Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 04 Հոկտեմբերի 2017 11:00

Սերգէյ Մարկեդոնովի յօդւածը. «Ինչպէս Լեռնային Ղարաբաղը կարող է մերձեցնել Ռուսաստանն ու Արեւմուտքը»

Ղարաբաղեան հակամարտութիւնը միակ հակամարտութիւնն է յետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանը եւ Արեւմուտքը պատրաստ են գործել համատեղ: Դա համագործակցութեան բացառիկ փորձ է խորացող հակասութիւնների ֆոնին, գրում է ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը «carnegie.ru» կայքում:

«alikonline.ir» - Ղարաբաղեան հակամարտութիւնը միակ հակամարտութիւնն է յետխորհրդային տարածքում, որտեղ Ռուսաստանը եւ Արեւմուտքը պատրաստ են գործել համատեղ: Դա համագործակցութեան բացառիկ փորձ է խորացող հակասութիւնների ֆոնին, գրում է ռուս քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը «carnegie.ru» կայքում: Իհարկէ, Լեռնային Ղարաբաղի հարցում համագործակցութիւնը չի կարող ինքնին կանգնեցնել Ռուսաստանի եւ Արեւմուտքի յարաբերութիւններում բացասական միտումները, բայց ընդհանուր, թէկուզեւ մարտավարական խնդիրների շուրջ համագործակցութիւնն անխուսափելիօրէն թարմ շունչ կը հաղորդի նրանց յարաբերութիւններին: Գրում է «tert.am»-ը:

Չնայած առաջին հայեացքից Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացը փակուղային է, բայց այն մէկ կարեւոր յատկութիւն ունի: Ի տարբերութիւն գրեթէ բոլոր յետխորհրդային հակամարտութիւնների, որոնք այս կամ այն չափով կարելի է նկարագրել որպէս Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ միջնորդաւորւած դիմակայութիւն, ղարաբաղեան կարգաւորումը երբեք չի որակւել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արեւմուտքի կողմից որպէս աշխարհաքաղաքական առճակատման մաս:

ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն աջակցել եւ շարունակում են աջակցել, բացի ընդունւած ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդութեամբ գործող բանակցային ձեւաչափից, նաեւ եռակողմ գագաթնաժողովներին, որոնց ընթացքում հանդիպում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ղարաբաղեան հարցում Ռուսաստանի գործադրած ջանքերում չեն տեսնում հետխորհրդային տարածքում սահմաններ փոխելու փորձ:

Ի տարբերութիւն այլ հակամարտութիւնների՝ ԼՂ խնդրում երկու հակամարտող կողմերը շահագրգռւած են Ռուսաստանի միջնորդութեան հարցում: Մասնաւորապէս՝ Վլադիմիր Պուտինի եւ հակամարտող կողմերի նախագահների միջեւ անձնական վստահութեան մակարդակն անհամեմատելի է այլ պետութիւնների նախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շփումների հետ:

Այդ պատճառով զարմանալի չէ, որ ղարաբաղեան բանակցութիւնների համար հիմք են հանդիսանում, այսպէս կոչւած, հիմնարար սկզբունքները: Փաստացիօրէն դա Երեւանի եւ Բաքւի միջեւ ապագայ փոխզիջման հիմնական թեզիսներն են, որոնք իրենցից ներկայացնում են Մոսկւայի, Վաշինգտոնի եւ Փարիզի միջեւ փոխզիջում: Այդ հարցում Ռուսաստանը եւ Արեւմուտքը պատրաստ են գործել համատեղ, ինչը համագործակցութեան բացառիկ փորձի հնարաւորութիւն է ընձեռում:

«Իւրաքանչիւր երկիր ունի սեփական պետական քաղաքականութիւնը, բայց այդ քաղաքականութիւնը համաձայնեցւում է ԵԱՀԿ քաղաքական գծի հետ»,- յայտարարել է Ռիչարդ Հոգլանդը՝ հեռանալով Մինսկի խմբի ժամանակաւոր համանախագահի պաշտօնից:

Ռուսաստանի եւ Արեւմուտքի նման համագործակցութիւնը կտրուկ նւազեցնում է հակամարտութիւնում առկայ ռիսկերը: Նման իրավիճակում Բաքուն եւ Երեւանը ստիպւած են լինում մանեւրել՝ թոյլ չտալով չմտածւած քայլեր:

Այնուամենայնիւ, Ռուսաստանի եւ Արեւմուտքի յարաբերութիւնները լի են բազմաթիւ հարցերի առնչութեամբ հակասութիւններով: Դրա հետեւանքով կողմերի միջեւ չկայ վստահութիւն, իսկ Մինսկի խմբի միջնորդները սահմանափակ հնարաւորութիւններ ունեն հակամարտող կողմերի վրայ համատեղ ճնշում գործադրելու հարցում: Ղարաբաղեան գործընթացի շրջանակներից դուրս Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ կոնֆլիկտը ստիպում է ե՛ւ Բաքւին, ե՛ւ Երեւանին ստուգել միջնորդ երկրների միասնութեան դիմացկունութիւնը:

Հակամարտութեան սրացումը լի է վտանգներով ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի համար: Դա նշանակում է, որ ղարաբաղեան հակամարտութիւնը նրանց համար լուրջ խթան է ստեղծում համագործակցելու համար՝ չնայած առկայ հակասութիւններին:

Ակնյայտ է, որ Ռուսաստանն ու Արեւմուտքը չպէտք է չափազանց շատ բաներ պահանջեն հակամարտութեան կողմերից: Առաջին տեղում է շփման գծում միջադէպերի կանխումը, նոր պատերազմի վերսկսման վտանգների նւազեցումը եւ միայն յետոյ բանակցութիւնների իմիտացիոն ձեւաչափի՝ բովանդակալից երկխօսութեան անցումը՝ փոխզիջումների որոնմամբ:

«Ուշադրութիւնը հարկաւոր է կենտրոնացնել դրա վրայ՝ հասկանալով, որ արագ առաջընթաց ակնկալել պէտք չէ: Լեռնային Ղարաբաղի գործընթացը կարող է յաջող մոդել դառնալ, որն այնուհետեւ կը կիրառւի այլ հետխորհրդային հակամարտութիւններում»,- գրում է հեղինակը: 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։