Հա

Քաղաքական

01/11/2017 - 12:10

Թուրք-ադրբեջանական հնարք. հարիւրաւոր միլիոններ Հայաստանի մեկուսացման համա՞ր

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու 100 կիլոմետրանոց հատւածի համար Թուրքիան 10 տարում աւելի քան 700 միլիոն դոլար ծախսեց։ Եւ այդ գումարը նա չխնայեց յանուն մէկ նպատակի, որ Հայաստանը շրջափակման մէջ մնայ, կարծում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը։

«alikonline.ir» - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու 100 կիլոմետրանոց հատւածի համար Թուրքիան 10 տարում աւելի քան 700 միլիոն դոլար ծախսեց։ Եւ այդ գումարը նա չխնայեց յանուն մէկ նպատակի, որ Հայաստանը շրջափակման մէջ մնայ, կարծում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը։

Այսօր (հոկտեմբերի 31-ԽՄԲ.) Ախալցխայից (Ջաւախք) մինչեւ Կարս (Թուրքիա) ձգւող 100 կիլոմետրանոց երկաթուղային հատւածը գործարկւեց: Աւարտւեց Հարաւային Կովկասի երկաթուղային քարտէզը թուրքական երկաթուղու հետ կապելու էպոսը, եւ այսուհետեւ բեռներ եւ ուղեւորներ տեղփոխող գնացքները կարող են տարածաշրջանից մեկնել դէպի Թուրքիա, այնուհետեւ` Եւրոպա:

 

Ինչպէս 100 կմ. կառուցւած երկաթգիծը որպէս 900 կմ. ներկայացնել հանրութեանը

Ճիշտ է`Բաքւում անցկացւած տօնական միջոցառումը ե՛ւ կազմակերպիչները, ե՛ւ տարածաշրջանային ԶԼՄ-ները յսկայական անւանեցին` նշելով, որ բացւեց Բաքու-Թբիլիսի-Ախալցխա-Կարս 900 կիլոմետրանոց երկաթգիծը, բայց նրանք բոլորը դիտաւորեալ խուսափեցին այն փաստից, որ Հարաւային Կովկասի քարտէզի վրայ երկաթուղային սխեման արդէն աւելի քան հարիւր տարւայ պատմութիւն ունի:

Նոր կառուցւած հատւածն իրողութիւն դարձաւ միայն Ադրբեջանի եւ Թուրքիայի ցանկութեամբ` շրջանցելով երկաթգծի հայկական հատւածը, որը բոլոր ժամանակներում Անդրկովկասեան երկաթուղին կապել է Թուրքիայի հետ (նախկինում Գիւմրիից մի ճիւղ էր տանում թուրքական Կարս): Այս ճիւղը Թուրքիան փակեց 1993 թւականին, երբ ամբողջութեամբ փակեց Հայաստանի հետ սահմանը, ինչպէս նաեւ դադարեցրեց քաղաքական բոլոր շփումները:

Այսինքն, վստահօրէն կարելի է ասել, որ 100 կիլոմետրանոց հատւածի կառուցման 10 տարւայ աշխատանքների համար ծախսւած գումարները (ինչպէս հիմա պարզւում է 700 մլն. դոլարը) ծախսեցին Հայաստանի տարածքը շրջանցելու համար: Այսինքն` շարունակելու համար երկրի 25 տարւայ տրանսպորտային շրջափակումն ինչպէս արեւմուտքից, այնպէս էլ արեւելքից:

Ու թէեւ փորձագէտները, վերլուծաբաններն ու տնտեսական մեկնաբանները պնդում են, որ 900 կմ. ճանապարհը կառուցւել է միայն տնտեսական նկատառումներով, նրանց պնդումներին կարելի է չհաւատալ:

Անդրկովկասի երկաթուղին թուրքական երկաթուղու հետ կապող ճանապարհը միշտ եղել է: Կրկնում եմ`Թուրքիան փակեց այդ ճանապարհը, եւ վերջին տասը տարում ծախսւած աւելի քան 700 միլիոն դոլարը Հայաստանը շրջափակման մէջ թողնելու գինն է:
Իսկ այդ գումարի կէսը, պարզւում է, Բաքուն Թբիլիսիին է տրամադրել վարկի տեսքով, այսինքն` Վրաստանը տարիներ շարունակ հարեւանին գումար կը տայ այն փողերից, որը կը ստանայ իր տարածքով բեռների եւ ուղեւորների տարանցման համար:

Ճանապարհը Չինաստանի ամենեւին էլ պէտք չի գայ… Դէ, բացառութեամբ, գուցէ Ղազախստանի:

Ինչեւէ, Բաքու-Թբիլիսի-Ախալցխա-Կարս երկաթգծով առաջին գնացքը ճամբայ դուրս եկաւ:

Ընդհանրապէս արդէն ասւել էր, որ թերեւս միայն Ղազախստանին ձեռնտու կը լինի անդրկովկասեան եւ թուրքական երկաթուղիները կապող նոր հատւածը: Դէ, գուցէ մէկ ել Թուրքմենստանին: Չնայած, միւս կողմից նրանք երկուսն էլ պէտք է Եւրոպա հասնեն Թուրքիայի տարածքով, Կասպից ծովում ապրանքները տեղափոխեն լաստանաւեր, իսկ յետդարձի ճանապարհին էլ` հակառակը: Այնպէս որ, բեռնափոխադրումն այնքան էլ էժան չի ստացւում, որքան թւում է առաջին հայեացքից: Թէեւ Ղազախստանն ունի Ռուսաստանով Եւրոպա հասնելու ցամաքային ճանապարհ եւ բեռները նաւեր տեղափոխելու կարիք չունի:

Երկաթգծի կառուցմանը մասնակից երկրները նշում են, որ նախագիծը շուրջ 4.5 միլիարդ բնակչութեամբ աշխարհի աւելի քան 60 երկիր միաւորող «Մետաքսէ ճանապարհ»-ի կարեւոր բաղադրիչն է։ («Մետաքսէ ճանապարհ» անւամբ երկաթգծի շինարարութեան նպատակն է ընդլայնել Չինաստանի համագործակցութիւնը եւրասիական մայրցամաքի հետ՝ Շանհայից մինչեւ Բեռլին):

Բայց չի կարելի ասել, որ այս նոր ճիւղը «Մետաքսի ճանապարհ»-ի լուրջ օղակ կը դառնայ, քանի որ Իրանը, որի միջով Չինաստանը մտադիր է բեռնափոխադրումներ կատարել Մետաքսի ճանապարհով, վաղուց երկաթուղային կապ ունի Թուրքիայի հետ, եւ այն անցնում է Թաւրիզ (Իրան) - Վան (Թուրքիա) գծով:

Չինաստանին ուղիղ ելք է պէտք դէպի Սեւ ծովի ափ, եւ չինական կորպորացիաները աշխատում են հէնց այդ տրանսպորտային վեկտորի վրայ:

Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացւած Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հանդիսաւոր արարողութեանը մասնակցեցին Թուրքիայի եւ Ղազախստանի նախագահներ Ռեջեբ Էրդողանը եւ Նուրսուլթան Նազարբաեւը, ինչպէս նաեւ Վրաստանի եւ Ուզբեկստանի վարչապետներ Գիորգի Կւիրիկաշւիլին եւ Աբդուլա Արիպովը։ Այս նախագծի քաղաքական բաղկացուցիչը մէկն է` մեկուսացնել Հայաստանը։ Եւ յանուն այդ նպատակի 10 տարի շարունակ կառուցեցին երկաթուղու 100 կիլոմետրանոց հատւածը եւ աւելի քան 700 միլիոն դոլար ծախսեցին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։