Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 13:10

Հռոմի Պապը կոչ է արել Թրամփին վերանայել «երազողներին» աշխատանքի իրաւունքից զրկելու որոշումը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումներից մէկը, որը վերաբերում է նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնութեամբ շրջանառութեան մէջ դրւած ու ապօրինի ներգաղթեալներին աշխատելու հնարաւորութիւն տւող, առաւելապէս «Dreamers» («Երազողները») անւամբ յայտնի ծրագրի փակմանը:

«alikonline.ir» - Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը մեկնաբանել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վերջին որոշումներից մէկը, որը վերաբերում է նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնութեամբ շրջանառութեան մէջ դրւած ու ապօրինի ներգաղթեալներին աշխատելու հնարաւորութիւն տւող, առաւելապէս «Dreamers» («Երազողները») անւամբ յայտնի ծրագրի փակմանը:

Ըստ «tert.am»-ի՝ ինչպէս նշում է «The Guardian»-ը, պոնտիֆիկոսն ասել է, որ «այդ երեխաների դէմ որոշում կայացնելն ու նրանց ընտանիքներից բաժանելը լաւ պտուղ չի տայ»: Նա կոչ է արել Թրամփին վերանայել իր որոշումը՝ ընդգծելով, որ ղեկավարը պէտք է ամէն ինչ անի ընտանիքները միասնական պահելու համար:

«Եթէ նա իսկապէս հետամուտ է առողջ ընտանիքների պահպանման գաղափարին, ապա պէտք է հասկանայ, որ ընտանիքը կեանքի օրրանն է, որի միասնութիւնը պէտք է պաշտպանւի»,- ասել է կաթոլիկների հոգեւոր առաջնորդը Կոլումբիայից Վատիկան թռչելու ճանապարհին:

Հռոմի Պապը մանրամասնել է, որ ծրագիրը փակելու հետեւանքով կը տուժի մօտ 800 հազար մարդ, որոնք մանուկ հասակում ծնողների կողմից որպէս ապօրինի ներգաղթեալ Միացեալ Նահանգներ են բերւել ու «DACA» ծրագրի շնորհիւ աշխատելու իրաւունք ստացել:

«Յուսով եմ, որ նա կը վերանայի իր որոշումը, որովհետեւ երբ լսում եմ ԱՄՆ-ի նախագահի խօսքը, նա ներկայանում է որպէս ընտանիքների աջակից»,- յաւելել է Պապը:

Յիշեցնենք, որ «երազողներն» ԱՄՆ-ում բնակւող 11 մլն. ապօրինի ներգաղթեալների ստւար մասն են կազմում: Նրանց մեծ մասը լատինամերիկացիներ են՝ հիմնականում Մեքսիկայից: «Երազողների» հիմնական մասն ապրում է Կալիֆորնիայում, մեծ խմբեր կան նաեւ Տեխասում, Նիւ Եօրքում, Իլինոիսում ու Ֆլորիդայում:

Դեռեւս նախագահի թեկնածու եղած ժամանակ Թրամփը խոստացել էր նրանց բոլորին արտաքսել երկրից:

«Daca» ծրագրի աջակիցների խօսքով՝ դրանում ներառւած մարդիկ թէեւ չեն ծնւել ԱՄՆ-ում, սակայն ամերիկեան կրթութիւն են ստացել, ինտեգրւել են ամերիկեան հասարակութեանը, կեանքի մեծ մասն անցկացրել են Միացեալ Նահանգներում ու չնչին կապեր ունեն ծննդավայրի հետ: Մինչդեռ ծրագրի ընդդիմախօսները բերում են այն փաստարկը, որ ապօրինի ներգաղթեալները խլում են շարքային ամերիկացիների աշխատատեղերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։