Հա

Քաղաքական

Կիրակի, 16 Յուլիսի 2017 10:40

Թուրքագէտ. «Հայոց Ցեղասպանութիւն եզրոյթի օգտագործումն արգելող օրէնքը խիստ վնասելու է Թուրքիա-ԵՄ յարաբերութիւններին»

Թուրքիայի խորհրդարանում ներկայումս առկայ լարւածութեան պատճառը քրդական կուսակցութեան ներկայացուցիչների կողմից մշտապէս «Քուրդիստան» տերմինի շահարկումն է։ Թուրքագէտ Մուշեղ Խուդավերդեանը լրագրողների հետ զրոյցում ասաց, որ վերջին ամիսներին Թուրքիան արտաքին եւ ներքին ճգնաժամերի առաջ է կանգնած։ Նրա խօսքով՝ բացի այն, որ թուրք-քրդական բախումներն են սրւել, ԵՄ-ի հետ յարաբերութիւնները նոր սրացման փուլում են։ 

«alikonline.ir» - Թուրքիայի խորհրդարանում ներկայումս առկայ լարւածութեան պատճառը քրդական կուսակցութեան ներկայացուցիչների կողմից մշտապէս «Քուրդիստան» տերմինի շահարկումն է։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ թուրքագէտ Մուշեղ Խուդավերդեանը լրագրողների հետ զրոյցում ասաց, որ վերջին ամիսներին Թուրքիան արտաքին եւ ներքին ճգնաժամերի առաջ է կանգնած։ Նրա խօսքով՝ բացի այն, որ թուրք-քրդական բախումներն են սրւել, ԵՄ-ի հետ յարաբերութիւնները նոր սրացման փուլում են։ Թուրքագէտի պնդմամբ՝ վերջին ամիսներին յաճախակիացել են անգամ վիրաւորանքները պատգամաւորների միջեւ։ 

Թուրքիայի խորհրդարանում յայտնւած՝ «Հայոց Ցեղասպանութիւն» եւ «Քուրդիստան» եզրոյթների օգտագործումն արգելող օրինագծի վերաբերեալ թուրքագէտն ընդգծեց, որ նախագիծը շատ նման է Թուրքիայի սահմանադրութեան 301 յօդւածին, որն արգելում է այնպիսի արտայայտութիւններ, որոնք վիրաւորում են թուրքական ազգը:

Թուրքագէտը նկատեց, որ թուրք ազգայնականների համար շատ մեծ խնդիր է հայազգի պատգամաւորների կողմից «Հայոց Ցեղասպանութիւն» եզրոյթի օգտագործումը։ Այդ է պատճառը, որ որոշում է կայացւել երկու եզրոյթներն օգտագործելն արգելող օրինագիծ մշակել։ 

«Օրինագիծն ամբողջութեամբ մշակւած է եւ շուտով մուտք կը գործի թուրքական խորհրդարան։ Եւրոպական կառոյցներն արդէն իսկ արձագանգել են օրինագծին՝ նշելով, որ այն մի քանի քայլ յետ է ժողովրդավարական նորմերից։ Այդպիսով, դա շատ կը վնասի Թուրքիա-ԵՄ յարաբերութիւններին»,- ընդգծեց Խուդավերդեանը։ 

Միջազգային իրաւունքի մասնագէտ, իրաւաբան Արա Ղազարեանը նշեց, որ այս ամէնը հին պատմութիւն է՝ նոր դրսեւորումներով։ «Դատարանները շատ լայն կը կիրառեն այս օրէնքի դրոյթները։ Սա բերելու է հակազդեցութեան, եւրոպական դատարան նոր գործերի, քննադատութեան հէնց Թուրքիայի ներսում»,- ասաց Ղազարեանը։ 

Նրա խօսքով՝ սա քաղաքական պայքար է փոքրամասնութիւնների անկախութեան դէմ, ինչն անխուսափելիօրէն բերելու է քննադատութեան։ 

«ԵՄ-ն, բնականաբար, դէմ կը լինի այն նախագծին, եւ մենք պէտք է յուսանք, որ հազարաւոր մտաւորականներ այս օրինագծի հիման վրայ բանտ չեն նետւի, ինչպէս եղել է մինչ այժմ՝ թուրքական ինքնութիւնը վիրաւորելու կամ պատմական ինչ-որ դրւագներ կասկածի տակ դնելու պատճառով։ Ազատ արտայայտութեան վերաբերեալ ամենաշատ վճիռներից հէնց Թուրքիայի դէմ են կայացւում»,- նկատեց իրաւաբանը։ 
Համաձայն նոր օրինագծի՝ «Հայոց Ցեղասպանութիւն» եւ «Քուրդիստան» եզրոյթներն օգտագործող պատգամաւորները կը տուգանւեն աշխատավարձի երկու երրորդի չափով եւ առժամանակ կը զրկւեն նիստերին մասնակցելու հնարաւորութիւնից։ 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։