Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 17 Ապրիլի 2017 18:31

Ստամբուլի հայաշատ թաղամասերում Էրդողանի լիազօրութիւնների ընդլայնման դէմ քւէարկողները մեծամասնութիւն են

Թուրքիայի թիւ մէկ մեգապոլիսի հայաշատ թաղամասերում, սակայն, հակառակ ցուցանիշներն են գրանցւել: Հայաշատ Բեշիքթաշում, Քադըքեոյում, Շիշլիում ու Բաքըրքեոյում «Ոչ»-ը հիմնականում գերազանցել է 70-80 տոկոսը

«alikonline.ir»- Նախօրէին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէի ժամանակ թէեւ իշխանութիւնների կողմից առաջարկւած նախագծի իրականացման համար անհրաժեշտ ձայների քանակն ապահովւած է` յայտնի է, որ առաջարկւող կառավարման նախագահական համակարգին դէմ են քւէարկել Թուրքիայի խոշոր քաղաքներում` Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Անթալիայում եւ այլուր: 

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը 51.35 տոկոսով պարտութիւն կրեց նաեւ Ստամբուլում, որի քաղաքապետն է եղել տարիներ առաջ: 

Ստամբուլում ընտրութեան իրաւունք ունեցող 10 մլն. 529 հազար 30 քաղաքացիներից հանրաքւէին մասնակցել են  9 մլն. 340 հազար 205 մարդ: 

Էրդողանն այստեղ լայն աջակցութիւն է վայելել Սուլթանբէյլի, Էսենլէր, Փենդիկ, Չաթալջա թաղամասերում: «Այո»-ի ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Սուլթանբէյլին, որտեղ, գերակշռում են սիրիացի ներգաղթեալները:

Թուրքիայի թիւ մէկ մեգապոլիսի հայաշատ թաղամասերում, սակայն, հակառակ ցուցանիշներն են գրանցւել: Հայաշատ Բեշիքթաշում, Քադըքեոյում, Շիշլիում ու Բաքըրքեոյում «Ոչ»-ը հիմնականում գերազանցել է 70-80 տոկոսը:

Ստամբուլի կղզիներում, որտեղ գերակշռում է հայ, յոյն եւ հրեայ բնակչութիւնը կառավարման նախագահական համակարգին դէմ է քւէրակել բնակիչների 73.67 տոկոսը:

Բաքըրքեոյում եւ Շիշլիում «Ոչ» են քւէարկել ընտրողների համապատասխանաբար 77.73 եւ 71.79 տոկոսը:


Բեշիքթաշում Էրդողանի լիազօրութիւնների ընդլայնմանը դէմ է բնակիչների 82.91 տոկոսը, իսկ Քադըքեոյում` 80.60 տոկոսը:

Ստամբուլում ընտրական յանձնոժողովի անդամ, իրաւապաշտպան Սեննուր Բայբուղան «tert.am»-ի հետ զրոյցում նշեց, որ Ստամբուլում եւ ամբողջ երկրի տարածքում ընտրախախտումները սովորականից շատ են եղել, իսկ իշխանութիւնների օգտին աշխատած չկնքւած թերթիկների վերահաշւարկի դէպքում յաղթանակ կը տօնէր «Ոչ»-ը:

«Ստամբուլում` անգամ այն շրջաներում, որտեղ Էրդողանը նախկինում զգալի քանակով ձայներ էր հաւաքում, նախօրէին իրավիճակը բոլորովին այլ էր: Անգամ Ուսքիւդարի պէս իշխանամէտ վայրում 80 տոկոս «Ոչ» կայ: Անկարայում, Իզմիրում իրավիճակը յայտնի է... Այն պարագայում, երբ բազմաթիւ նահանգներում իշխանութիւնը բաւականին շատ ձայներ կորցրեց` «Այո»-ի յաղթանակը ամենապարզ մաթեմատիկական հաշւարկով հէնց սկզբից անտրամաբանական էր թւում», - նշում է Բայբուղան:


Իրաւապաշտպանը համոզւած է, որ նոյնիսկ այս արդիւնքը իշխանութիւնների սրտով չէ եւ բարոյահոգեբանական իմաստով «Ոչ»-ը յաղթել է:

«Ես ասում եմ այսօր բոլոր զանգահարողներին. հոգեբանական ճնշումը ձեր ձեռքում է, դուք յաղթեցիք, առաջ քայլեք»,- եզրափակում է իրաւապաշտպանը:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս կազդի Իրաքեան Քուրդիստանի անկախութեան հանրաքւէն տարածաշրջանի վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։