Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 14 Նոյեմբերի 2017 13:10

Հրանտ Դինքի հիմնադրամը հրապարակել է թուրքական մամուլում ատելութեան դրսեւորման մասին նոր զեկոյցը. հայերը թիրախաւորւել են 247 հրապարակման մէջ

Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անւան հիմնադրամը հրապարակել է թուրքական մամուլում ատելութեան դրսեւորումների մասին իր նոր զեկոյցը:

«alikonline.ir» - Ստամբուլում գործող Հրանտ Դինքի անւան հիմնադրամը հրապարակել է թուրքական մամուլում ատելութեան դրսեւորումների մասին իր նոր զեկոյցը: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է  «demokrathaber.org» կայքը, ըստ հիմնադրամի դիտարկումների՝ վերջին ամիսներին ազգայնական մամուլի թիրախում ամէնից շատ յայտնւել են հրեաներն ու սիրիացի ներգաղթեալները:

Զեկոյցը փաստում է, որ 2017 թւականի մայիսից մինչեւ օգոստոս ընկած ժամանակահատւածում թուրքական մամուլում հրապարակւել է էթնիկ եւ կրօնական խմբերի դէմ ատելութեան դրսեւորում պարունակող 1910 լուր եւ յօդւած, որոնց մէջ առկայ է եղել ընդհանուր առմամբ ռասիստական ու ազգայնական բնոյթի 2466 արտայայտութիւն:

Դինքի հիմնադրամի՝ Մամուլում ատելութեան դրսեւորումների մասին նախագծի աշխատանքային խմբի՝ Ֆունդա Թեքինի, Փընար Էնսարիի, Մերւէ Նեբիօղլուի եւ Էզգի Քանի կողմից պատրաստված 146-էջանոց զեկոյցում ուշադրութիւն է հրաւիրւում այն փաստի վրայ, որ նման վիճակագրական պատկերի վրայ իրենց ազդեցութիւնն են ունեցել այս ընթացքում տեղի ունեցած Կիպրոսի ժնեւեան համաժողովը, թուրք-յունական ծովային ճգնաժամերը, Պարսից ծոցի երկրների կողմից Կատարի շրջափակումը, Պաղեստինում եղած բախումները, Սրեբրենիցայի կոտորածում՝ Նիդերլանդների իշխանութիւնների մասամբ պատասխանատու լինելու մասին որոշումը, ռոհինջա մահմեդականների դէմ յարձակումները եւ օգոստոսի 29-ին Թուրքիայում նշւող Դումլուփընարի ճակատամարտում տարած յաղթանակի 95-ամեակը:

Ընդհանուր առմամբ այս ամիսների ընթացքում մամուլում հանդիպել է հրեաներին թիրախաւորող 493 հրապարակում, 472 հրապարակման մէջ հեղինակները ատելութեան դրսեւորումներ են ցուցաբերել սիրիացի ներգաղթեալների նկատմամբ, 256 յօդւած կամ լուր բացասական շեշտադրումով անդրադարձել է յունաստանցի յոյներին, հայերին թիրախաւորել են 247 հրապարակման մէջ, եւս 212 յօդւած կամ լուր ատելութեամբ է խօսել Թուրքիայի յոյների մասին:

Ամէնից շատ ատելութեան դրսեւորումները հանդիպել են թուրքական «Yeni Akit», «Milli Gazette», «Yeni Mesaj», «Yeni Kunye», «İstiklal» պարբերականներում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։