Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 18 Հոկտեմբերի 2017 13:20

«Aftenposten». «Ինչպէս է Ադրբեջանը գնում եւրոպացիներին»

«Aftenposten»-ն ադրբեջանցի նախկին դիւանագէտ Արիֆ Մամադովի օգնութեամբ փորձել է բացայայտել, թէ Բաքուն ինչու եւ ինչպէս է գնում եւրոպացի քաղաքական գործիչներին:

«alikonline.ir»-  Արիֆ Մամադովը ռիսկի չի դիմում։ Երբ 53-ամեայ ադրբեջանցին հանդիպում է այլ ադրբեջանցիների, ոչինչ չի խմում եւ չի ուտում։ Երբ հայրենակիցները ժամանում են Բրիւսել, նա յարգալից ընդունում է իրեն նւէր բերւած սնունդն ու ըմպելիքները։ Յետոյ թափում է։ Նոյնիսկ եթէ բերողներն իր բարեկամներն են, այդ մթերքների հետ ինչ-որ մէկը կարող էր աշխատած լինել: Ըստ «news.am»-ի՝ գրում է «Aftenposten»-ը։

Երկար տարիներ Մամադովը ռեժիմի մաս է եղել՝ աշխատելով Եւրոպայի խորհրդում Ադրբեջանի դեսպան։ Այնտեղ էլ ամէն ինչ սկսեց։ 2009 թւականիւ հոկտեմբերի 1-ին Թեորբիորն Եագլանդը զբաղեցրեց կազմակերպութեան գլխաւոր քարտուղարի պաշտօնը։ Մամադովն անմիջապէս եկաւ նորւեգացու ստրասբուրգեան գրասենեակ։ Նա այլեւս չէր կարող տեսնել, թէ ինչպէս է իր երկիրը կաշառում Եւրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)։

Մամադովը պատմում է, թէ զգուշացրել է Եագլանդին, թէ ինչպէս է աշխատում այսպէս կոչւած «խաւիարային դիւանագիտութիւն»-ը եւ դա կոռուպցիա է անւանել։ Նա պնդում է, որ Եագլանդին խնդրել է դադարեցնել դա։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում նրան դաւաճան են անւանում։ Մի քանի անգամ հնչել են «բեռնախցիկը խցկելու, տուն բերելու եւ բանտ նետելու» սպառնալիքներ։

Ադրբեջանցիները յուսալի համակարգ ունեն, պատմել է Մամադովը «Aftenposten»-ի թղթակցին, Բրիւսելում կայացած հանդիպմանը։ Նրանք ընտրում են տարեց քաղաքական գործիչների, որոնք հայրենիքում ապագայ չունեն։ Նրանց հեշտ է գնելը։

Նախ այդ գործիչներին հրաւիրում են Բաքու՝ համաժողովի։ Օդանաւակայանից լիմուզինով տանում են քաղաքի լաւագոյն հիւրանոց եւ տեղաւորում պենտհաուսի լիւքս համարում։ Նրանց շքեղ կերակրում եմ, բժշկական ապահովագրութիւն եւ այլ ծառայութիւններ տրամադրում։ Մեկնումից առաջ նւէր են տալիս ոսկէ ժամացոյցներ, ձեռագործ գորգեր եւ կիլոգրամներով սեւ խաւիար։ Հէնց այդ պատճառով էլ առաջացել է «խաւիարային դիւանագիտութիւն» անւանումը։

Մամադովը Եագլանդին պատմել է, որ Ադրբեջանն այդկերպ ազդեցութիւն է գնում Խորհրդարանական վեհաժողովում։ Եագլանդը հաստատել է 2009-2012 թւականներին կայացած գաղտնի հանդիպումների փաստը, բայց հերքում է, թէ լսել է խաւիարային դիւանագիտութեան կամ կոռուպցիայի մասին։ Ստացւում է, թէ Եագլանդն ու նախկին դեսպանը ասւածի տարբեր վարկածներ ունեն։ Եագլանդը պնդում է, թէ վախեցել է դեսպանի կողմից կրկնակի խաղից եւ չէր կարող ներգրաււած լինել ներքին իշխանական պայքարին, կամ գայթակղւած լինէր խօսել Ադրբեջանի մասին բացասական բաներ, որոնք հետագայում կարող էին օգտագործւել իր դէմ։

Թէեւ Եագլանդն ասում է, թէ ոչինչ չի լսել խաւիարային դիւանագիտութեան մասին դեսպանի հետ զրոյցներում, այդուհանդերձ, 2012 թւականին արտայայտւել է այդ կապակցութեամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների հետ զրոյցում։

Դրանից անմիջապէս յետոյ Եագլանդը հարցազրոյց է տւել «The New York Times»-ին։ Եւրոպայի Խորհրդի ղեկավարը նշել է, թէ կոռուպցիայի դէմ պայքարն իր թիւ մթկ գործն է սարքել, սակայն սկզբում պթտք է կարգի բերել սեփական տունը։

«Aftenposten»-ն այդ կապակցութեամբ հարցազրոյցներ է վարել 50 նորւեգացի եւ օտարերկրայ խորհրդարանականների, պաշտօնեաների, դիւանագէտների, կազմակերպութիւնների եւ գիտնականների հետ։ Բացի այդ, ծանօթացել են 20 զեկոյցներին, զրուցել Ադրբեջանի եւ Եւրոպայի Խորհրդի 30 ընդդիմադիր գործիչների, իրաւապաշտպանների եւ լրագրողների հետ։

Այդ զրոյցները վկայում են, որ նոր անդամ-պետութիւններն արագօրէն միութիւններ են ստեղծել այլ երկրների հետ, օգտագործել լոբբիստներին։ Բացի այդ, նրանք լայնածաւալ խաւիարային դիւանագիտութիւն են վարել։ Արդիւնքում, ինչպէս պնդում են, հին ժողովրդավարութիւններն արագօրէն ճնշւել են։ ԵԽԽՎ նոր անդամ-պետութիւնների փոփոխման փոխարէն հակառակն է եղել։ Ոչ մի երկիր այդ խաղում Ադրբեջանի պէս ճարպիկ չի եղել։

Եւրոպայի խորհրդի բարձրագոյն ղեկավարը կատարւածի մասին լռել է: «European Stability Initiative» (Gerald Knaus) ուղեղային կենտրոնի աշխատակցի խօսքով՝ Ադրբեջանի իշխանութիւնների նամակից յետոյ, Եագլանդը դադարել է լրատւամիջոցներով քննադատել խաւիարային դիւանագիտութիւնը:

Համաձայն ռուս-լեհական «Freedom Files» գիտահետազօտական ինստիտուտի վերջին զեկոյցի՝ պատգամաւորները մօտաւորապէս 50 հազարական դոլար են ստացել, որպէսզի ակտիւ մասնակցեն քննարկումներին եւ քւէարկեն այնպէս, ինչպէս Ադրբեջանն է ուզում:

Եղել են դէպքեր, երբ ռեժիմը 200 հազար դոլար է ծախսել արշաւի համար, որի նպատակն է եղել կարեւոր պաշտօնում բարեկամաբար տրամադրւած գործչին ընտրելը:

Ադրբեջանին պաշտպանող մի շարք քաղաքական գործիչներ ԵԽԽՎ-ում առանցքային պաշտօններ են ստացել: Դրանք Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի եւ Բելգիայի քաղաքական գործիչներն են:

Նրանք Ադրբեջանի պետական լրատւամիջոցներին հարցազրոյցներ են տւել՝ գովաբանելով երկրին, ժողովրդավարութեան առաջընթացը եւ նախագահ Ալիեւին՝ որպէս խոշոր պետական գործչի:

Ինչո՞ւ էր Ադրբեջանը գնում ազդեցութիւնը: Ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ իրաւապաշտպանները հաստատում են, որ ռեժիմի համար կարեւոր է ցոյց տալ, որ Արեւմուտքում լայն աջակցութիւն ունի:

Բացի այդ, այս կովկասեան պետութիւնն ակտիւ աշխատում է, որպէսզի ԵՄ-ի կարեւոր դաշնակցի դիրքում լինի: Վերջին տարիներին Ադրբեջանը Իտալիայի իշխանութիւնների եւ ԵՄ-ի հետ բանակցութիւններ է վարում Անդրադրիատիկ գազամուղի շուրջ, որը պէտք է 4 հազար կիլոմետր ձգւի՝ Բաքւից միչեւ Իտալիայի Պուլեայ քաղաք:

Եւրոպայի խորհրդի սուր քննադատութիւնը կարող է վտանգի ենթարկել 40 միլիարդ եւրօ արժողութեամբ նախագիծը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։