Հա

Քաղաքական

04/11/2017 - 11:40

«Երբ, ինչպէս եւ ում բաժանւեց հայերի գոյքը Թուրքիայում յետցեղասպանական շրջանում». թուրք ուսումնասիրողի հարցազրոյցը

Թուրքական «gazeteduvar.com.tr» կայքը զրուցել է Օսմանեան կայսրութիւնում եւ Թուրքիայում հայերի եւ յոյների գոյքի անօրինական բռնագրաւումների, այս ժողովուրդների թողած տնտեսական եւ մշակութային ժառանգութեան թրքացման շուրջ ուսումնասիրութիւններ կատարող լրագրող Նեւզաթ Օնարանի հետ: 

«alikonline.ir» - Թուրքական «gazeteduvar.com.tr» կայքը զրուցել է Օսմանեան կայսրութիւնում եւ Թուրքիայում հայերի եւ յոյների գոյքի անօրինական բռնագրաւումների, այս ժողովուրդների թողած տնտեսական եւ մշակութային ժառանգութեան թրքացման շուրջ ուսումնասիրութիւններ կատարող լրագրող Նեւզաթ Օնարանի հետ: Գրում է «tert.am»-ը:

Լրագրող հետազօտողը ուշադրութիւն է հրաւիրում այն փաստի վրայ, որ Թուրքիայում տնտեսական ուժը հայերի եւ յոյների ձեռքից խլելու գործընթացը չի աւարտւել ցեղասպանական շրջանով եւ ձգւել է ընդհուպ մինչեւ 1940-ականներ:

«1914 թւականին արւած մարդահամարի տւեալներով Օսմանեան կայսրութեան բնակչութիւնը կազմել է 18 միլիոն: Ըստ իմ հաշւարկի՝ դրանցից 15 միլիոնը ներառում էին ներկայիս Թուրքիայի Հանրապետութեան սահմանները: Այս թւի 20 տոկոսը կազմել է քրիստոնեայ բնակչութիւնը, շատ փոքր հատւածը՝ հրեաները: 1913-14 թւականներին յոյների դէմ ուղղւած հետապնդումները, 1915-ի Հայոց Ցեղասպանութիւնը, 1920-22 թւականներին յոյների բռնի արտագաղթը ու նոյնատիպ բազմաթիւ պատմական իրադարձութիւններ բերեցին նրան, որ այսօր կրօնական փոքրամասնութիւնները կազմում են Թուրքիայի բնակչութեան ընդամենը 1 տոկոսը»,- նշում է ուսումնասիրողը:

Շարունակելով թեման՝ թուրք հեղինակը նշում է, որ մինչ առաջին համաշխարհային պատերազմը յոյն բնակչութիւնը մեծամասնութիւն է կազմել հիմնականում սեւծովեան շրջանում, Անատոլիայի կենտրոնական հատւածներում, Մարմարա եւ Էգէյեան ծովերի ափերին: Հայերը աւելի մեծաթիւ էին Վանի, Էրզրումի, Բիթլիսի, Սեբաստիայի, Մուշի եւ Դիարբեքիրի պէս վիլայեթներում, ինչպէս նաեւ համայնքներ ունէին Թուրքիայի արեւմտեան Բուրսա, Անկարա եւ երկրի կենտրոնական մի շարք քաղաքներում:

«Ուսումնասիրութիւնները ցոյց են տալիս, որ մինչ 1915 թւականը երկրի տնտեսութեան եւ արդիւնաբերութեան մեջ թուրք-իսլամական բնակչութեան բաժինը կազմում էր ոչ աւելի քան 15 տոկոս: Օսմանեան տնտեսութեան մէջ յոյների մասնաբաժինը հասնում էր 50 տոկոսի, հայերինը՝ 20-ի»,- ասում է Օնարանը՝ նշելով նաեւ հրեաների ու օտարերկրեայ քաղաքացիների ունեցած որոշակի դիրքերի մասին:

Ըստ թուրք ուսումնասիրողի՝ հայերի եւ յոյների գերիշխանութիւնը Օսմանեան տնտեսութեան մէջ  այս ժողովուրդների «մեղաւորութիւնը» չէր, այլ Օսմանեան պետութեան հասարակական կառուցւածքի արդիւնքը: Եւ չնայած դրան՝ հայ եւ յոյն առեւտրականներն ու արդիւնաբերողները յայտնւեցին ազգյանական թիրախի տակ ոչ միայն դեմոգրաֆիկ, այլեւ տնտեսական իմաստով:

Օնարանը շեշտում է, որ երիտթուքերի այս գործելաոճը, վերածւելով պետական քաղաքականութեան, փոխանցւել է նաեւ նրանց յաջորդած իշխանութիւններին՝ այդ թւում եւ ներկայումս իշխող «Արդարութիւն եւ զարգացում» կուսակցութեանը:

Արեւմտեան Հայաստանի պատմական Մալաթիա շրջանում ծնւած եւ մեծացած Նեւզաթ Օնարանը յիշում է, որ սեփական գիւղում իր մանկութեան տարիներին միայն մէկ հայ ընտանիք էր մնացել, իսկ գիւղի ամենամեծ ցորենի դաշտը, որը բոլորին յայտնի էր «Աղայի դաշտը» անունով, աւելի ուշ պարզւեց, որ ոչ թէ քուրդ աղայինն էր, այլ հայ Յովհաննէսինը: Իր հերթին մօտակայքում ապրող մի աղքատ գիւղացի էլ հայերից մնացած մէկ այլ տարածք էր սեփականաշնորհել:

«Այստեղ գոյքի իւրացման այսպիսի զանգւածային համակարգ էր գործում»,- պատմում է Օնարանը:

Ցեղասպանութեան ենթարկւած ժողովրդի գոյքի իւրացման մեխանիզմն, ըստ Օնարանի, առաւել մանրամասն մշակւեց ու գործի դրւեց արդէն Հանրապետական Թուրքիայի շրջանում. 1920-ական թւականներին գոյքի օտարման ու պետականացման վերաբերեալ Թուրքիայում 13 նոր օրէնք է ընդունւել, որոնք բոլորն էլ գործի են դրւել:

Հէնց այդ նպատակով հիմնւած ու 1915-ից 1924 թւականներին գործունէութիւն ծաւալած Գոյքի դասակարգման յանձնաժողովը նախ գրանցում էր բռնագաղթի ենթարկւած հայերի ու յոյների գոյքը, այնուհետեւ վաճառքի անւան տակ վերաձեւակերպում անհատ անձանց կամ ընկերութիւնների անունով:

Բոլոր այս վերաձեւակերպումներն ու հին տւեալները պահպանւել են այս յանձնաժողովի գրանցամատեաններում, մինչդեռ դրանց արխիւներին հասնելն այսօր բոլորովին դիւրին չէ:

«Ըստ իս՝ արխիւներն առկայ են, բայց չեն հրապարակւում: Եթէ ցոյց տան, կերեւայ՝ ում գոյքը ում են փոխանցել: Այն, որ գրանցամատեանները պահպանւել են, փաստում են 2004 թւականին սեբաստացի Յակոբի թոռան գոյքի վերադարձի հետ կապւած դատական գործի ընթացքում Թուրքիայի Արդարադատութեան նախարարութեան կողմից ուղարկւած փաստաթղթերը»,- նշում է Օնարանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։