Հա

Քաղաքական

Կիրակի, 12 Նոյեմբերի 2017 10:30

Սելինա Դողան. «Թուրքիայում ազգային փոքրամասնութիւնների նկատմամբ առկայ է ատելութեան մթնոլորտ»

Թուրքիայում բնակւող ազգային փոքրամասնութիւնները, այդ թւում եւ հայերը, մեր օրերում դժւարանում են օգտւել միջազգային երաշխիքներից եւ քաղաքացիական իրաւական նորմերից բխող շատ օրէնքներ: Բացի այդ, երկրում ռազմական յեղաշրջման փորձից յետոյ յայտարարւած արտակարգ դրութեան պայմաններում ազգային փոքրամասնութիւնները յայտնւել են ատելութեան խօսքի թիրախում:

«alikonline.ir» - Թուրքիայում բնակւող ազգային փոքրամասնութիւնները, այդ թւում եւ հայերը, մեր օրերում դժւարանում են օգտւել միջազգային երաշխիքներից եւ քաղաքացիական իրաւական նորմերից բխող շատ օրէնքներ: Բացի այդ, երկրում ռազմական յեղաշրջման փորձից յետոյ յայտարարւած արտակարգ դրութեան պայմաններում ազգային փոքրամասնութիւնները յայտնւել են ատելութեան խօսքի թիրախում: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին թուրքական «Politik Yol» լրատւամիջոցին տւած հարցազրոյցում ասել է մեջլիսի հայ պատգամաւոր, «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան անդամ Սելինա Դողանը:

Նա ընդգծել է, որ պոլսահայ մտաւորական Հրանդ Դինքի մահւանից յետոյ Թուրքիայում բնակւող հայերի խնդիրները դարձել են աւելի տեսանելի եւ քննարկւող:

«Վերջին տարիներին երկրում ահագնացող մակարդակի հասնող ատելութեան մթնոլորտ կայ: Եւ այս ամէնը դարձել է ներքին քաղաքականութեան հարց: Յեղաշրջման փորձ է իրականացւում, յաջորդ օրը Ֆեթուլլահ Գիւլէնին հայ են անւանում: Սա մշտապէս գրպանում պահւող եւ ամէն յարմար առիթի ցոյց տրւող քարտ է: Ցաւալի է, որ թէպէտ թուրքական քրէական օրէնսգիրքը կարգաւորում է ատելութեան յանցագործութիւնը, սակայն ամէն անգամ, երբ մենք դիմում ենք այդ օրէնքին, որեւէ արդիւնք չենք կարողանում ունենալ: Հակառակը, ամէն անգամ մենք ենք մեղաւոր դուրս գալիս»,- նշել է Դողանը:

Հայ պատգամաւորն ընդգծել է, որ ներկայում Թուրքիայի հայ համայնքը տարբեր խնդիրների առաջ է կանգնած, ինչպէս, օրինակ, պատրիարքի ընտրութեան հարցը կամ հայկական դպրոցների խնդիրները:

Դողանի կարծիքով՝ պէտք է ժամանակակից կարիքներին համապատասխան փոփոխութիւններ անել դեռեւս Օսմանեան կայսրութեան ժամանակ ընդունւած եւ նոյնութեամբ հանրապետական Թուրքիայում կիրառւող ազգային կանոնադրութեան մէջ: «Ներկայիս իրականութեանն ու կարիքներին համապատասխան նոր կանոնադրութեան անհրաժեշտութիւն կայ: Այդ կանոնադրութեան պակասն է, որ պատճառ է դառնում այս գործընթացին քաղաքականութեան միջամտութեան»,- ընդգծել է նա: Դողանը, սակայն, շեշտել է, որ երկրի իշխանութիւններն էլ պէտք է խնդրի լուծմանն ուղղւած քայլեր ձեռնարկեն, ինչը չեն անում:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։