Հա

Քաղաքական

Կիրակի, 08 Հոկտեմբերի 2017 12:40

Թուրքիայից փախուստի դիմած Սեւան Նիշանեանը հարցազրոյց է տւել թուրքական ամենայայտնի ընդդիմադիր պարբերականին

Պոլսահայ մտաւորական, լեզւաբան Սեւան Նիշանեանը բացառիկ հարցազրոյց է տւել թուրքական ամենայայտնի ընդդիմադիր պարբերականին՝ «Cumhuriyet»-ին, որը սակայն խուսափել է հրապարակել այն՝ Նիշանեանի արտայայտած սուր քննադատութիւնների ու թուրք ազգայնականների եւ կրօնամոլների դէմ հեգնանքի պատճառով:

«alikonline.ir» - Պոլսահայ մտաւորական, լեզւաբան Սեւան Նիշանեանը բացառիկ հարցազրոյց է տւել թուրքական ամենայայտնի ընդդիմադիր պարբերականին՝ «Cumhuriyet»-ին, որը սակայն խուսափել է հրապարակել այն՝ Նիշանեանի արտայայտած սուր քննադատութիւնների ու թուրք ազգայնականների եւ կրօնամոլների դէմ հեգնանքի պատճառով: Գրում է «tert.am»-ը:

Նիշանեանը հարցազրոյցի ամբողջական պատճէնը տեղադրել է սոցցանցերից մէկի իր էջում՝ խոստովանելով, որ վստահ էր, որ այն թուրքական մամուլը չի տպագրի:

Բանն այն է, որ թուրք լրագրողի այն հարցին, թէ ինչպիսի Թուրքիա կը ցանկանայ վերադառնալ փախուստի դիմած Նիշանեանը, Յունաստանում բնակութիւն հաստատած հայ մտաւորականը պատասխանել է. «Մի այնպիսի Թուրքիա, որտեղ քեմալիստներն ու իսլամիստները կը ցուցադրւեն թանգարանում` որպէս մի տարօրինակութիւն»:

Աւելի ուշ հարցազրոյցն արտատպել է թուրքական «hayred.net» կայքը՝ շեշտելով, որ հայ մտաւորականի որոշ մտքեր իրենք նոյնպէս չեն կիսում:

«Թուրքական պետութիւնը թուրքական հասարակութեանը ուտող մի քաղցկեղ է: Չեմ կարծում, որ մօտ ապագայում կը կարողանան ուշքի գալ: Լուրջ վիրահատական գործողութիւն է պէտք: Իմ կարծիքով՝ խնդիրը մէկ հոգու մէջ չէ, հարցն այն է, որ խնդիրն իրականում շատ աւելի խորն ու մեծ է, եւ հէնց այդ մէկ հոգու «շնորհիւ» է ջրի երես դուրս գալիս: Իշխանութիւնը փտել է: Կարծում եմ, որ սրանից 100 տարի առաջ աւելի վատ էր փտել: Ինչպէ՞ս կարող է նորից ոտքի կանգնել. բնաւ գաղափար չունեմ: Աւելին ասեմ՝ արդեօք լաւ կը լինի՞, եթէ ոտքի կանգնի... Դրանում էլ վստահ չեմ»,- ասել է Նիշանեանը «Cumhuriyet»-ին տւած հարցարզոյցում:

Հարցազրոյցում Սեւան Նիշանեանը նաեւ պատմել է, որ այժմ գտնւում է Յունաստանի Սամոս կղզում, որտեղ տեղաւորւել է իր ընկերներից մէկի գիւղական փոքրիկ տանը: Մտաւորականը նշել է, որ ամբողջ ժամանակը ծախսում է իր գրքերի վրայ աշխատելով, հեծանիւ քշելով կամ Սամոս կղզու գեղատեսիլ վայրերում ու յատկապէս լեռնային բարձրունքներում երեկոյեան զբօսանքներով:

Նա նաեւ յայտնել է, որ առաջիկայում արդէն պատրաստւում է նոր նախագծերի վրայ աշխատել՝ թէ՛ գիտական, թէ՛ շինարարական ոլորտում:

Հարցին` արդեօք Նիշանեանը յոյս ունի՞ երբեւէ վերադառնալ Թուքրիա, Նիշանեանը պատասխանել է. «Սիրտը «ցանցառ» բան է, միշտ յոյս է տածում»:

Յիշեցնենք, որ Նիշանեանը թուրքական դատարանի կողմից դատապարտւել էր 17 տարւայ ազատազրկման՝ ապօրինի շինարարութեան եւ հարկերից խուսափելու համար առաջադրւած մեղադրանքով:

Ամիսներ առաջ յայտնի դարձաւ, որ 3.5 տարի բանտում գտնւող Սեւան Նիշանեանը փախուստի է դիմել: Աւելի ուշ յայտնի դարձաւ, որ Նիշանեանը Յունաստանում է եւ տեղի իշխանութիւններից ժամանակաւոր կացութեան իրաւունք է ստացել:

Նշենք, որ Նիշանեանը գրել է «Սխալ Հանրապետութիւն» գիրքը (թուրքերէն «Yanlış Cumhuriyet»), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետութեան հիմնադրման առասպելները։ Այն գրւած է 1994 թւականին, սակայն շրջանառւում էր լուսապատճէնը, մինչեւ որ հնարաւոր եղաւ տպագրել 2008 թւականին:

2010 թւականինին Նիշանեանը հրապարակել է «Index Anatolicus»-ը Թուրքիայի աւելի քան 16 հազար տեղանուններով, որոնք փոխւել են թուրքացման քաղաքականութեան պատճառով։ Ներառւած համապարփակ փաստաթղթերը նախկինում չէին հրապարակւել եւ ներկայացնում են հազարաւոր աւանդական անուններ, հիմնականում յունական, հայկական, քրդական, ասորական, արաբական ծագման, որոնք փոխարինւել են թուրքական անուններով 20-րդ դարում։

«Index Anatolicus»-ն առցանց է դարձել 2011 թւականին: Ներկայիս տւեալների բազան ներառում է աւելի քան  հազար քարտէզագրւած տեղանուն։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։