Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 12:00

Հունգարիան Ռամիլ Սաֆարովին վաճառել է Ադրբեջանին 7 մլն դոլարի դիմաց. «Ադրբեջանական լւացքատան» նոր մանրամասները

Ադրբեջանի իշխանութիւնների կողմից փողերի լւացման մասին հրապարակւած նոր հետազօտութիւնը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի յարաբերութիւնների վերաբերեալ:

«alikonline.ir» - Ադրբեջանի իշխանութիւնների կողմից փողերի լւացման մասին հրապարակւած նոր հետազօտութիւնը հետաքրքիր մանրամասներ է պարունակում Հունգարիայի հետ այդ երկրի յարաբերութիւնների վերաբերեալ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, 2012 թւականին՝ հէնց այն նոյն ժամանակ, երբ Հունգարիան Ադրբեջան արտայանձնեց հայ սպա Գուրգէն Մարգարեանին դաժանաբար սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, աւելի քան 7 մլն ԱՄՆ դոլար է փոխանցւել հունգարական «MKB» բանկում ադրբեջանցի քաղաքական գործչի որդու անունով բացւած հաշւին: Հակակոռուպցիոն «Átlátszó» կայքում հրապարակւած զեկոյցում նշւում է, որ բացայայտւած նոր տւեալները ցոյց են տալիս, որ իրականում Սաֆարովին արտայանձնելով՝ Հունգարիայի կառավարութիւնը ոչ թէ ցանկացել է ամրապնդել քաղաքական ու տնտեսական կապերն Ադրբեջանի հետ, այլ հետապնդել է այլ նպատակներ:

«MKB» բանկում բացւած հաշիւը կապւած է եղել օֆֆշորային մի ընկերութեան հետ, որը սերտ կապերի մէջ է եղել Ադրբեջանի կառավարութեան հետ: Հունգարիա գումարը փոխանցւել է «Metastar Invest LLP» ընկերութեան կողմից հունգարական բանկային այն հաշւին, որը կապւած է եղել օֆֆշորային գործունէութիւն ծաւալող «Velasco International» ընկերութեան հետ:

Ուշագրաւ է, որ 7 մլն ԱՄՆ դոլարի փոխանցումը հունգարական «MKB» բանկ համընկել է Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ դիւանագիտական յարաբերութիւնների սերտացման հետ: Արդէն 2014 թւականին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, կողմերը կնքեցին ռազմավարական համագործակցութեան մասին համաձայնագիր: Հետագայում եւս երկու երկրի պաշտօնատար անձանց հանդիպումները շարունակւեցին ջերմ մթնոլորտում:

Հունգարիա կասկածելի գումարներ տեղափոխած «Metastar Invest LLP»-ն այն ընկերութիւնն է, որը ադրբեջանական կողմից ապօրինի գումարներ էր վճարել ԵԽԽՎ պատգամաւոր Լուկա Վոլոնտէին, ում դէմ Իտալիայում այս պահին հետաքննութիւն է իրականացւում: Հետաքրքիր է, որ նոյն Լուկա Վոլոնտէն ոչ միայն Ադրբեջանի բարեկամն էր, այլ նաեւ Վիկտոր Օրբանի, ում ռեժիմի դէմ քննադատութիւնները ԵԽԽՎ պատգամաւորը որակել էր որպէս ոչ այլ ինչ, քան «վհուկների որս»:

«Velasco International»-ը, ում պատկանում էր հունգարական բանկում բացւած հաշիւը, սերտ կապեր ունի Հունգարիայի եւ Ադրբեջանի հետ: Բրիտանական Վիրջինեան կղզիներում գրանցւած ընկերութիւնը պատկանում է Ադրբեջանի փոխվարչապետ Եաքուբ Էյիւբովի որդուն՝ Օրխան Էյիւբովին:

«Átlátszó» ընկերութեան ներկայացրած բացայայտումներում երեւում է, որ ադրբեջանական ընկերութիւնների հետ գործարքներում ներգրաււած են եղել նաեւ Օրբանի կառավարութեանն առընթեր հետախուզական ծառայութեան գործակալը, վարչապետի գլխաւոր խորհրդականի ներկայացուցիչը եւ այդ երկրում կարեւոր պաշտօններ զբաղեցնող այլ անձինք:

Մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտայանձնելու ժամանակահատւածում Ադրբեջանից Հունգարիա կատարւած գումարային փոխանցումները բացայայտում են Օրբանի կառավարութեան կողմից նման քայլի շարժառիթները: Հունգարիայի քաղաքական ղեկավարութիւնը, անտեսելով բոլոր նորմերը, 7 մլն ԱՄՆ դոլարի դիմաց պարզապէս «վաճառել» է ադրբեջանցի մարդասպանին, ով Բաքու ժամանելուց անմիջապէս յետոյ հռչակւեց «ազգային հերոս» ու ազատ արձակւեց՝ ոչ մի րոպէ պատիժ չկրելով քնած հայ սպային կացնահարելու համար:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։