Հա

Քաղաքական

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 11:40

Հիւսիսային Կորէան խոստացել է ԱՄՆ-ին «մեծ ցաւ ու տառապանք» պարգեւել՝ ի պատասխան նոր պատժամիջոցների

Փհենեանը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները եւ ճնշումը «չափազանց անխոհեմ փուլ» են մտնում, եւ նախազգուշացնում է, որ երկիրը պատրաստ է աննախադէպ քայլերի

«alikonline.ir» - Փհենեանը կարծում է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցները եւ ճնշումը «չափազանց անխոհեմ փուլ» են մտնում, եւ նախազգուշացնում է, որ երկիրը պատրաստ է աննախադէպ քայլերի: Այդ մասին ասւած է Հիւսիսային Կորէայի ԱԳՆ-ի յայտարարութիւնում, որը հրապարակւել է Կենտրոնական հեռագրային գործակալութեան կայքում: Գրում է «tert.am»-ը:

ԿԺԴՀ-ի կարծիքով՝ ԱՄՆ-ն մանիպուլացնում է ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդին, որպէսզի խստացնի Հիւսիսային Կորէայի դէմ պատժամիջոցները՝ ջրածնային մարտագլխիկների փորձարկման պատճառով:

Երկրի ԱԳՆ-ն յայտարարել է, որ «գերհզօր ջերմամիջուկային զէնքը» ստեղծւել է ԱՄՆ-ի կողմից աճող թշնամական գործողութիւնները զսպելու եւ Կորէական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու համար:

Փհենեանը նաեւ նշել է, որ ուշադիր հետեւում է ԱՄՆ-ի գործողութիւններին եւ պատրաստ է պատասխան տալ:

«Ապագայ քայլերը, որ կը ձեռնարկի ԿԺԴՀ-ն, Միացեալ Նահանգների համար այնպիսի մեծ ցաւ ու տառապանք կը բերեն, որոնց միջով նրանք չեն անցել իրենց պատմութեան ընթացքում»,- ասւած է հաղորդագրութիւնում:

ԿԺԴՀ ԱԳՆ-ն յաւելել է, որ «ամբողջական ոչնչացումից խուսափելու համար» ԱՄՆ-ն պէտք է դադարեցնի Հիւսիսային Կորէայի հետ քաղաքական, տնտեսական եւ ռազմական առճակատումը:

Յիշեցնենք, որ Հիւսիսային Կորէայի իշխանութիւնները սեպտեմբերի 3-ին պաշտօնապէս յայտարարել են միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսւած ջրածնային ռումբի բարեյաջող փորձարկման մասին: Հզօր միջուկային փորձարկման հրամանը տւել է երկրի առաջնորդ Կիմ Չէն Ընը: Հարաւային Կորէայի պաշտպանական կոմիտէի փոխանցմամբ՝ պայթիւնի ուժգնութիւնը եղել է 100 կիլոտոննա, ինչը բաւական է մի ամբողջ քաղաք վերացնելու համար:

Վերջին մի քանի ամսւայ ընթացքում Կորէական թերակղզու շուրջ ճգնաժամային իրավիճակ է ստեղծւել: Արեւմուտքը Փհենեանից պահանջում է վերջ տալ միջուկային փորձարկումներին ու դադարեցնել միջուկային ծրագրի զարգացումը՝ սպառնալով հակառակ դէպքում ռազմական միջամտութեան դիմել: Մինչդեռ պաշտօնական Փհենեանն անտեսում է կոչերն ու իր հերթին սպառնում միջուկային զէնքով ջախջախիչ հարւած հասցնել ԱՄՆ-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։