Հա

Քաղաքական

23/09/2017

Փորձագէտ. «Եթէ անգամ Ադրբեջանը «Երկաթէ գմբէթ» տեղակայի նաւթամուղի մօտ, միեւնոյն է, այն ունակ չէ չէզոքացնել «Իսկանդեր» հրթիռները»

Վրացական լրատւամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթատարը պաշտպանելու նպատակով սկսել է Բաքւում եւ Գեանջայում տեղակայել իսրայէլական «Երկաթէ գմբէթ» հակաօդային պաշտպանութեան համակարգը, պատճառաբանելով, որ անհրաժեշտութեան դէպքում կանխեն հայկական կողմից «Իսկանդեր»-ով հնարաւոր հարւածները։ 

«alikonline.ir» - Վրացական լրատւամիջոցները լուրեր են տարածել այն մասին, որ Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջէյհան նաւթատարը պաշտպանելու նպատակով սկսել է Բաքւում եւ Գեանջայում տեղակայել իսրայէլական «Երկաթէ գմբէթ» հակաօդային պաշտպանութեան համակարգը, պատճառաբանելով, որ անհրաժեշտութեան դէպքում կանխեն հայկական կողմից «Իսկանդեր»-ով հնարաւոր հարւածները։

Այս առնչութեամբ «tert.am»-ը զրուցեց ադրբեջանագէտ, ռազմական փորձագէտ Տարօն Յովհաննիսեանի հետ, ով ասաց, որ նման լուրերը մասնագիտական սխալներով են գրւած եւ քարոզչութեան նպատակ են հետապնդում:

Հարցին, թէ ի՞նչ հնարաւորութիւններ ունի «Երկաթէ գմբէթ»-ը եւ արդեօք այդ համակարգն այն զինատեսակն է, որը կարող է պաշտպանութիւն իրականացնել «Իսկանդեր»-ի դէմ, Տարօն Յովհաննիսեանն ասաց, թէ վրացական կայքերում ոչ մի տեղ փաստած չէ, որ իսրայէլական «Երկաթէ գմբէթ» ՀՕՊ համակարգերը տեղակայւած են Ադրբեջանում, կամ, որ դրանք արդէն Ադրբեջանում կան:

«Ենթադրութիւնների վրայ ինչ-որ վերլուծութիւններ են արւել բազմաթիւ սխալներով: Առայժմ միայն յայտարարութիւններ կան, որ Ադրբեջանն այդ «Երկաթէ գմբէթ»-ներից գնել է, բայց, քանի որ մենք որեւէ փաստական տւեալներ չունենք, չենք կարող վստահ պնդել, որ դրանք կան կամ չկան: Ամէն դէպքում յստակ տեղեկութիւններ, որ նման համակարգեր Ադրբեջանն ունի, դեռեւս չկան»,- ասաց նա: 

Հարցին, թէ «Երկաթէ գմբէթը» համարւո՞ւմ է «Իսկանդեր»-ի վտանգը չէզոքացնող համակարգ, Տարօն Յովհաննիսեանն ասաց, որ լուրեր տարածողները շատ կոպիտ սխալ են թոյլ տւել, քանի որ ի սկզբանէ «Երկաթէ գմբէթ»-ն Իսրայէլն արտադրում է խմբաւորումների դէմ պայքարելու, Պաղեստինի հատւածում ինքնաշէն հրթիռներից պաշտպանւելու համար։

«Ինքնաշէն հրթիռներն էլ դրանք մօտաւորապէս իրենց տիպով «ԳՐԱԴ»-ի հրթիռներին հաւասար հրթիռներ են: Մի քիչ աւել, մի քիչ պակաս, յամենայնդէպս նոյն մարտավարական հրթիռների մասին է խօսքս: Դրանք նախ չկառավարւող հրթիռներ են, երկրորդն էլ մի քանի անգամ աւելի փոքր են եւ վատ մանեւրող են, աւելին՝ գրեթէ չեն էլ մանեւրում, յետագծով գնում են: Բայց «Իսկանդեր»-ի հրթիռները նախ շատ աւելի լաւ մանեւրող են, շատ աւելի արագ են ընթանում, չհաշւարկւող յետագծով են: Կոպիտ ասած՝ «Երկաթէ գմբէթ»-ն առհասարակ ստեղծւած չէ «Իսկանդեր»-ի նման հրթիռները որսալու համար, դա ունակ չէ նման հրթիռներ չէզոքացնել»,- բացատրեց փորձագէտը:

Տարօն Յովհաննիսեանի խօսքով՝ եթէ անգամ դրանք տեղակայւեն նաւթամուղի կամ գազատարի մօտ, ապա միեւնոյն է, «Իսկանդեր»-ից պաշտպանւելու համար չեն:

Ինչ վերաբերում է նաւթամուղի եւ գազատարի պաշտպանութեանը, Տարօն Յովհաննիսեանն ասաց, որ ցանկացած երկրում էլ այդ ենթակառուցւածքները պաշտպանութեան կարիք ունեն. «Բնականաբար, նման ենթակառուցւածքների պաշտպանութեան խնդիր կայ, զօրավարժութիւններ են իրականացւում»: 

Հարցին, թէ այդ դէպքում նման լուրերի տարածումն ինչ նպատակ է հետապնդում եւ քարոզչութեան թիրախում ովքեր են, փորձագէտն ասաց, թէ այն հանրութեանը, որին ուղղւած է այդ մեսիջը, դժւար թէ տիրապետի մանրամասներին, թէ ի՞նչ է իրենից ներկայացնում «Իսկանդեր»-ը եւ ի՞նչ է «Երկաթէ գմբէթ»-ը:

«Որոշակի շրջանակներում, գուցէ ինչ-որ խուճապ առաջացնի, կամ տրամադրութեան անկում լինի: Սա աւելի շատ ոչ թէ ուղղւած է պետական մարմինների, վերլուծական եւ փորձագիտական շրջանակներին, այլ սովորական հանրութեանը, այն շերտին, որն առանձնապէս չի տիրապետում մանրամասներին: Այստեղ նաեւ շեշտադրումը վրաց-ռուսական յարաբերութիւնների վրայ է դրւած, որ Ադրբեջանի տեղադրած համակարգերի շնորհիւ Վրաստանը եւս կարող է իր անվտանգութիւնը պաշտպանել հէնց Ռուսաստանի հարւածներից եւ այլն»,- ասաց ռազմական փորձագէտ Տարօն Յովհաննիսեանը: 

կապւած լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։