Հա

Քաղաքական

Շաբաթ, 11 Նոյեմբերի 2017 10:30

Արսինէ Խանջեանը մտահոգւած է թուրք մտաւորական Օսման Քաւալայի կալանաւորմամբ

Կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջեանը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ կոչ անելով ազատ արձակել Թուրքիայում կալանաւորւած իրաւապաշտպան Օսման Քաւալային:

«alikonline.ir» - Կանադահայ դերասանուհի Արսինէ Խանջեանը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ կոչ անելով ազատ արձակել Թուրքիայում կալանաւորւած իրաւապաշտպան Օսման Քաւալային:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, յայտարարութեան մէջ ասւում է. «Ես հանդիպեցի Օսմանին եօթ տարի առաջ՝ Թուրքիայում: Նա այն մարդն է, ով իմ մէջ ներշնչեց այն վստահութիւնը, որն անհրաժեշտ էր այցելել այդ երկիր: Թէպէտ մեր վիճարկելի պատմութիւններում այդքան լարւածութիւն կայ, սակայն նա նաեւ ինձ օգնեց հասկանալ, որ այնքան բան կայ, որ պէտք է իմանալ այսօրւայ Թուրքիայի մասին»:

Խանջեանն ընդգծել է, որ աշխատել է Օսման Քաւալայի հետ շատ մշակութային նախագծերի, կոնֆերանսների շուրջ, որոնց թեմատիկան եղել են ինքնութիւնը, պատմութիւնն ու յիշողութիւնը:

«Ես կարող եմ երկար պատմել Օսմանի մասին, սակայն դա չեմ անի: Միայն ցանկանում եմ ասել, որ ներկայում նա ազատազրկւած է եւս 4 ամսով ու հնարաւոր է նաեւ աւելի երկար ժամկէտով՝ առանց դատական նիստի ժամկէտի: Մենք ականատեսն ենք լինում Թուրքիայի քաղաքացիական հասարակութեան բոլոր մակարդակներում պետական զտումների հերթական դժբախտ եւ մտահոգիչ օրինակին»,- նշել է հայ դերասանուհին:

Նա շեշտել է, որ Քաւալան բոլոր նրանց ընկերն է, ովքեր Թուրքիայում ու աշխարհում ամենուր լաւ աշխատանք են անում՝ յանուն մարդկութեան եւ կարեկցանքի, որին պէտք է ունակ լինեն բոլորը:

Թուրքիայում «Անադոլու Կուլտուր» հասարակական կազմակերպութեան նախագահ, գործարար, հասարակական գործիչ Օսման Քաւալան 13 օր ձերբակալւած մնալուց յետոյ կալանաւորւել է:

Օսման Քաւալան յայտնի է իր հայամետ դիրքորոշումներով: Նա եղել է Հայաստանում, յայտարարել է, որ ճանաչում է Հայոց Ցեղասպանութիւնը: 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։