Լիբանանի վարչապետի պաշտօնից հրաժարւած Սաադ Հարիրին երէկ՝ նոյեմբերի 12-ին լիբանանեան «Ալ Մուսթաղբալ» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում խօսել է առաջին իսկ առիթով Լիբանան վերադառնալու մտադրութեան, եւ Սաուդական Արաբիայում իր կարգավիճակի մասին:
«alikonline.ir» - Լիբանանի վարչապետի պաշտօնից հրաժարւած Սաադ Հարիրին երէկ՝ նոյեմբերի 12-ին լիբանանեան «Ալ Մուսթաղբալ» հեռուստաալիքին տւած հարցազրոյցում խօսել է առաջին իսկ առիթով Լիբանան վերադառնալու մտադրութեան, եւ Սաուդական Արաբիայում իր կարգավիճակի մասին:
Նա ասել է, որ Սաուդական Արաբիայում գտնւում է բացարձակ «ազատութեան» մէջ, եւ «ցանկութեան դէպքում հէնց վաղը կարող է ճամբորդել»: Ըստ նրա՝ Սաուդական Արաբիայի միապետն իրեն վերաբերւում է իր «զաւակի» պէս, իսկ թագաժառանգը՝ «եղբօր» պէս:
Հարիրին ընդունել է, որ վարչապետի պաշտօնից իր հրաժարականը տեղի է ունեցել «ոչ ընդունւած» կարգով, որը նա պայմանաւորել է Լիբանանի ժողովրդի մօտ «դրական շոկ» առաջացնելու եւ առկայ վտանգների նկատմամբ զգօնութիւնը բարձրացնելու իր մտադրութեամբ:
«Այո՛, բնականաբար աւելի լաւ կը լինէր հրաժարական ներկայացնելու նպատակով Լիբանան վերադառնայի, սակայն, այնտեղ ինձ վտանգ էր սպառնում»,- ասել է նա:
Սաադ Հարիրին առիթը բաց չի թողել կրկնելու Իրանին եւ լիբանանեան «Հեզբօլլահ»-ին հասցէագրած իր մեղադրանքները:
Իրանին նա կրկին մեղադրել է արաբական երկրների ներքին գործերին «միջամտելու» մէջ, իսկ «Հեզբօլլահ»-ի մասին էլ ասել է. ««Հեզբօլլահ»-ի հետ, որպէս քաղաքական կուսակցութիւն որեւէ խնդիր չունեմ, բայց խնդիրներ ունեմ երկիրն աւերող «Հեզբօլլահ»-ի հետ»: