Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 15 Նոյեմբերի 2017 09:30

Լապշին. «Իմ հետեւից ուղարկել էին Մեհրիբան Ալիեւայի անձնական ինքնաթիռը»

Բլոգեր Լապշինին հետապնդելու պատմութիւնը լի է հարցերով, որոնք մինչեւ օրս պարզ չեն անգամ նրա համար: «Sputnik» Արմենիային տւած ընդարձակ հարցազրոյցում Լապշինը պատմեց Արցախից Բաքու ճանապարհի, բանտում գտնւելու մասին, ինչպէս նաեւ ներկայացրեց իր վարկածը, թէ ով է կանգնած նրա անյաջողութիւնների հետեւում:

«alikonline.ir»- Բլոգեր Լապշինին հետապնդելու պատմութիւնը լի է հարցերով, որոնք մինչեւ օրս պարզ չեն անգամ նրա համար: «Sputnik» Արմենիային տւած ընդարձակ հարցազրոյցում Լապշինը պատմեց Արցախից Բաքու ճանապարհի, բանտում գտնւելու մասին, ինչպէս նաեւ ներկայացրեց իր վարկածը, թէ ով է կանգնած նրա անյաջողութիւնների հետեւում:

 

- Ինչու՞ է առաջացել Արցախ մեկնելու որոշումը:

- Կեանքիս ընթացքում ես այցելել եմ 126 երկիր, ներառեալ բազմաթիւ կոնֆլիկտային տարածաշրջաններ: Անկեղծ ասած՝ Արցախը իմ կողմից նախկինում բազմաթիւ տարածաշրջաններ այցելած վայրերից մէկն էր. Կոսովօ, Պաղեստին, Արեւմտեան Սահարա, Աբխազիա, Մերձդնեստր, Թայւան եւ այլն:

Սիրում եմ պատմութիւն, ներառեալ ռազմական պատմութիւնը: Արցախն այն վայրերից մէկն է, որտեղ ձեր աչքի առաջ, բառացիօրէն, պատմութիւն է գրւում: Ես իմ ճանապարհորդութիւններից ոչ մէկում սկզբունքօրէն չեմ բռնել այս կամ այն կողմի դիրքորոշումը եւ նկարագրել եմ, բացառապէս, իմ զբօսաշրջային տպաւորութիւնները: Յիշում եմ, որ Արցախում ցածր կենսամակարդակի եւ կոռուպցիայի առկայութեան մասին իմ եզրակացութիւններով ես նոյնիսկ առաջացրել էի Հայաստանի շատ բնակիչների դժգոհութիւնը, որոնք սոցցանցերում գրել էին, որ ես կատարում եմ Ադրբեջանի պատւէրը: 2011-ին, երբ առաջին անգամ այցելեցի Արցախ, անգամ չգիտէի ադրբեջանական «սեւ ցուցակների» մասին:

Երբ բլոգերի ընթերցողները գրեցին ինձ, որ իմ անունը ներառւել է այդ ցուցակում, ես դա ընդունեցի որպէս Ադրբեջանի բացառիկ յիմարութիւն, որը փորձում է մարդկանց զրկել տեղեկութիւն ստանալու իրաւունքից, ինչի մասին արտայայտւեցի իմ բլոգում: Արդիւնքում, երբ ինձ արտայանձնեցին Բաքու, Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնն իմ արտայայտութիւնները նրանց կողմից լրագրողների իրաւունքները ոտնահարելու մասին համարեց ոտնձգութիւն նրանց տարածքային ամբողջականութեան նկատմամբ եւ Արցախի անկախութեան կոչ

 

- Ինչպիսի՞ արձագանգ էիք ակնկալում Ադրբեջանի կողմից Արցախ այցելելուց յետոյ:

- Անկեղծ ասած՝ ես նոյնիսկ չէի մտածել Ադրբեջանի արձագանգի մասին՝ այցելելով Արցախ: Ենթադրում էի, որ եթէ ապագայում մեկնեմ Ադրբեջան, ապա աւելի լաւ կը լինի չբարձրաձայնեմ Արցախ կատարած այցելութեան մասին, այլապէս կարող են երկիր չթողնել: Այս հակամարտութիւնը շատ է յիշեցնում ինձ լաւ ծանօթ արաբ-իսրայէլական հակամարտութիւնը (չէ՞ որ ես աւելի քան 20 տարի ապրել եմ Իսրայէլում) եւ գիտէի, որ, օրինակ, Իսրայէլ այցելած եւ անձնագրում համապատասխան նշումներ ունեցող զբօսաշրջիկներին չեն թողնում Սիրիա, Լիբանան, Իրան, Իրաք եւ մի շարք այլ արաբական պետութիւններ:

 

- Ինչո՞ւ Դուք աւելի ուշ մեկնեցիք Ադրբեջան:

- Ադրբեջանն ինքն էր հրաւիրել ինձ: Ինձ հրաւէր էր եկել «Ֆորմուլա-1»-ի աւտոարշաւի կազմակերպիչներից, որն անցկացւել է Բաքւում 2016 թւականի յունիսին: Նրանք հարիւրաւոր լրագրողներ եւ բլոգերներ են հրաւիրել՝ այդ միջոցառումը լուսաբանելու համար, եւ ես նրանցից մէկն էի: Ենթադրում եմ, որ կազմակերպիչները նոյնիսկ չգիտեն, որ իմ անունը «սեւ ցուցակներում» է, իսկ ես չյայտնեցի նրանց: Արդիւնքում նրանք վճարեցին իմ աւիատոմսի եւ Բաքւի հիւրանոցում մնալու համար, ներառեալ «Ֆորմուլա-1»-ի տոմսը:

Ադրբեջան մուտք գործելիս նման խնդիրներից խուսափելու համար ես որոշեցի օգտագործել իմ ուկրայինական անձնագիրը, որտեղ իմ անունն ու ազգանունը մի քիչ այլ կերպ են գրւում. ոչ թե Ալեքսանդր, այլ Օլեքսանդր: Նշեմ, որ արդիւնքում ադրբեջանական քննիչները, որոնք համարում էին, որ խայտառակւել են ամբողջ աշխարհի առաջ (ոչ միայն ինձ երկիր թողնելով, այլ նաւ հրաւիրելով որպէս հիւր), փորձեցին մեղադրել ինձ «անւաւեր» ուկրայինական անձնագիր օգտագործելու մէջ:

Բայց իմ պաշտպանութիւնը հարցում կատարեց Բաքւում Ուկրայինայի գլխաւոր հիւպատոսութիւն իմ ուկրայինական անձնագրի վերաբերեալ եւ նրանք հաստատեցին, որ ամէն ինչ բացարձակ օրինական է: Դա լուրջ հարւած էր Ադրբեջանին, որը նախատեսել էր ցուցադրական գործընթաց՝ փաստաթղթերը կեղծելու, հայկական հետախուզութեան օգտին աշխատելու եւ այլ հիմարութիւնների մէջ մեղադրանքներով: Ինչպէս գիտենք, արդիւնքում նրանց ոչինչ չէր մնում ինձ Արցախ մեկնելու մէջ մեղադրելուց բացի, ինչը երեւում էր որպէս լրագրողին հետապնդելու փորձ եւ դատապարտւել է Ռուսաստանի, Իսրայէլի, ԱՄՆ-ի, Հայաստանի եւ բազմաթիւ իրաւապաշտպան կազմակերպութիւնների կողմից:

 

- Ձեզ ի՞նչ ասացին, երբ ձերբակալեցին Բելառուսիայում, միանգամից հասկացա՞ք, որ Ձեզ ցանկանում են յանձնել Ադրբեջանին:

- Ես յոյս ունէի, որ Բելառուսիան ինձ չի յանձնի: Ամէն դեպքում, սա բացայայտօրէն պատւիրւած եւ քաղաքականապէս մոտիւացւած գործ էր ինչպէս այժմ յայտնի է դարձել, խօսքը գնացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի անձնական խնդրանքի մասին՝ ուղղւած Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ենթադրում էի, որ Բելառուսիան, որն առանց այդ էլ ունի «Եւրոպայի վերջին բռնակալութեան» հեղինակութիւնը, վերջնականապէս չի վտանգի այն: Առաւել եւս, որ Մինսկում իմ ձերբակալութիւնն առաջացրել է Կրեմլի վրդովմունքը:

 

- Համեմատէք Բելառուսիայի եւ Ադրբեջանի բանտերում պահելու պայմանները:

- Բելառուսիայում ես ամենասովորական կալանաւոր էի, միւս քսան կալանաւորներից մէկը: Պայմանները սարսափելի էին, ենթադրում եմ, որ հարաւ-արեւելեան Ասիայի երկրների մակարդակը, հսկիչների վերաբերմունքը կոպիտ էր, բայց դա այդպիսին էր բոլորի նկատմամբ: Բաքւում իմ կարգավիճակն ասես ամբողջ Ադրբեջանի ամենակարեւոր բանտարկեալի կարգավիճակ լինէր:

Նրանք այնքան էին վախենում, որ ես չեմ ապրի մինչեւ դատարան, եթէ ինձ միւսների հետ սովորական բանտախուց նստեցնէին, որ ամենասկզբից մենակ էին պահում:

Բանտի հսկիչների եւ ղեկավարութեան կողմից վերաբերմունքն աւելի շատ վախեցած էր, նրանք բառացիօրէն դողում էին նրանից, որ իրենք կարող են յայտնւել իմ տեղում, եթե ինչ-որ բան այնպէս չգնայ: Միաժամանակ, փորձում էին բոլոր ուժերով թոյլ չտալ իմ շփումն արտաքին աշխարհի հետ: «Կարմիր խաչ»-ը ուղիղ մէկ ամիս փորձում էր հանդիպել ինձ հետ, երկար ժամանակ չէին թոյլատրում Ռուսաստանի եւ Իսրայէլի հիւպատոսների այցելութիւնը: Աւելի քան մէկ ամիս թոյլ չէին տալիս զանգահարել տուն, ինչը նախատեսւած էր օրէնքով:

Իմ իրաւունքների ամենակոպիտ խախտումը ինձ մօտ փաստաբան չթողնելն էր, որին վարձել էր ընտանիքս: Գրեթէ երկու շաբաթ Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւնը հանդիպման թոյլտւութիւն չէր տալիս՝ այդ ընթացքում ակտիւ հարցաքննութիւններ վարելով պետական պաշտպանի ներկայութեամբ, որը ոչ միայն հանդէս չէր գալիս իմ կողմից, այլ նաեւ համոզում էր ինձ խոստովանել Ռուսաստանի եւ Հայաստանի յատուկ ծառայութիւնների հետ համագործակցութեան մէջ լինելը:

 

- Դուք անհանգստանու՞մ էիք, որ Ձեզ կարող են սպանել (մինչեւ յարձակումը):

- Այո: Իմ հասցէին մշտապէս սպառնալիքներ էին հնչում, երբեմն գրութիւնների տեսքով, որոնք հսկիչները գցում էին դռան վրայ առկայ փոքրիկ պատուհանի միջով: Գրութիւններն իրենց բովանդակութեամբ պարզ էին՝ «դու շուտով կը սատկես», «կը մորթենք քո ընտանիքին», «հայկական խոզ» եւ այլն: Ինձ սպառնացել են նաեւ դատարան ուղեկցելու ժամանակ, չէ՞ որ դատական նիստից առաջ ինձ պահում էին հէնց դատարանի շէնքի բանտախցում, որտեղ գտնւում էին միւս մեղադրեալները:

Նրանք իմ հասցէին հակասեմիտական եւ արւամոլական բովանդակութեան սպառնալիքներ էին հնչեցնում: Ես այդ միջադէպերի հետ կապւած գրաւոր բողոքով դիմել եմ Ադրբեջանի գլխաւոր դատախազութիւն՝ գլխաւոր դատախազի տեղակալ Ռուստամ Ուսուբովի անունով: Նա ինձ ստանդարտ պատասխան է տւել, որ դիմումը դիտարկւել է եւ սպառնալիքների իրականացման ապացոյցները չեն բացայայտւել:

 

- Ամենաբարդ բանն ադրբեջանական բանտում, որը պահանջել են Ձեզնից:

- Ամենաբարդն Ադրբեջանի գործողութիւնների անկանխատեսելիութիւնն էր: Իմ հետեւից ուղարկել էին Ադրբեջանի նախագահի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի անձնական ինքնաթիռը: Դա շքեղ բիզնես-ջետ էր, այդ ամէնը շատ տարօրինակ էր: Ինձ այնպիսի կարեւոր անձ էին համարում, որի հետեւից պէտք է ուղարկել անհատական բիզնես-ջետ: Ինձ դիմաւորեցին դիմակաւոր յատուկ ջոկատայիններով, տարան բանտ, որտեղ ինձ դիմաւորեցին Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարարի մակարդակով, իմ մենախցի մօտ հերթապահում էին մի քանի սպաներ: Մենախցում նստելը շատ դժւար է, իսկ կէս տարի՝ առաւել եւս:

Բոլորի համար ակնյայտ էր, ներառեալ ռուս եւ իսրայէլացի դիւանագէտները, որ Ադրբեջանն իրեն փակուղի է մտցրել իմ կալանքով եւ հիմա փորձում է դուրս գալ ստեղծւած իրավիճակից՝ չկորցնելով դէմքը: Անկասկած, Ալիեւը չէր սպասում Ռուսաստանի այդքան կոշտ արձագանգին եւ խոշորագոյն միջազգային իրաւապաշտպան կազմակերպութիւնների կողմից դատապարտմանը:

Միեւնոյն ժամանակ, նրանք չէին կարող իրենց թուլամորթ ցոյց տալ սեփական ժողովրդի առաջ եւ պատրաստ էին ցանկացած չմտածւած արարքի: Այդ ամէնն անորոշութիւն էր ներշնչում, եւ չեմ թաքցնի՝ այնպիսի վախ, որը կը զգար ԴԱԷՇ կամ «Ալ Ղաիդա»-ի ահաբեկիչների ձեռքերում յայտնւած մարդը: Հետեւաբար, քննիչների առաջ վերեւից նպատակ էին դրել՝ իմ գլխին հնարաւորինս շատ բաներ բարդել, որպէսզի ցոյց տան, որ ինձ իզուր չեն տարել Բաքու:

Հիմնւում էին յատուկ ծառայութիւնների՝ գոյութիւն չունեցող տւեալների վրայ, որ ես, իբր, աշխատում եմ ռուսական յատուկ ծառայութիւնների օգտին, խաղում էին «վատ ոստիկան-լաւ ոստիկան» ծեծւած խաղերը, սպառնում նստեցնել կրկնայանցագործի խուց, ուսումնասիրում իմ ֆէյսբուքեան էջը եւ տպում մի քանի հազար հայ օգտատէրերի անձնական էջերը (դա 20 սմ. հաստութեամբ թղթերի կապոց էր), հարցեր էին տալիս, թէ ես ինչ յարաբերութիւնների մէջ եմ նրանցից իւրաքանչիւրի հետ: Բացի այդ, հարցումներ էին անում աշխարհի շուրջ 10 երկրիր, որտեղ ես եղել էի Մինսկում ձերբակալւելուց առաջ եւ տեղեկատւութիւն խնդրում իմ մասին, ներառեալ քարտով կատարած գնումներս եւ այլն:

Պէտք է ասել, որ մի շարք երկրներ ուղղակի հրաժարւել են համագործակցել Ադրբեջանի հետ. Ռուսաստանը, Իսրայէլը եւ Իրանը: Միւս երկրները, ինչպիսիք են Ուկրայինան, Վրաստանը, Բելառուսիա, ընդհակառակը, մեծ պոռթկումով օգնել են եւ ուղարկել այն ամէնն, ինչ հնարաւոր է եղել: Այլ հարց է, որ ուղարկւած փաստաթղթերը բացարձակապէս ոչինչ չեն տւել ադրբեջանական ուժայիններին:

Հիանալի յիշում եմ, թէ ինչպէս ինձ հարցրին. «Քննութիւնը պարզել է, որ Դուք Բաքւում եղած ժամանակ 52 մանաթով տաբատ էք գնել»: Եւ ի՞նչ՝ հարցրեցի ես: Նման անհեթեթ հարցերը շատ էին: Նրանք չգիտէին՝ ինչ ուղղութեամբ շարժւել՝ վախենալով, որ վերջնական կը պատժւեն ղեկավարությեան կողմից, եթէ ինչ-որ բան չհորինեն:

 

- Կան արդեօ՞ք ինչ-որ մանրամասներ, որոնք Դուք չեք նկարագրել Ձեր բլոգում ազատ արձակւելուց յետոյ առաջին օրերին, բայց Ձեզ համար դրանք կարեւոր են կամ ուշադրութեան արժանի:

- Պէտք է ասել, որ դեռ Բաքւի բանտում եղած ժամանակ ես գիտէի դիւանագէտներից եւ փաստաբանից, որ Ադրբեջանի իշխանութիւնները հնարաւորութիւն են որոնում ստեղծւած իրավիճակից դուրս գալու համար եւ շահագրգռւած չեն նրանում, որպէսզի ինձ երկար պահեն: Ինչպէս նաեւ թէ՛ ընտանիքս, թէ՛ իմ «աջակցութեան խումբը» դեռ իմ ազատ արձակւելուց առաջ լուծում էին Ադրբեջանին անօրինական ազատազրկման համար պատասխանատւութեան ենթարկելու հարցերը:

Շփումներ են եղել ինչպէս իրաւապաշտպան կազմակերպութիւնների, այնպէս էլ մի շարք երկրների կառավարական մարմինների հետ: Օրինակ, ազատ արձակւելուց երկու ամիս առաջ յայտնի էր, որ բողոք է ներկայացւելու Ստրասբուրգի Մարդու իրաւունքների եւրոպական դատարան:

Ներում շնորհելուն նախորդած գիշերը բանտում ինձ վրայ կազմակերպած յարձակումը շատ անսպասելի էր բոլորի համար, բայց վերջնական արդիւնքում լրացուցիչ կէտ դարձաւ Ադրբեջանի դէմ հետագայ իրավական գործողութիւններում: Իսրայէլ ժամանելուց անմիջապէս յետոյ ինձ տեղափոխեցին Թէլ Աւիւի «Շիբա» հոսպիտալ, որտեղ ինձ արդէն սպասում էին մասնագէտները, որոնք ադրբեջանական բանտում յարձակման ժամանակ ստացած վնասւածքների զննութիւն իրականացրեցին:

 

- Ինչի՞ հասաւ Ադրբեջանն իր քայլով: Ի՞նչ էք կարծում՝ ինչո՞ւ Ձեզ ազատ արձակեցին:

- Ենթադրում եմ, որ Ադրբեջանում գոյութիւն չի ունեցել միասնական դիրքորոշում՝ Արցախ այցելելու համար ինձ քրեօրէն հետապնդելու վերաբերեալ:

Հիմա մենք արդէն գիտենք, թէ ով է նախաձեռնել իմ դէմ գործ հարուցելը եւ Իլհամ Ալիեւի կողմից Բելառուսիային դիմելը: Խօսքը գնում է նախագահի մերձաւոր շրջապատից երկու գեներալների մասին, որոնց անունները չէի ցանկանայ նշել այս փուլում: Հէնց նրանց է հարւածել 2016 թւականի յունիսին իմ այցելութիւնը Բաքու, եւ արտայանձնումը դարձել է իւրօրինակ վրէժ, ընդ որում, նրանք կարողացել են դրա մէջ ներքաշել նաեւ Ալիեւին՝ համոզելով, որ Ադրբեջանը պէտք է բարձրացնի իր հեղինակութիւնն ինչպէս երկրի ներսում, այնպէս էլ երկրի սահմաններից դուրս:

Ունեցած տեղեկութեան համաձայն՝ Մինսկում իմ գտնւելու ժամանակ՝ մինչեւ Բաքու արտայանձնելը, Ադրբեջանի ղեկավարութիւնը կատարել է ստեղծւած իրավիճակի վերագնահատում եւ տարբերակներ որոնել՝ նւազագոյն կորուստներով դուրս գալու համար: Դա չի յաջողւել նրանց, նրանք ինձ, ըստ էութեան, ստիպւած են արտայանձնել եւ սկսել դատական գործընթաց, որն արդէն պէտք չէր: Նրանք ուղղակի այլ տարբերակ չունէին, բացի մինչեւ վերջ գնալուց՝ նոյնիսկ ի վնաս ազգային շահերի:

Իլհամ Ալիեւը չէր կարող ազատ չարձակել ինձ, ես նրա համար վերածւել էի «անբռնակ ճամպրուկի», ընդ որում, այնպիսի ճամպրուկի, որը լի է չուգունէ կշռաքարերով, եթէ կարելի է այդպէս արտայայտւել: Ադրբեջանը շարունակում էր վնասել իր հեղինակութիւնն իմ պատճառով, ընդ որում, որպէս անձ ես նրանց արդէն հետաքրքիր չէի:

Դրան գումարած՝ Եւրոպայում ադրբեջանական նաւթային փողեր լւանալու եւ եւրապաշտօնեաներին կաշառելու ադրբեջանական յայտնի «լւացքտուն»-ը: Ես այդ դիմակայութեան մասն էի եւ այն ուժերը, որոնք դուրս էին մղում Ադրբեջանին մի շարք միջազգային կազմակերպութիւններից, օրինակ EITI-ն, կամ ակտիւօրէն քննադատում էին Բաքւին, միշտ օգտագործում էին իմ անունը: Այնպէս որ, դրւած էր ոչ թէ «ազատ կարձակեն արդեօ՞ք» հարցը, այլ աւելի շուտ՝ «երբը»:

Ենթադրում եմ, որ հիմա պակաս հետաքրքիր չէ այն հարցը, թէ ինչպէս է վարւել իշխող կլանը նրանց հետ, ովքեր մոլորութեան մէջ են գցել Ալիեւին եւ օգտագործել պետական ռեսուրսը բլոգերից վրէժ լուծելու համար՝ ի վնաս Ադրբեջանի ազգային շահերի: Ցուցադրական է նաեւ այն փաստը, որ իմ ձերբակալութեամբ Բաքուն այնքան է խաթարել սեփական հեղինակութիւնը, որ արդիւնքում հետախուզութեան հարցումներին սկսել են քննադատորեն վերաբերւել, օրինակ՝ Ինտերպոլը մերժել է Ադրբեջանին Եւրոխորհրդարանի երեք պատգամաւորների նկատմամբ հետախուզութիւն յայտարարել. նրանք այցելել էին Արցախ: Յիշենք նաեւ Ֆրանսիայում լրագրողների դէմ Ադրբեջանի հայցի վերաբերեալ դատական որոշումը, որոնք այդ կովկասեան պետութիւնը «բռնապետութիւն» էին անւանել. դատարանը մերժել էր ադրբեջանցիներին:

 

- Ի՞նչ խորհուրդ կը տայիք Արցախ այցելող բլոգերներին եւ զբօսաշրջիկներին:

- Նախկինում ասել եմ, հիմա էլ կասեմ՝ աշխարհում հակամարտութեան ցանկացած գօտի այցելելուց առաջ պէտք է զգոյշ լինել: Արցախն, անկասկած, հետաքրքիր է ինչպէս պատմական առումով՝ իր հսկայական մշակութային ժառանգութեամբ, այնպէս էլ բնութեան եւ զբօսաշրջային առումով:

Դա հարաւային Կովկասի ամենագեղեցիկ անկիւններից է, եւ սխալ է չայցելելը միայն այն պատճառով, որ Ադրբեջանում ընթանում է կլանների պայքար երկրի գլխաւոր աթոռը զաւթելու համար, ուստի հնարաւոր են ոչ համաչափ գործողութիւններ՝ հետախուզութիւն յայտարարելու տեսքով: Անպայման չէ բարձրաձայնել այնտեղ

Եթե դուք բլոգ էք վարում կամ լրագրող էք, ապա խորհուրդ եմ տալիս խուսափել ԱՊՀ այն երկրներ այցելելուց, որոնք չեն ճանաչում Մարդու իրաւունքների եւրոպական դատարանի գերակայութիւնը, քանի որ Ադրբեջանին յանձնելու մասին ցանկացած որոշում կարող է ուղղակի վիճարկւել Ստրասբուրգում եւ 99 տոկոս երաշխիքով արտայանձնումը կարող է չիրականանալ: Ինչ վերաբերում է Ինտերպոլին, ապա նրանք չեն զբաղւում քաղաքական հարցերով եւ Ադրբեջանին պարբերաբար մերժում են Արցախ այցելած մարդկանց նկատմամբ հետախուզութիւն յայտարարելու հարցում:

Ադրբեջանի միակ շանսն Արցախ այցելելու համար մարդու արտայանձնման հարցում կարող է լինել իրաւական օգնութեան մասին Քիշնեւի կոնւենցիան, որը ստորագրել են ԱՊՀ-ի բոլոր անդամ երկրները: Դրա առանձնայատկութիւնն այն է, որ պայմանաւորւող կողմերը օրինական են ճանաչում միւս երկրի դատարանի որոշումն, ընդ որում, խորամուխ չլինելով մեղադրանքի էութեան մէջ: Այդպիսով, ԱՊՀ երկրներից ձեզ չի յանձնի, բնականաբար, Հայաստանը, հասկանալի պատճառներով չի յանձնի Ռուսաստանը, չէն յանձնի Ուկրայինան, Վրաստանը եւ Մոլդովան: Պէտք է զգուշութիւն հանդէս բերել Ադրբեջանին նման ռեժիմների պարագայում, ինչպիսիք են Բելառուսիան, Ղազախստանը, Ուզբեկստանը, որոնք հանգիստ կարող են վաճառել ձեզ Բաքւին այս կամ այն ֆինանսական մոտիւատորների համար, ընդ որում, նրանք չեն ենթարկւում Ստրասբուրգին:

 

- Ծրագրում էք արդեօ՞ք նոր այցելութիւն կատարել Արցախ:

- Ես նախկինում էլ այցելել եմ Արցախ ոչ թէ Ադրբեջանին զայրացնելու, այլ բացառապէս նրա համար, որ ինձ հետաքրքիր է եղել այդ տարածաշրջանը: Նոյնը կարող եմ ասել հիմա, ես չեմ մեկնի Արցախ, որպէսզի այնտեղից ցոյց տամ Ալիեւին, որ վերջին խօսքն իմն է: Դրանում իմաստ չեմ տեսնում: Եթէ Արցախ այցելելու անհրաժեշտութիւն ծագի, ես դա կանեմ առանց Ադրբեջանին նայելու, բայց առայժմ նման ուղեւորութիւն դրւած չէ օրակարգում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։