Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 10:10

Գերմանիան սառեցրել է Անկարային զէնք մատակարարելու գործարքների մեծ մասը

Գերմանիայի դաշնային կառավարութիւնը Թուրքիայի հետ երկկողմ յարաբերութիւններում առկայ լարւածութեան պատճառով սառեցրել է Անկարային զէնքի մատակարարման գործարքների մեծ մասը: 

«alikonline.ir» - Գերմանիայի դաշնային կառավարութիւնը Թուրքիայի հետ երկկողմ յարաբերութիւններում առկայ լարւածութեան պատճառով սառեցրել է Անկարային զէնքի մատակարարման գործարքների մեծ մասը: Ըստ «tert.am»-ի այս մասին յայտարարել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավար Զիգմար Գաբրիէլը:

«Բոլոր խոշոր դիմումները, որոնցով Թուրքիան այժմ մեզ է դիմում, մենք բերել ենք «սպասման ռեժիմի»»,- ընդգծել է երկրի գլխաւոր դիւանագէտը՝ նկատելով, որ խօսքն իրոք մեծ ծաւալով զէնքի մատակարարման մասին է:

Սակայն, միեւնոյն ժամանակ, զէնքի մատակարարման որոշակի հատւածն իրականացւում է միջազգային պայմանագրերի շրջանակում, ուստի՝ վաճառքի ամբողջական դադարեցման մասին խօսք չկայ:

Բացի այդ, Գերմանիան ՆԱՏՕ-ի շրջանակում Անկարայի հետ կապւած է մի շարք գործընկերային պարտաւորութիւններով, որոնցից Բեռլինը չի կարող հրաժարւել միակողմանի կարգով:

Աղբիւրը յիշեցնում է, որ տարեսկզբից Գերմանիայի կառավարութիւնը հաւանութիւն է տւել Թուրքիային աւելի քան 25 մլն. եւրօ արժողութեամբ պաշտպանական նշանակութեան արտադրանքի արտահանման որոշմանը: Բայց միեւնոյն ժամանակ 2016 թ. նոյեմբերից ի վեր Բեռլինը Թուրքիային զէնքի արտահանման հետ կապւած առնւազն 11 գործարքի թոյլտւութիւն չի տւել:

Գերմանիայի արտգործնախարարն ընդգծել է, որ հարկաւոր է ամէն ինչ անել կողմերի միջեւ յարաբերութիւնները կարգաւորելու համար:

Նշենք, որ 2 պետութիւնների յարաբերութիւնները լարւել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանաւորումից յետոյ: Այժմ Թուրքիայի տարածքում կալանքի տակ գտնւող Գերմանիայի քաղաքացիների թիւը հասել է 54-ի, նրանցից 12-ը քաղբանտարկեալներ են: Կալանաւորւածների թւում են նաեւ Ստամբուլի կղզիներում ձերբակալւած իրաւապաշտպանները, ինչպէս նաեւ գերմանական «Deutsche Welle» հեռուտառադիոընկերութեան Թուրքիայի թղթակից Դենիզ Իւջէլը, որի արտայանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։