Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017 10:30

Թուրքիայում մարդու իրաւունքների միութիւն. Վերջ Հայոց Ցեղասպանութեան հերքմանը

«Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի օրը՝ 2017 թ. ապրիլի 24-ին, մենք՝ «Մարդու իրաւունքների միութեան» բոլոր ներկայացուցիչներս, միաձայն եւ միաժամանակ ողջ ուժով բարձրաձայնում ենք. «ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԷՆ: ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՎԵՐՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՐՔՄԱՆԸ»,- ասւած է յայտարարութեան մէջ:

«alikonline.ir» - Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի կապակցութեամբ Թուրքիայի «Մարդու իրաւունքների միութիւնը» (ՄԻՄ-İHD) հանդէս է եկել գրաւոր յայտարարութեամբ: Գրում է «yerkir.am»-ը: 

Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած է. «Համաձայն Ստամբուլի Հայոց պատրիարքարանի տւեալների՝ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Օսմանեան կայսրութիւնում շուրջ 2 մլն. հայ էր բնակւում: Արեւմուտքից մինչեւ արեւելք, հիւսիսից` հարաւ, այսինքն՝ Փոքր Ասիայի ամէն մի անկիւնում 2.925 հայկական բնակավայր կար՝ քաղաքներ, գիւղեր, աւաններ: Այդ բնակավայրերում բնակւող հայ համայնքն ուներ 1.996 դպրոց, 173.000 աշակերտ, 2.538 եկեղեցի ու վանական համալիր: 

1915 թ. սկսւած Ցեղասպանութեան ընթացքում եւ դրանից յետոյ, իսկ այնուհետեւ՝ հանրապետական գործիչների վարած քաղաքականութեան արդիւնքում այդ բնակավայրերից ոչ մէկը կանգուն չմնաց: Իսկ կանգուն մնացածներն էլ արդէն հայկական բնակավայրեր չեն: Ենթադրաբար շուրջ 60.000 հոգուց բաղկացած ներկայիս հայ համայնքը կենտրոնացւած է հիմնականում երեք խոշոր քաղաքներում, իսկ ամենաշատը՝ Ստամբուլում: 

Պետութիւնը չսահմանափակւեց` հայերին վերացնելով: Ոչնչացւեցին նաեւ հայերի թողած հետքերը: Այսօր նախկին հայաբնակ վայրերում նրանց հետքերը չէք կարող գտնել: Եկեղեցիները ենթարկւել են ոչ միայն բնութեան տարերքների կործանիչ ազդեցութեանը, այլեւ ռմբակոծւել, պայթեցւել են: 

Անատոլիայում եղած դպրոցներից ոչ մէկն այլեւս գոյութիւն չունի: Ցեղասպանութեան ընթացքում միայն մարդիկ չեն համատարած ոչնչացւել, նրանց դպրոցները, եկեղեցիները, գերեզմանոցները, վանական համալիրները, աշխատավայրերն ու բոլոր հասարակական կառոյցներն են ոչնչացւել: 

Ցեղասպանութիւնը միայն սոսկալի կոտորածներից, դիերով լցւած գետերից, մասնատւած մարդկային մարմիններով լի ձորերի տեսարաններից չի բաղկացած: Ցեղասպանութիւնը մահւանը նախապատւութիւն տալն է, դա այն է, երբ մահը միայն փրկութիւն է, դա մի սարսափելի աքսոր է, որի ընթացքում մարդը դադարում է մարդ լինելուց: Եւ այդ ճանապարհին՝ յարձակումներ, սով, հիւանդութիւններ ու բռնաբարութիւններ: Դա սերնդեսերունդ փոխանցւող խոր ու անբուժելի ցաւ է, աննկարագրելի ու աններելի մի ողբերգութիւն»: 

Կազմակերպութիւնն իր յայտարարութեան մէջ յիշեցնում է նաեւ, որ Ցեղասպանութեան ընթացքում ոչ միայն ոչնչացւել են հայերն ու նրանց մշակոյթը, այլեւ ոճրագործները իւրացրել են հայերի ողջ ունեցւածքը՝ կանխիկ գումարները, թանկարժէք իրերը, գոյքը եւ անգամ՝ բանկային հաշիւները: 

Ըստ ՄԻՄ-ի կատարած հաշւարկների՝ 1915թ. հայերից կողոպտւած գոյքի ընդհանուր արժէքը կազմում է շուրջ 22 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ` մեծ թւով քրիստոնեաներ այն ժամանակ ֆրանսիական եւ ամերիկեան ընկերութիւններում ունեցել են կեանքի ապահովագրութիւններ: Դրանց ընդհանուր արժողութիւնը, ըստ հաշւարկների, գերազանցել է 20 մլն. ԱՄՆ դոլարը: Այն ժամանակւայ Օսմանեան կառավարութիւնը յայտեր է ներկայացրել վերոնշեալ կազմակերպութիւններին՝ տեղեկացնելով, որ այդ մարդիկ մահացել են, իսկ ժառանգներ նրանք չունեն, եւ պահանջել օսմանեան գանձարանին փոխանցել այդ ապահովագրութեան գումարները: 

«Արդէն 102-րդ տարին է՝ Հայոց Ցեղասպանութիւնը հերքւում է: Հերքելը միայն «Ես չեմ արել» ասելը չէ: Հերքում է նաեւ այն, որ յայտարարւում է. «Արել ենք, քանի որ նրանք դրան արժանի էին»: 

«Հայոց Ցեղասպանութեան 102-րդ տարելիցի օրը՝ 2017 թ. ապրիլի 24-ին, մենք՝ «Մարդու իրաւունքների միութեան» բոլոր ներկայացուցիչներս, միաձայն եւ միաժամանակ ողջ ուժով բարձրաձայնում ենք. «ԲԱՎԱԿԱՆ Է ԱՐԴԷՆ: ՅԱՆՈՒՆ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԵՒ ՃՇՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՎԵՐՋ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՀԵՐՔՄԱՆԸ»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։