Հա

Քաղաքական

Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017 12:10

ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը ճանաչող բանաձեւ. ադրբեջանական սադրանքը տապալւել է

Եւրոպական Խորհրդարանում տապալւել է ադրբեջանական խեղաթիւրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ունէր հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղւած միջազգային հանրութեան ջանքերը, ինչպէս նաեւ Արեւելեան գործընկերութեան բրիւսէլեան գագաթաժողովին ընդառաջ ստւերել Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների վերընթաց զարգացումը:

«alikonline.ir»- Եւրոպական Խորհրդարանում տապալւել է ադրբեջանական խեղաթիւրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ունէր հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ուղղւած միջազգային հանրութեան ջանքերը, ինչպէս նաեւ Արեւելեան գործընկերութեան բրիւսէլեան գագաթաժողովին ընդառաջ ստւերել Հայաստան-ԵՄ յարաբերութիւնների վերընթաց զարգացումը: Ադրբեջանական կողմի ապակառուցողական քայլերը հնարաւոր եղաւ տապալել Բրիւսէլում ՀՀ մշտական ներկայացուցչութեան,  Բրիւսէլում գործող հայ ազգային լոբբիստական կազմակերպութիւնների կողմից իրականացւած նպատակային աշխատանքի շնորհիւ:

Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, նոյեմբերի 15-ին Եւրոպական Խորհրդարանի լիագումար նիստը ձայների ճնշող մեծամասնութեամբ ընդունել է նոյեմբերին Բրիւսէլում կայանալիք Արեւելեան գործընկերութեան գագաթաժողովին ընդառաջ բանաձեւ, որտեղ արդէն երկրորդ անգամ ուղղակի տեքստով ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը՝ փաստօրէն, կրկնելով 2017 թ. յուլիսի 5-ի ՄԱԿ-ի Գլխաւոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցութեամբ ընդունւած բանաձեւի նախադէպը, երբ Բրիւսէլում ՀՀ մշտական ներկայացուցչութեան ջանքերով Եւրոպական Խորհրդարանն աննախադէպ կերպով առաջին անգամ ամրագրել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:

Այս բանաձեւն իրենից մեծ կարեւորութիւն է ներկայացնում, քանի որ Արեւելեան գործընկերութեան բրիւսէլեան գագաթաժողովին ընդառաջ այն սահմանում է համագործակցութեան ակնկալիքները, ինչպէս նաեւ ուրւագծում է Արեւելեան գործընկերութեան հետագայ զարգացման տրամաբանութիւնը, ուստի զարմանալի չէր, որ ադրբեջանական կողմը, մեծ ջանքեր էր ներդրել բանաձեւի հիմնական ուղերձը եւ դրա տրամաբանութիւնը խաթարելու համար:

Մասնաւորապէս՝ ադրբեջանական կողմն իրեն յատուկ «լանդրոմատային» մեթոդներով հասել էր նրան, որ բանաձեւի նախագծին ներկայացւել էին Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգաւորման գործընթացի եւ Հայաստանի դէմ ուղղւած աւելի քան քսան լրացում, որոնք ի թիւս այլոց՝ ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը որպէս Ադրբեջանի մաս, պարունակում էին այլ ադրբեջանամէտ ձեւակերպումներ, պահանջում էին փախստականների անվերապահ վերադարձ եւ այլն: 

Այնուամենայնիւ, հայկական կողմի նպատակային գործունէութեան եւ եւրոպական կողմի սկզբունքային դիրքորոշման շնորհիւ ԵԽ լիագումար նիստում տեղի ունեցած քւէարկութեան արդիւնքում ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչութեան նպատակային ու յամառ աշխատանքի հնարաւոր եղաւ տապալել ադրբեջանական կողմի ջանքերով ներկայացւած բոլոր ապակառուցողական լրացումները: Աւելին՝ եւս մէկ անգամ ամրագրւեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը:

Բանաձեւի տեքստում յաջողւեց ոչ միայն կանխել այնպիսի դրոյթի ներառումը, որտեղ Հայաստանը քննադատութեան էր ենթարկւում Եւրասիական տնտեսական միութեանն անդամակցելու համար, այլեւ Հայաստանը բանաձեւում վկայակոչել որպէս դրական օրինակ, որը կամրջում է այդ երկու ինտեգրացիոն հարթակները՝ ԵՄ եւ ԵԱՏՄ:

Ադրբեջանական հերթական սադրանքը Բրիւսէլում լուրջ հակահարւած ստացաւ հայկական դիւանագիտութեան կողմից՝ յօգուտ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան խաղաղ կարգաւորման գործընթացի եւ ՀՀ-ԵՄ յարաբերութիւնների վերընթաց զարգացման:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։