Հա

Քաղաքական

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 09:20

ԱՄՆ-ում ցեղապաշտների եւ նրանց հակառակորդների միջեւ բախումների արդիւնքում զոհւել է մէկ մարդ

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթւիլ քաղաքում ցեղային խտրականութեան կողմնակիցների եւ նրանց հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով զոհւել է մէկ մարդ, տուժել՝ աւելի քան 30-ը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթւիլ քաղաքում ցեղային խտրականութեան կողմնակիցների եւ նրանց հակառակորդների միջեւ բախումների հետեւանքով զոհւել է մէկ մարդ, տուժել՝ աւելի քան 30-ը: Տեղեկացնում են միջազգային ԶԼՄ-ները:

Դէպքը տեղի է ունեցել այն բանից յետոյ, երբ աւտոմեքենան մխրճւել է ցեղային խտրականութեան դէմ բողոքող ցուցարարների շարքերում: Զոհը 32-ամեայ մի կին է, իսկ աւտոմեքենան վարել է Օհայօ նահանգի 20-ամեայ քաղաքացի, սպիտակամորթ Ջէյմզ Ալեքս Ֆիլդ Ջունիորը, ով եկել էր Շարլոթւիլ՝ մասնակցելու ցեղապաշտների ցոյցերին:

Միջադէպից յետոյ Վիրջինայի դեմոկրատ նահանգապետ Թերի ՄքՕլիֆը, ուղիղ եթերում անդրադարձել է միջադէպին. «Իմ պատգամը ցեղապաշտներին միանշանակ է. վերդարձէ՛ք ձեր տները: Ո՛չ այստեղ, ո՛չ էլ ԱՄՆ-ի մէկ այլ վայրում ձեզ համար չկայ որեւէ տեղ»,- ասել է նահանգապետը՝ նշելով, որ անհրաժեշտ է ստեղծել մի շարժում, որն ամերիկեան հասարակութեանը կը վերադարձնի միասնականութիւնը:

Միջադէպը դատապարտել է նաեւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է. «ԱՄՆ-ում բռնութիւններն անընդունելի են»:

Նախագահ Թրամփի այս գրառումը, սակայն, չի բաւարարել ցեղապաշտութեան ընդդիմադիրներին, քանզի նա խուսափել է ուղղակիօրէն դատապարտել նէօ նացիստներին, կուկլուսկլաններին եւ ծայրայեղ ազգայնականներին:

Նշենք, որ Շարլոթւիլի բախումները մեկնարկել են այն բանից յետոյ, երբ ցեղապաշտները բողոքի ակցիաներ են անցկացրել ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմների ժամանակ հարաւային ուժերի հրամանատարներից, ճորտատիրութեան կողմնակից գեներալ Ռաբերտ Լիի արձանի ապամոնտաժման կապակցութեամբ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։