

Թեքիրդաղ - 59.81 տոկոս։

Տւեալները ներկայացւած են՝ ըստ թուրքական «Cumhuriyet» պարբերականի։

Սահմանադրական փոփոխութիւնների վերաբերեալ հանրաքւէին այս տարի գրանցւել է մասնակցութեան բավականին բարձր ցուցանիշ: Ըստ թուրքական լրատւամիջոցների` հանրաքւէին մասնակցել են ընտրութեան իրաւունք ունեցող 55.3 միլիոն քաղաքացիների 84 տոկոսը:

52 մլն. 465 հազ. 971 քւէաթերթիկներից 51 մլն. 322 հազ. 138-ը համարւել են վաւեր:

 

Յ.Գ. ներկայացւած քարտէզում նարնջագոյնով նշւած են «Այո» քւէարկած նահանգները, մանուշակագոյնով` «Ոչ» քւէարկածները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։