Հա

Քաղաքական

23/10/2017 - 12:30

Հայաստանի շեմին թափւող արիւնը. քրդական քաղաքները սուզւել են քաոսում

Էրբիլում արդէն պոկում ու այրում են ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի դրօշները, որին մեղադրում են քրդերին բախտի քմահաճոյքին թողնելու մէջ:

Արման Վանեսքեհեան

 

«alikonline.ir» - Էրբիլում արդէն պոկում ու այրում են ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի դրօշները, որին մեղադրում են քրդերին բախտի քմահաճոյքին թողնելու մէջ:

Փաստոօրէն, հոկտեմբերի 20-ին Հիւսիսային Իրաքում` Էրբիլի մօտակայքում, իսկական պատերազմ է սկսւել շիաների զինեալ խմբաւորումների (որոնք մտնում են Հաշդի Շաբի շիա միաւորման մէջ) եւ քուրդ զինեալների ջոկատների միջեւ: Դրա նախօրէին Իրաքի կառավարական զօրքերը դուրս էին բերւել Քիրկուկից, ուր մտել էին հոկտեմբերի 16-ին: Քաղաքում թողել էին միայն ոստիկանութեանը, հակաահաբեկչական ջոկատներին եւ յատուկ ծառայութիւններին: Ընդհանուր առմամբ, այս օրերին Հայաստանից մի փոքր հարաւ-արեւմուտք թէժ էր… Այնքան թէժ, որ Քուրդիստանի քրդերը Էրբիլում ցոյցերի ժամանակ պոկում եւ այրում էին ոչ միայն Թուրքիայի, այլեւ ԱՄՆ-ի դրօշները:

Մեծ պատերազմ Քիրկուկի եւ Էրբիլի` «միլիոնատէր» քաղաքների շեմին

Սակայն դրանից յետոյ իրավիճակը չկայունացաւ: Հաշդի Շաբի միաւորումը (որոշ աղբիւրներ պնդում են, որ իրաքեան կանոնաւոր ստորաբաժանումների աջակցութեամբ) շարունակում էր առաջ շարժւել` փորձելով իր վերահսկողութեան տակ վերցնել Քիրկուկի գրեթէ բոլոր գործող նաւթահորերը:

Աւելին, ինչ-որ պահի թւում էր, որ իշխանամէտ ուժերը որոշել են շարունակել յարձակողական շարժումը ինքնավար Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլի ուղղութեամբ: Այնտեղից վերջին հաղորդագրութիւնները ստացւում էին հոկտեմբերի 20-ի լոյս 21-ի գիշերը ուշ երեկոյեան: Տեղեկատւութիւն էր ստացւել, որ քուրդ զօրամիաւորումները երեկոյեան կողմ, վերջապէս, մարտի են բռնւել Էրբիլից ընդամենը 50-60 կմ. հեռաւորութեան վրայ:

Սկզբում համաշխարհային ԶԼՄ-ներն այս տեղեկութեանը թերահաւատօրէն արձագանգեցին, քանի որ միլիոնանոց Էրբիլի վրայ յարձակումը կարող էր նշանակել միայն մէկ բան` մեծ պատերազմի սկիզբ, կոտորած արաբների եւ քրդերի միջեւ: Սակայն յետոյ լրատւամիջոցները տարածեցին Էրբիլի նահանգապետի յայտարարութիւնը, որում նա բնակիչներին հանգստացնում էր` երաշխաւորելով, որ քաղաքը յուսալիօրէն պաշտպանւած է:

Այսինքն, պէտք է հասկանալ, որ քրդական մայրաքաղաքի ծայրամասերում լուրջ բախումներ իսկապէս եղել են, եւ ծանր ու արիւնոտ մարտերի մասին տեղեկութիւնները համապատասխանում էին իրականութեանը:

Դէ իսկ ամենակարեւորն այն է, որ երեկոյեան կողմ Բաղդադը յայտարարեց` Քիրկուկի ողջ նաւթը, մարզի բոլոր հանքավայրերը գտնւում են կառավարական ուժային կառոյցների եւ Հաշդի Շաբի վերահսկողութեան տակ: Փաստօրէն քրդերի եւ արաբների միջեւ Իրաքեան նաւթի համար մղւող մեծ պատերազմն աւարտւեց դեռ չսկսած: Իսկ յաղթողը, ինչպէս եւ սպասւում էր, Բաղդադն էր:

Երբ խաղի մէջ է մտնում իրանցի գեներալ Քազէմ Սուլէյմանին, տարածաշրջանում բոլորը յետ են քաշւում

Եթէ զուտ տարածքային առումով Իրաքի-Քիրկուկի նաւթային հարստութեան համար պատերազմի յաղթանակը պէտք է շնորհել Բաղդադին, ապա վերջին օրերին տեղի ունեցող իրադարձութիւններում քաղաքական յաղթանակը, որքան էլ տարօրինակ չհնչի, մեր հարեւան, դաշնակից եւ բարեկամ Իրանինն է:

Իրականում Թեհրանը լրջօրէն մտահոգւած էր Քուրդիստանի` սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքւէի կապակցութեամբ, թէեւ փորձում էր, ի տարբերութիւն Անկարայի ցոյց չտալ: Սակայն անհանգստութիւնը երբեմն ակնյայտ էր դառնում։ Դրա վկայութիւնն է այն, որ իրանցիները Հիւսիսային Իրաքի սահմանների մօտ տարան ռազմական ուժերը եւ, որ ամենակարեւորն է, Իսլամական յեղափոխութեան պահապանների կորպուսն (ԻՅՊԿ) իր ամենամարտունակ եւ յուսալի ստորաբաժանումներով:

Սկզբունքօրէն մտահոգութիւնը հասկանալի էր, քանի որ անջատողականութիւնը կարող էր Քուրդիստանից տարածւել հարեւան պետութիւնների տարածք, որտեղ բազմամիլիոնանոց քրդական բնակչութիւն է բնակւում:

Աւելին: Քիրկուկում տեղի ունեցած վերջին իրադարձութիւններից յետոյ, երբ քուրդ զօրամիաւորումները Իրաքի «նաւթային մայրաքաղաքն» առանց պայքարի յանձնեցին (թէեւ նախկինում այնտեղ ահարկու յայտարարութիւններ էին հնչում այն մասին, որ ոչ ոք չի կարողանայ մտնել այնտեղ), որոշ մանրամասներ պարզ են դառնում:

Օրինակ` Բարզանիի դէմ ռազմական եւ քաղաքական գործողութիւնները պլանաւորել եւ իրականացրել էր ոչ այլ ոք, քան Իրանից դուրս ռազմական եւ գաղտնի գործողութիւնների իրականացման համար նախատեսւած «Ղոդս» (կազմակերպութիւնը գործում է ԻՅՊԿ-ի կազմում) յատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Ղասէմ Սուլէյմանին: Լեգենդար մարդ, որն ինքնին հաւասարազօր է իրաքեան բոլոր յատուկ ծառայութիւններին, որոնք քրդերից այժմ պաշտպանում են ամբողջ Քիրկուկի տարածքում գտնւող նաւթահորերը:

Բանն այն է, որ նա կապեր ունի ինչպէս Քուրդիստանի հայրենասիրական ուժերի (ՔՀՈՒ), որոնք ղեկավարում է վերջերս մահացած Իրաքի նախկին նախագահ Ջալալ Թալաբանիի որդին` Պաւէլը, այնպէս էլ Հաշդի Շաբի շիա միաւորման հետ: Ոմանք նոյնիսկ ենթադրում են, որ Ղասէմ Սուլէյմանին անմիջականօրէն ուղղորդում է Հաշդի Շաբի զինւած ջոկատների ռազմական գործողութիւնները:

Դէ, իսկ Քիրկուկն, ինչպէս պարզւեց, պաշտպանում էին հէնց ՔՀՈՒ քրդական ռազմական ջոկատները, որոնց հետ, ըստ երեւոյթին, պայմանաւորւածութիւն ունէր Բարզանին, որի ջոկատները պաշտպանում են մայրաքաղաք Էրբիլը:

Ահա հէնց դրանք էլ ՔՀՈՒ-ի ստորաբաժանումները քաղաքը լքեցին անհրաժեշտ պահին`անպաշտպան թողնելով այն ժամանակ, երբ Քիրկուկի կողմ շարժւեցին Իրաքի կադրային ստորաբաժանումներն ու Հաշդի Շաբի ջոկատները:

Այսպիսով, մեծ քաղաքում յաջողւեց խուսափել կոտորածից եւ գլոբալ ռազմական գործողութիւններից, որոնք բազմաթիւ զոհերի կը հանգեցնեին: Աւելին` Քիրկուկի քրդական բնակչութեան մօտ կէսը (նրանք, ովքեր մասնակցել էին հանրաքւէին եւ այժմ վախենում էին Բաղդադի ու շիաների կողմից ենթարկւել բռնաճնշումների) քաղաքից հեռանալու հնարաւորութիւն ստացաւ:

Բարզանին հաւատարիմ եւ ծախւած մաւր է

Լիակատար պարտութիւն տարաւ քուրդ առաջնորդ Բարզանիին, ում, ըստ էութեան, «գցել» են գրեթէ բոլորը: Ամերիկացիները, որոնք հրահրել էին հանրաքւէն, եւ միայն մէկ շաբաթ դրանից առաջ հրաժարւեցին աջակցել Էրբիլին, երբ Բարզանին արդէն չէր կարող հրաժարւել:

Իրանցիները, որոնք միակն էին, որ աջակցեցին Էրբիլին հանրաքւէ անցկացնելու գաղափարին եւ նոյնիսկ խոստացան օգնել պետութեան կայացման եւ պաշտպանութեան հարցում: Թալեբանիի ընտանիքը եւ ՔՀՈՒ-ի քրդական կուսակցութիւնը, որոնք վճռական պահին յանձնեցին Քիրկուկը:

Փաստօրէն, ստացւեց այնպէս, ինչպէս ասում է յայտնի արտայայտութիւնը. «Մաւրն արեց իր գործը…»: Մաւրը Բարզանին էր, որն այժմ կորցրեց ոչ միայն նաւթը, այլեւ Քուրդիստանի որոշակի ինքնավարութեան պահպանման հնարաւորութիւնները:

Աւելին` ամերիկացիները նաեւ այստեղ լուրջ պարտութիւն կրեցին իրանցիներից, քանի որ Սիրիայի գործերում, առանց Քուրդիստանի պէս յաղթաթուղթ ունենալու, Վաշինգտոնը չի կարողանայ ինչ-որ բանի շուրջ սակարկել Մոսկւայի ու Թեհրանի հետ: Իրաքի կանոնաւոր բանակն այժմ դուրս է գալիս երկրի սահմանի հիւսիսարեւմտեան հատւածը եւ իր հսկողութեան տակ է առնում այն անցակէտերը, որոնց միջոցով քրդական ջոկատները հանգիստ տեղաշարժւում էին արեւելեան Սիրիայի եւ Քուրդիստանի միջեւ` փորձելով Սիրիայի կանոնաւոր բանակից յետ վերցնել այն, ինչն արդէն իսկ կորցրել է վերջնական պարտութեան եզրին կանգնած ԴԱԷՇ-ը`սիրիական նաւթային դաշտերը:

Ընդհանրապէս, Բարզանիի եւ նրա արեւմտեան հովանաւորների (Միացեալ Նահանգներ, Իսրայէլ) քաղաքական, տարածքային եւ տնտեսական հաւակնութիւնների «շերտաւոր կարկանդակում» անհեռատես գործողութիւնների շնորհիւ տարածաշրջանում շերտերն աւելացան: Մեզ առնւազն լուրջ պարտիզանական պատերազմ է սպասում, այսպէս կոչւած, «Բրէանսկի անտառներ Նինւէի հովտում», Իրաքի, Սիրիայի եւ Թուրքիայի կադրային ստորաբաժանումների դէմ քրդական ռազմական միաւորումների կողմից: Եւ այս ամէնը Հայաստանի հարաւային սահմաններից ընդամենը երեք ժամ հեռաւորութեան վրայ: Բարզանին ոչ միայն իրեն է փակուղի գցել, այլեւ ամբողջ տարածաշրջանը…

«armeniasputnik.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։