Հա

Քաղաքական

Ուրբաթ, 07 Յուլիսի 2017 18:50

Համբուրգում հանդիպել են Պուտինն ու Թրամփը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են «G20» գագաթնաժողովի յետնաբեմում: Հանդիպելիս նրանք միմեանց ձեռք են սեղմել:

«alikonline.ir» - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել են «G20» գագաթնաժողովի յետնաբեմում: Հանդիպելիս նրանք միմեանց ձեռք են սեղմել։ Ինչպէս տեղեկացնում է «tert.am»-ը՝ ռուսական ՏԱՍՍ գործակալութեանը յղումով այդ մասին լրագրողներին յայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նշենք, որ Պուտին-Թրամփ հանդիպումը «G20»-ի թերեւս ամենասպասւած իրադարձութիւնն է: Ամիսներ շարունակ ԶԼՄ-ներն անդրադառնում էին նրանց ենթադրեալ յարաբերութիւններին:

Այնուամենայնիւ, ինչպէս գրում է «The Telegraph»-ը, մինչ ամբողջ աշխարհը սպասում էր տեսախցիկների առջեւ Թրամփի եւ Պուտինի ձեռքսեղմման պատմական պահին, նրանք իրենց նախնական հանդիպումն ունեցել են տեսախցիկներից հեռու:

«G20»-ի աշխատանքային երկրորդ նիստից յետոյ օրւայ երկրորդ կէսին Համբուրգի ցուցահանդեսային կենտրոնում կայանալիք բանակցութիւններում, ինչպէս սպասւում է, քննարկւելու են Սիրիայի եւ Ուկրայինայի թեմաները, ինչպէս նաեւ ահաբեկչութեան դէմ պայքարը, ռազմավարական կայունութեան եւ այլ հարցեր:

Մամուլի քարտուղարը նշել է, որ հանդիպմանը նախապատրաստւելիս Պուտինն ի գիտութիւն է ընդունել նախօրէին Լեհաստանում Թրամփի արած յայտարարութիւնները ՌԴ-ի ապակայունացնող ազդեցութեան մասին:

«Անկասկած, Լեհաստանում պարոն Թրամփի եւ Վաշինգտոնից այլ պաշտօնատար անձանց բոլոր յայտարարութիւնների մասին մենք մանրամասն զեկուցել ենք պարոն Պուտինին: ՌԴ նախագահը դա ընդունել է ի գիտութիւն»,- ասել է Պեսկովը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։