Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 22 Յունիսի 2017 10:40

Կարօ Փայլան. «Ամէն ինչ կանեմ, որ Թուրքիայի իշխանութիւնները չմիջամտեն Պոլսոյ պատրիարքի ընտրութիւնների անցկացմանը»․

Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի խօսքով՝ ինքը դեռ բաւարարւած չէ Պոլսոյ պատրիարքի ընտրութիւնների կազմակերպման գործընթացից, քանի որ Արամ Աթեշեանը դեռեւս չի հրաժարւել պատրիարքի փոխանորդի իր աթոռից, որպէսզի պատրիարքի ընտրութիւնների կազմակերպման գործընթացն սկսւի:

«alikonline.ir» - Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցութեան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանի խօսքով՝ ինքը դեռ բաւարարւած չէ Պոլսոյ պատրիարքի ընտրութիւնների կազմակերպման գործընթացից, քանի որ Արամ Աթեշեանը դեռեւս չի հրաժարւել պատրիարքի փոխանորդի իր աթոռից, որպէսզի պատրիարքի ընտրութիւնների կազմակերպման գործընթացն սկսւի: «Tert.am»-ի հետ զրոյցում նա նշել է, որ դեռ սպասում է դրան, հիմա կասկածում է, որ Արամ Աթեշեանը փորձում է իրավիճակից օգուտներ քաղել: 

«Կան մի քանի թեկնածուներ, բնական թեկնածուների թիւը մօտ հինգն է: Նրանցից մէկը Հայաստանից է՝ Սեպուհ Չուլջեանը:  Մենք պէտք է դեռ սպասենք, թէ այդ բնական թեկնածուներից որոնք կառաջադրւեն ընտրութիւններին, յետոյ արդէն կը տեսնենք, թէ նրանք ինչ են առաջարկում համայնքին: Ըստ այդմ` ես կը մտածեմ, թէ ում եմ աջակցելու»,- ասել է նա: 

Յիշեցնենք, որ 2017 թւականի փետրւարին Էջմիածնում կայացւած որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցաւ Պոլսոյ Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրութիւն: Ընտրութիւնից յետոյ, որում համոզիչ յաղթանակ էր տարել Արամ Աթեշեանի հակառակորդ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչեանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրութիւններին: 

Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրութիւնների սկսւելը գրութիւն էր ուղարկել, որով իրաւաբանօրէն անհնար էր համարում պատրիարքական ընտրութիւնների գործընթացի մեկնարկը: Այս գրութիւնը Պոլսոյ Հայոց պատրիարքի տեղապահի ընտրութիւններից անմիջապէս յետոյ պատրիարքարանի հոգեւորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրութիւններում պարտւած փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը եւ յայտարարել, որ չի հեռանայ տեղապահի պաշտօնից: 

Դրանից յետոյ Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշեանի մատուցած պատարագներն ու ելոյթները, կազմակերպել ստորագրահաւաքներ՝ պահանջելով Աթեշեանի հրաժարականը: 

Արամ արքեպիսկոպոս Աթեշեանը մայիսի 25-ին յայտնել է, որ պատրաստւում է հրաժարական տալ, ինչից յետոյ արքեպիսկոպոս Բեքչեանը, վերադառնալով Ստամբուլ, պաշտօնապէս ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականութիւնները: 

Կարօ Փայլանի խօսքով՝ Պոլսոյ պատրիարքը պէտք է կարողանայ ներկայացնել Թուրքիայի հայ համայնքն ամբողջ աշխարհին: «Ես կարծում եմ, որ Արամ Աթեշեանը դա չի արել վերջին տարիների ընթացքում»,- ասել է նա: 

Կարօ Փայլանը հաւանական համարեց, որ Արամ Աթեշեանը՝ որպէս պատրիարքի թեկնածու, մասնակցի ընտրութիւններին, սակայն նշեց, որ նա ունի 0 հնարաւորութիւն ընտրութիւններում յաղթելու համար: «Նա այնքան սխալներ է արել, որ համայնքում ոչ ոք չի ցանկանայ նրան սատարել: Նա շարունակում է այդ «աթոռին նստել», քանի որ շատ լաւ հասկանում է, որ ընտրութիւններում նա ոչ մի հնարաւորութիւն չունի յաղթելու»,- ասել է նա: 

Փայլանի խօսքով՝ այլ երկրներից հնարաւոր թեկնածուները, օրինակ՝ Գերմանիայից Գարեգին Բեքչեանը, Հայաստանից Սեպուհ Չուլջեանը, կարող են աշխատել Թուրքիայում: «Ինչպէս ասացի, նրանք պարզապէս պէտք է աշխարհին ներկայացնեն Թուրքիայում ապրող հայերին: Նրանք պէտք է պարզապէս ընդունեն ընտրութիւններին մասնակցութեան առաջարկը, գան այստեղ, զբաղւեն այստեղի հասարակական եւ մշակութային խնդիրներով»,- ասաց նա: 

Ստամբուլահայ պատգամաւորը նշեց, որ ինքը պատրաստւում է առաջիկայում, երբ պաշտօնապէս յայտնի դառնան թեկնածուների անուններն ու ներկայացւեն նրանց ծրագրերը, սատարել թեկնածուներից որեւէ մէկին: «Ես աջակցել եմ Գարեգին Բեքչեանին, աջակցել եմ Սահակ Մաշալեանին, եւ ես սպասելու եմ թեկնածուների առաջարկներին, որ որոշեմ, թէ ում կողքն եմ կանգնելու: Ես անպայման իմ ազդեցութիւնն օգտագործելու եմ Պոլսոյ պատրիարքի ընտրութիւնների ընթացքում»,- ասաց նա: 

Հարցին՝ հնարաւո՞ր է, որ Թուրքիայի իշխանութիւնները միջամտեն ընտրութիւնների անցկացմանը, նա պատասխանեց, որ նրանք միշտ էլ, հիմա էլ միջամտում են համայնքում տեղի ունեցող գործընթացներին: «Թուրքիան էր նշանակել Արամ Աթեշեանին՝ որպէս պատրիարքի փոխանորդ, բայց մենք դա չէինք ուզում: Նրանք ամէն ինչ կանեն, որ ազդեն պատրիարքի ընտրութիւնների անցկացման վրայ: Ամէն դէպքում, կարող եմ ասել, որ անձամբ ես ամէն ինչ կանեմ, որ թոյլ չտամ, որ Թուրքիայի իշխանութիւնները միջամտեն ընտրութիւնների անցկացմանը»,- ասել է նա:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։