Հա

Քաղաքական

15/10/2017 - 12:00

Իսպանիան հրաժարւում է Թուրքիային արտայանձնել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչած գրողին

Իսպանիայի կառավարութիւնը հրաժարւել է Թուրքիային արտայանձնել ազգութեամբ թուրք Գերմանիայի քաղաքացի 60-ամեայ գրող Դողան Աքանլիին:

«alikonline.ir» - Իսպանիայի կառավարութիւնը հրաժարւել է Թուրքիային արտայանձնել ազգութեամբ թուրք Գերմանիայի քաղաքացի 60-ամեայ գրող Դողան Աքանլիին: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին տեղեկացնում է իսպանական «El Pais»-ը:

«Ռեջեբ Թայիբ Էրդողանի ռեժիմը պահանջել էր արտայանձնել Աքանլիին՝ նրան մեղադրելով ահաբեկիչների հետ ենթադրեալ կապեր ունենալու մէջ: Իսպանական կառավարութեան նման որոշումը, սակայն սպասելի էր՝ հաշւի առնելով, որ անցած տարւայ սեպտեմբերի 29-ին այն մերժել էր նաեւ Անկարային արտայանձնել ազգութեամբ թուրք Շւեդիայի քաղաքացի լրագրող Համզա Եալչինին»,- գրում է թերթը:

Իսպանիայի կառավարութիւնն իր որոշումը հիմնաւորել է այն հանգամանքով, որ Աքանլիին 1993թ-ին Գերմանիայում փախստականի կարգավիճակ է տրամադրւել, իսկ 2001թ-ին նա զրկւել է Թուրքիայի քաղաքացիութիւնից: Ըստ Իսպանիաի արդարադատութեան նախարարութեան՝ ապաստանի տրամադրման համար եղած պատճառները դեռեւս պահպանւում են:

Ինտերպոլին կատարած Թուրքիայի դիմումի հիման վրայ Դողան Աքանլին բերման էր ենթարկւել այս տարւայ օգոստոսի 19-ին Գրանադայում գտնւող հիւրանոցներից մէկից, որտեղ իր կնոջ հետ անցկացնում էր արձակուրդը:

«Աքանլին յայտնի է 20-րդ դարի սկզբի Հայոց Ցեղասպանութեան մասին պատմող իր գրքերի համար, իսկ այդ թեման տաբու է Թուրքիայում: Այդ երկրի իշխանութիւնները մեղադրում են գրողին ահաբեկիչների հետ կապեր ունենալու, գողութիւններ ու սպանութիւններ ծրագրելու մէջ. այս մեղադրանքները կարճւել էին, սակայն գործը վերաբացւել էր 2011թ-ին»,- գրում է «El Pais»-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլն Աքանլիի հարցն անձամբ է բարձրացրել իսպանացի իր գործընկեր Մարիանո Ռախոյի հետ օգոստոսին Փարիզում ունեցած հանդիպման ժամանակ, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիէլն իր երկրի գոհունակութիւնն է արտայայտել Իսպանիայի կառավարութեան կայացրած որոշման առնչութեամբ:

«Գերմանիան եւ Շւեդիան դատապարտել են Ինտերպոլի գործիքների օգտագործումը կեղծ նպատակներով, մասնաւորապէս քաղաքական այլախոհների հանդէպ ճնշումներ գործադրելու համար»,- ամփոփում է իսպանական թերթը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։