Հա

Քաղաքական

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 16:20

Սաուդական Արաբիայի դիւանագէտներին մեղադրում են ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւնների փորձի ֆինանսաւորման մէջ

1999 թւականին Սաուդական Արաբիայի դեսպանատունը ֆինանսաւորել է 2001 թւականի սեպտեմբերի 11-ին իրականացւած ահաբեկչութիւնների փորձը:

«alikonline.ir» - 1999 թւականին Սաուդական Արաբիայի դեսպանատունը ֆինանսաւորել է 2001 թւականի սեպտեմբերի 11-ին իրականացւած ահաբեկչութիւնների փորձը: Այսպիսի մեղադրանք է պարունակում հաւաքական հայցը, որը Նիւ Եօրքի Մանհեթենի շրջանում դաշնային դատարան են ներկայացրել ողբերգութեան մօտ 1400 զոհերի անունից: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնում է «New York Post»-ը:

Վկայակոչելով ՀԴԲ-ի (CIA) փաստաթղթերը՝ հայցւորները պնդում են, որ 1999 թւականի նոյեմբերին 2-ին սաուդական հպատակներ Մոհամմեդ ալ Քուդհաէյնը եւ Հանդան ալ Շալաւին «America West» աւիաընկերութեան  Ֆինիքսից (Արիզոնայի նահանգ) Վաշինգտոն չւերթի տոմսեր գնելով՝ թռիչքի ընթացքում մի քանի անգամ նախաձեռնել են օդաչուի խցիկ թափանցելու փորձեր: Նրանց հանձնարարւած էր, չբացայայտւելով, ստուգել ԱՄՆ-ում ներքին չւերթների անվտանգութեան համակարգը:

Հայցւորների կարծիքով՝ Նահանգներում որպէս ուսանողներ գտնւող այս մարդիկ  իրականում «պատկանում էին թագաւորութեան գործակալական ցանցին»: Նրանք Աֆղանստանում ահաբեկիչների ընդյատակեայ ճամբարներում նախապատրաստւել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւններն իրագործողների հետ միաժամանակ, իսկ Արիզոնայում գտնւելիս կապ են հաստատել  ապագայ առեւանգողներից մէկի, ինչպէս նաեւ Ուսամա բէն Լադենի վստահւած անձի հետ, որն այժմ ԱՄՆ Գուանտանամոյի յատուկ բանտում է: «Մենք վաղուց էինք պնդում, որ «Ալ Ղաիդա»-ի եւ Սաուդական Արաբիայի կառավարութիւնում կրօնական տարրերի միջեւ երկարատեւ եւ սերտ յարաբերութիւններ կային: Մենք նման եզրակացութեան օգտին լրացուցիչ վկայութիւններ ենք ներկայացրել»,- յայտարարել է հայցւորների առաջատըար փաստաբան Շոն Քարթէրը: Նա եւ նրա գործընկերները համոզւած են, որ ահաբեկչութիւնների փորձը ֆինանսաւորել են Վաշինգտոնում Սաուդական Արաբիայի դիւանագէտները:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։