Հա

Քաղաքական

05/10/2017 - 10:20

Թուրքիայի ԱԳՆ-ի կոչը՝ Արցախ այցելել ցանկացող իր քաղաքացիներին

Սեպտեմբերի 22-ին թուրք գործիչների Արցախ կատարած այցի առիթով բարձրացած աղմուկի ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը (ԱԳՆ) 2-րդ յայտարարութիւնն է հրապարակել՝ զգուշացնելով Արցախ այցելել պատրաստւող Թուրքիայի խաղաքացիներին: 

«alikonline.ir» - Սեպտեմբերի 22-ին թուրք գործիչների Արցախ կատարած այցի առիթով բարձրացած աղմուկի ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնը (ԱԳՆ) 2-րդ յայտարարութիւնն է հրապարակել՝ զգուշացնելով Արցախ այցելել պատրաստւող Թուրքիայի խաղաքացիներին: Գրում է «panorama.am»-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտօնական կայքում տեղադրւած յայտարարութեան մէջ Թուրքիայի քաղաքացիներին զգուշացւում է՝ առանց Ադրբեջանի իշխանութիւնների թոյլտւութեան չայցելել Արցախ:

«Առանց Ադրբեջանի իշխանութիւնների թոյլտւութեան ադրբեջանական օկուպացւած շրջաններ այց կատարելը հակասում է միջազգային իրաւունքին, իսկ Ադրբեջանի օրէնքներով դրանց համար տարբեր պատիժներ են նախատեսւում: Բացի այդ յորդորում ենք մեր քաղաքացիներին խուսափել օկուպացւած տարածքներ այցելելուց, քանի որ այդ տարածքներում հնարաւոր չէ մեր երկրի հիւպատոսական առաքելութեան միջոցով իրականացնել մեր քաղաքացիների անհրաժեշտ պաշտպանութիւնը»,- ասւած է յայտարարութեան մէջ:

Աղբիւրը յիշեցնում է, որ նոյն թեմայով Թուրքիայի ԱԳՆ-ն իր առաջին յայտարարութիւնը տարածել էր սեպտեմբերի 29-ին: Յայտարարութեան մէջ մասնաւորապէս ասւած էր.

«Ադրբեջանի օկուպացւած տարածքներ մեր 4 քաղաքացիների՝ վերջերս կատարած այցելութիւնը, կատարւել է առանց պետական մարմինների հետ խորհրդակցելու: Դա իրենց անհատական նախաձեռնութեամբ է եւ որեւէ կերպ չի արտացոլում Թուրքիայի պաշտօնական քաղաքականութիւնը»:

Ադրբեջանի դատախազութիւնը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների եւ ձախակողմեանների կուսակցութեան հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպութեան ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամաւոր Վֆուք Վրասի, գրող, հրապարակախօս Սաիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի ու Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերեալ կալանաւորման որոշում է կայացրել եւ միջազգային հետախուզում յայտարարել: Ադրբեջանը նշեալ անձանց ձերբակալելու համար դիմել է Թուրքիայի համապատասխան կառոյցներին:

Թուրք գործիչները «Արեւմտահայոց ազգային համագումար» միջազգային ոչ կառավարական կազմակերպութեան համանախագահ Արագած Ախոյեանի նախաձեռնութեամբ սեպտեմբերի 22-ին ճանաչողական այցով գտնւել են Արցախում եւ Ստեփանակերտում հանդէս եկել մամլոյ ասուլիսով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։