Հա

Քաղաքական

04/11/2017

Ս. Մարկեդոնով. «Եթէ չլիներ ՌԴ-Արեւմուտք ներկայ լարւած վիճակը, նրանք ճնշում կը գործադրէին կոնֆլիկտի կողմերի վրայ ու ԼՂ հիմնահարցը փոխզիջումներով կը լուծւեր»

Երբ ղարաբաղեան հակամարտութեան կողմերը միմեանց չեն վստահում, կարգաւորման գործընթացը գնալով բարդանում է: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Ռուսաստանի հումանիտար գիտութիւնների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը: 

Ըստ նրա, եթէ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ չլինէր ներկայիս լարւած իրավիճակը, ապա նրանք ճնշում կը գործադրէին հակամարտութեան կողմերի վրայ ու փոխզիջումների արդիւնքում հիմնահարցը կը լուծւեր, սակայն ներկայումս ոչ՛ Ռուսաստանը, ոչ՛ Արեւմուտքը նման մտադրութիւններ չունեն:

«alikonline.ir» - Երբ ղարաբաղեան հակամարտութեան կողմերը միմեանց չեն վստահում, կարգաւորման գործընթացը գնալով բարդանում է: «tert.am»-ի հետ զրոյցում այս մասին ասաց Ռուսաստանի հումանիտար գիտութիւնների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագէտ Սերգէյ Մարկեդոնովը: 

Ըստ նրա, եթէ Ռուսաստանի ու Արեւմուտքի միջեւ չլինէր ներկայիս լարւած իրավիճակը, ապա նրանք ճնշում կը գործադրէին հակամարտութեան կողմերի վրայ ու փոխզիջումների արդիւնքում հիմնահարցը կը լուծւեր, սակայն ներկայումս ոչ՛ Ռուսաստանը, ոչ՛ Արեւմուտքը նման մտադրութիւններ չունեն:

Հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ն ու Արեւմուտքը ճնշում չեն բանեցնում, որպէսզի հակամարտութիւնը լուծւի, արդեօք բացի տարաձայնութիւններից կա՞յ այլ խոչընդօտ, Սերգէյ Մարկեդոնովը պատասխանեց. «Այս հարցը ոչ՛ ՌԴ համար, ոչ էլ ԱՄՆ համար առաջնային չէ: Գուցէ իմ ասածը մի քիչ ցինիկ հնչի, բայց անկեղծ է. կոպիտ ասած, իրավիճակը հետեւեալն է՝ շատ չեն կրակում, լաւ է: Այնպէս որ, ակնկալել, որ կը լինի առաջընթաց, որ կողմերի միջեւ տեղի ունեցող հանդիպումները խթան կը հանդիսանան, այդպէս չէ»:

Միաժամանակ, Սերգէյ Մարկեդոնովն ասաց, որ հանդիպումները, բանակցութիւնները քիչ բան չեն. եթէ դրանք չլինեն, կը լինի պատերազմ: Ի պատասխան դիտարկմանը, թէ կարծիքներ կան, որ այդ հանդիպումները, բանակցութիւնները անարդիւնաւէտ են, Մարկեդոնովը հարց տւեց՝ իսկ ո՞րն է արդիւնքը:

«Քաղաքականութիւնը հնարաւորի արւեստ է, այն ֆանտազիա չէ: Ներկայիս ստատուս քւօն լաւագոյնն է, որ կարող էր լինել՝ հաշւի առնելով կողմերի ոչ փոխզիջումային մօտեցումները, առարկայական բանակցութիւնների բացակայութիւնը, որոնք 2011 թւականի Կազանի գագաթաժողովից յետոյ չեն տարւում: Դրան յաջորդող ցանկացած հանդիպում նւիրւած է նրան, որ «եկէք չպատերազմենք», բայց յետոյ նորից լարւածութիւնը մեծանում է»,- ասաց նա:

Խօսելով այն տեսակէտների մասին, որ հակամարտութեան կարգաւորմանը խանգարում է Մոսկւան, ապա փորձագէտն ասաց, որ համաձայն չէ: Ըստ նրա՝ այդ թեզը շրջանառութեան մէջ է դրւել արեւմտեան փորձագիտական շրջանակների կողմից: «Ղարաբաղի պարագայում Ռուսաստանը դոմինանտ դերակատարութիւն չունի: Հակամարտութիւններ կան, որտեղ ՌԴ ազդեցութիւնը զրոյական է, շատ քիչ է, բայց դրանք չեն լուծւում: Օրինակ` Կիպրոսը: 25 տարին այդքան էլ շատ չէ»,- աւելացրեց նա:

Անդրադառնալով սպառազինութեան գնման համար ՌԴ կողմից Հայաստանին 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրման մասին, Սերգէյ Մարկեդոնովն ասաց, որ դա ամենեւին չի նշանակում, որ տարածաշրջանում հաւասարակշռութիւնը խախտւած է եղել եւ հիմա Մոսկւան փորձում է կարգաւորել դա:

«Ես չէի ասի, թւ հաւասարակշռութիւնը խախտւած է եղել: Գիտեմ, որ կարծիքներ կան, թէ 2016թ թւականից առաջ հաւասարակշռութիւնը խախտւած է եղել: Մենք պատանդ ենք դարձել ապրիլեան իրադարձութիւնների, որովհետեւ տպաւորութիւն է, թէ դրանից առաջ ոչինչ չի եղել, որ ամէն ինչ խաղաղ է եղել: Այնինչ, լարւածութիւնը աստիճանաբար մեծացել է եւ ոչ այն պատճառով, որ Ռուսաստանը Ադրբեջանին զէնք է վաճառել: Դա երկրորդական հարց է, եթէ չլինի ռուսական զէնքը, կը լինի իսրաէլական զէնք, ամերիկեան զէնք: Փաստ է, որ Ադրբեջանը ձգտում է զէնք ունենալ, պահանջարկ ունի, փաստ է, որ ցանկութիւն ունի հարցը ուժով կարգաւորել: Մենք պէտք է մտածենք, թէ ինչպէս նւազեցնենք այս ցանկութիւնները»,- շեշտեց Ս. Մարկեդոնովը:

Փորձագէտի խօսքով՝ փոխզիջում լինելու է, երկու կողմից էլ փոխզիջումների գնալու են: «Ես Ադրբեջանում էլ ասել եմ՝ 1988 թւականին վերադարձ չի լինելու: Մադրիդեան նորացւած փաստաթղթերում նկարագրւած զարգացումները այսպէս, թէ այնպէս իրագործւելու են: Հարցը որակի մէջ է, թէ ինչ ծաւալով են դրանք կատարւելու: Բանակցութիւններն այս հարցի շուրջ են ընթանում: Կողմերից մէկը չի կարողանայ յաղթել միւսին, որովհետեւ ոչ մէկն էլ ռեսուրս չունի:

Պատկերացնենք՝ ադրբեջանցիներին ու հայաստանցիներին նստեցնեն ու նոյն հարցը տան՝ ո՞րն է հակամարտութեան կարգաւորումը: Ձեզ միանգամայն տարբեր պատասխաններ կը տան: Բաքւից կասեն, որ դա Ադրբեջանի դրօշն է Ստեփանակերտում: Հայկական կողմը համաձայն կը լինի՞ այս տարբերակին, իհարկէ ոչ»,- ասաց նա:

Սերգէյ Մարկեդոնովն ասաց, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը ՌԴ համար կարեւոր գործընկեր է, որովհետեւ սահմանակից է Դաղստանին, իսկ Ռուսաստանը չի կարող թոլլ տալ, որ Կովկասում եւս մէկ Վրաստան ձեւաւորւի: Միաժամանակ, ըստ նրա, Ռուսաստանը չի էլ օգնում ու չի օգնի Բաքւին լուծել իր խնդիրները, որովհետեւ Ռուսաստանն առաջին հերթին հետապնդում է իր երկրի շահերը:

«Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը՝ Հայաստանը, քիչ բան չի ստանում. սպառազինութիւն ներքին գներով, ռազմական բազա Գիւմրիում: Ճանապարհը դէպի ՆԱՏՕ Հայաստանը չունի, որովհետեւ Թուրքիային որեւէ մէկն այդ Դաշինքից չի հեռացրել: Եւրոմիութիւնը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընտրութիւն չի կատարելու: Ասել, որ հէնց հիմա Ռուսաստանի փոխարէն կարելի է գտնել այլ վեկտոր, այդպէս չէ: Կարելի է Ռուսաստանի հետ փոխլրացնող վեկտոր գտնել, բայց ոչ Ռուսաստանի փոխարէն: Հայ-ռուսական համագործակցութեանն այլընտրանք չկայ: Ես սա չեմ ասում նրա համար, որ ունեմ ռուսական անձնագիր»,- նշեց Մարկեդոնովը:

Քաղաքագէտն ասաց, որ եթէ ինչ-ինչ հարցերում հայ-ռուսական դիրքորոշումները նման չեն, ապա դա չի նշանակում, որ չի կարելի գտնել ընդհանուր մօտեցումներ: Ըստ նրա՝ ապրիլեան իրադարձութիւնները կարմիր լոյս դարձան ՌԴ համար:

«Կուլիսներում ակտիւ քննարկումներ են եղել, գուցէ պաշտօնական մակարդակում դրանք չեն արտայայտւել, բայց դրանից դուրս ակտիւ քննարկումներ են եղել, որ Ադրբեջանի զէնքի պարագայում ոչ ֆորմալ պայմանաւորւածութիւններ կան, որ այդ զէնքը ոչ մի դէպքում չպէտք է օգտագործւեր հակամարտութիւնը սրացնելու համար: Ռուսաստանը չի կարող Ադրբեջանի վրայ յարձակւել, բանակցութիւններ են գնում ու հնարաւոր է, որ զէնքի հետագայ մատակարարումներով որոշակի նոմենկլատուրա կրճատւի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։