Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 09:20

Ամերիկացի նախկին պաշտօնեայ. «ԱՄՆ-ը չպէտք է խեղաթիւրի իրականութիւնը»

Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտօնեան ԱՄՆ-ի վարչակազմին կոչ է արել հիմք ընդունել Իրանի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրի ամբողջական գործադրման հետ կապւած ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկոյցը եւ չփորձել խեղաթիւրել իրականաութիւնը:

«alikonline.ir» - Ամերիկացի նախկին բարձրաստիճան պաշտօնեան ԱՄՆ-ի վարչակազմին կոչ է արել հիմք ընդունել Իրանի կողմից Միջուկային համապարփակ համաձայնագրի ամբողջական գործադրման հետ կապւած ՄԱԳԱՏԷ-ի հրապարակած զեկոյցը եւ չփորձել խեղաթիւրել իրականաութիւնը:

Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս կապակցութեամբ միջազգային եւ միջուկային հարցերով ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի օգնական Թոմաս Քանթրի Մանը հանդէս է եկել յօդւածով, որը հրապարակւել է «CNN»-ի կայքում:

Նա նախագահ Դոնալդ Թրամփին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Նիքի Հէյլիին մեղադրել է իրականութիւնն անտեսելու եւ առկայ փաստերը խեղաթիւրելու փորձի մէջ՝ զգոյշացնելով, որ Թեհրանի դէմ անհիմն մեղադրանքների արծարծումը կարող է ԱՄՆ-ի միջազգային մեկուսացման պատճառը դառնալ:

Անդրադառնալով Իրաքի զանգւածային ոչնչացման զէնքերի հետ կապւած նախագահ Բուշի վարչակազմի տարածած կեղծ տեղեկատւութեանը, Քանթրի Մանը նշել է, որ Թրամփի վարչակազմը փորձում է բեմականացնել նոյն վտանգաւոր սցենարը. «Մենք դեռեւս չենք յաղթահարել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան նպատակների իրագործման նպատակով փաստերի խեղաթիւրման աւերիչ հետեւանքները»,- նշել է նա՝ յաւելելով, որ ՄԱԳԱՏԷ-ն առաւել քան որեւէ այլ կառոյց տեղեկացւած է Իրանի միջուկային ծրագրի մասին:

«Տրամաբանական է, որ Թրամփի վարչակազմից բացի, Գործակալութեան անդամ միւս բոլոր երկրներն ընդունել են հրապարակւած զեկոյցը»,- գրել է նախկին բարձրաստիճան դիւանագէտը:

Յիշեցնենք, որ երէկ՝ սեպտեմբերի 11-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Իւկիա Ամանօն կրկին հաստատել է, որ Իրանն ամբողջովին կատարում է Միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած իր պարտաւորութիւնները:

«ՄԱԳԱՏԷ-ն արդէն աւելի քան մէկ տարի իրականացնում է Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակներում միջուկային ոլորտում Իրանի պարտաւորութիւնների իրականացման վերահսկողութիւն եւ մոնիթորինգ: Իրանը կատարում է պայմանագրի պայմանները»,- նշել է Ամանօն ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդին ուղղւած իր ուղերձում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։