Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 18 Ապրիլի 2017 09:30

Թուրքագէտ. «Էրդողանը վտանգաւոր յաղթանակ է տարել»

Իշխանութիւնների կողմից նախընտրական քարոզչութեան ընթացքում «ոչ»-ի կողմնակիցներին դաւաճան, ահաբեկիչ ու լրտես անւանելը երկրում խորացրել էր «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցների միջեւ լարւածութիւնը, եւ այժմ, երբ ընտրութեան արդիւնքները խիստ վիճահարոյց են, երկրում աճել է բախումների ու խժդժութիւնների վտանգը։

«alikonline.ir» - Թուրքիայում սահմանադրական փոփոխութիւնների հանրաքւէի արդիւնքներից յետոյ Թուրքիային սպասւող ներքին ու արտաքին փոփոխութիւնները  «news.am»-ին մեկնաբանել է թուրքագէտ Անդրանիկ Իսպիրեանը։

Էրդողանին նախագահական լայն լիազօրութիւններ տւող սահմանադրութեան փոփոխութեան հանրաքւէի վիճելի արդիւնքները թէեւ յաղթանակ են Էրդողանի համար, սակայն վերջինս գոհ չէ նման ցուցանիշով «այո» ստանալ։ Փաստացի երկրի կէսը դէմ է Էրդողանի նկրտումներին։ Իշխանութիւնների կողմից նախընտրական քարոզչութեան ընթացքում «ոչ»-ի կողմնակիցներին դաւաճան, ահաբեկիչ ու լրտես անւանելը երկրում խորացրել էր «այո»-ի ու «ոչ»-ի կողմնակիցների միջեւ լարւածութիւնը, եւ այժմ, երբ ընտրութեան արդիւնքները խիստ վիճահարոյց են, երկրում աճել է բախումների ու խժդժութիւնների վտանգը։

Էրդողանը, չնայած յաղթանակին, ստիպւած է զգուշաւոր քայլեր իրականացնել՝ զանգւածային բողոքի ցոյցերից ու դրան հետեւող անցանկալի միջադէպերից խուսափելու համար։ Էրդողանի համար խիստ անհանգստացնող է նաեւ այն, որ Թուրքիայի 15 մլն. բնակչութեամբ Ստամբուլը, 5 մլն. բնակչութեամբ Անկարան ու 4 մլն. բնակչութեամբ Իզմիրը դէմ են քւէարկել իրեն։ Փաստացի, ընտրութիւններում գրեթէ 50 տոկոս ունեցող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութիւնը եւ նրա հետ ժամանակաւոր դաշինք կազմած եւ ընտրութիւններում 14 տոկոս հաւաքած «Ազգայնական շարժումը» միասին  հանրաքւէին հաւաքեցին 51 տոկոս, այսինքն իրենց ընտրազանգւածի առնւազն 13 տոկոսը դէմ է եղել իրենց նախաձեռնութեանը՝ Թուրքիան վերածել նախագահական լայն լիազօրութիւններով երկրի։

Այս պայմաններում Էրդողանի համար միակ գերադասելի ճանապարհը լինելու է արագ լիցքաթափել ներքին լարւածութիւնը, որը հասարակութեանը երկու մասի է բաժանել։ Այս վախն էլ ստիպել է Էրդողանին երկարաձգել երկրում արտակարգ դրութիւնը, ինչը հնարաւորութիւն է տալու սահմանափակել բողոքի ակցիաներն ու ցոյցերը՝ ընդհուպ մինչեւ ռազմական միջամտութիւն։

Նման արդիւնքներով յաղթանակ տանելը Էրդողանին դժւարին դրութեան մէջ է դնելու նաեւ արտաքին քաղաքականութեան մէջ քայլեր անելուց։ Վերջին շրջանում Գերմանիայի ու Հոլանդիայի կողմից Թուրքիայի իշխանութիւնների նկատմամբ խիստ քայլերն ու յայտարարութիւնները Էրդողանին կստիպեն փորձել կարգաւորել յարաբերութիւնները ԵՄ-ի հետ։  Էրդողանը գնալու է այդ քայլին, քանի որ վերջին ամիսներին ՌԴ-ի հետ ջերմացած յարաբերութիւնները ԱՄՆ-ի կողմից Սիրիայում աւիաբազան հրթիռակոծելուց յետոյ սկսել են խարխլւել, քանի որ Թուրքիան անմիջապէս աջակցութիւն յայտնեց ԱՄՆ-ին։

Իր համար երկար սպասւած նախագահական համակարգին անցնելը ապահոված Էրդողանը տարիներ անց նախագահի աթոռին նստելն ապահովելու, երկիրը միանձնեայ ղեկավարելու համար պէտք է արտաքին քաղաքականութեան մէջ «ռեսթարթ» անի՝ այս ընթացքում երկրի ներսում ու դրսում իր համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Խորհրդարանը կը վստահի՞ արդեօք 12-րդ կառավարութեան կազմին:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։