Հա

Քաղաքական

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի 2017 10:30

Լեւոն Յովսէփեան. «Անկարան փորձում է սիրիական հիմնախնդրում ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ ստեղծւած համագործակցութեան բազան տեղափոխել Կովկաս՝ դէպի արցախեան կոնֆլիկտ»

Թուրքագէտ Լեւոն Յովսէփեանի կարծիքով, պաշտօնական Անկարան փորձում է սիրիական հիմնախնդրում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծւած համագործակցութեան բազան տեղափոխել դէպի Կովկաս՝ արցախեան հիմնախնդիր:

«alikonline.ir» - Պաշտօնական Անկարան փորձում է սիրիական հիմնախնդրում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստեղծւած համագործակցութեան բազան տեղափոխել դէպի Կովկաս՝ արցախեան հիմնախնդիր՝ ցոյց տալու համար, որ երկու երկրներն առանց այլ դերակատարների կարողանում են որոշակի խնդիրներ լուծել: «tert.am»-ի հետ զրոյցում նման կարծիք յայտնեց թուրքագէտ Լեւոն Յովսէփեանը:

Իհարկէ, սա Թուրքիայի մօտեցումն է, բայց, ըստ նրա, Ռուսաստանը թոյլ չի տայ Թուրքային արցախեան հիմնախնդրում ներգրաււածութիւն ունենալ, ամրապնդել իր դիրքերը: Թուրքագէտի խօսքով՝ արցախեան հիմնախնդրում Թուրքիայի ներգրաււածութիւնը հակասում է ՌԴ-ի տարածաշրջանային ռազմաքաղաքական շահերին:

«Պէտք է հաշւի առնել, որ կան հիմնախնդիրներ, որոնց ուղղութեամբ երկու երկրները կարողանում են համագործակցել եւ կան որոշ խնդիրներ, որոնց նկատմամբ հեռաւորութիւնը, զգուշաւորութիւնը պահպանում են: Կարծում եմ՝ Կովկասը այս դէպքերից մէկն է, յատկապէս մեր հիմնախնդիրների հետ կապւած որոշակի հեռաւորութիւն, այդուհանդերձ, կայ»,- նշեց նա:

Յիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Սոչիում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ու ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը: Սա արդէն Էրդողանի թւով երրորդ այցն էր Ռուսաստան ու 6-րդ համատեղ հանդիպումը 1 տարւայ ընթացքում: Մինչ հանդիպումը Էրդողանը մի քանի անգամ յայտարարել էր Պուտինի հետ ԼՂ հարցը քննարկելու մտադրութեան մասին, բայց հանդիպումից յետոյ նախագահներ Պուտինի եւ Էրդողանի՝ մամուլի համար արւած յայտարարութիւններում որեւէ անդրադարձ չկայ Լեռնային Ղարաբաղին:

Ըստ Լեւոն Յովսէփեանի՝ Թուրքիայի եւ Ռուսաստանի համար առաջնայինը սիրիական գործընթացներն են, չնայած, նա համոզւած է, որ հանդիպման ընթացքում քննարկւել է արցախեան հիմնախնդիրը, բայց չի բարձրաձայնւել:

«ՌԴ նախագահի հետ հանդիպումից յետոյ Էրդողանն իր հարցազրոյցում նշել է, Պուտինը Թուրքիայի Արցախեան հիմնախնդրի առաջարկներին, մօտեցումներին լաւատեսական չի վերաբերւում»,- յայտնեց նա:

Թուրքագէտը նշում է, որ 2017 թ. աննախադէպ էր ռուս-թուրքական բարձր մակարդակի շփումների առումով, ընդ որում՝ ոչ միայն նախագահների մակարդակով: Լեւոն Յովսէփեանի խօսքով՝ հանդիպումների նման պարբերականութիւնը 2015 թ. նոյեմբերի 24-ին ռուսական Սու-24 ինքնաթիռի կործանումից յետոյ երկու երկրների միջեւ առաջացած խոր ճգնաժամի յաղթահարման տրամաբանութեամբ են պայմանաւորւած, ինչպէս նաեւ աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակով:

«Եթէ մենք խօսում ենք ռուս-թուրքական յարաբերութիւնների ներկայիս մակարդակի եւ հեռանկարների մասին, մենք պէտք է հաշւի առնենք աշխարհաքաղաքական այն իրադրութիւնը, որում գտնւում են երկու երկրները: Արեւմուտքի հետ ընդհանրական առումով դիմակայութիւնը երկու կողմերին ստիպում է էլ աւելի մերձենալ որպէս հակակշիռ արեւմտեան առանցքին»,- նկատեց թուրքագէտը:

Նրա տեղեկացմամբ՝ վերջին շրջանում Թուրքիայի յարաբերութիւնները վատացել են ե՛ւ ԱՄՆ-ի, ե՛ւ ԵՄ-ի հետ, եւ նա փորձում է լրացման քաղաքականութիւն իրականացնել Ռուսաստանի հետ: Իսկ ՌԴ-ի շահերից է բխում ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ դիմակայութեան մէջ գտնւող Թուրքիայի հետ համագործակցելը:

«Այս դէպքում Թուրքիան էլ աւելի կախեալ վիճակում է յայտնւում Ռուսաստանից՝ ռազմաքաղաքական, տնտեսական առումով: Ռուսաստանի ընկալումները հետեւեալն են՝  որքան հնարաւոր է Թուրքիան աւելի շատ ընդգրկել դիմակայութեան մէջ ՆԱՏՕ-ի հետ, Միացեալ Նահանգների հետ, ինչն առաւելութիւն կը տայ Ռուսաստանի ազդեցութիւնը մեծացնել Թուրքիայի նկատմամբ»,- ասաց նա:

Ռուս-թուրքական մերձեցումից յետոյ Հայաստանում մշտապէս բացասական սպասումներն են ձեւաւորւում՝ հաշւի առնելով պատմական փորձը, երբ Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել: Հարցին, թէ ռուս-թուրքական այս մերձեցման դէպքում էլ նման մտավախութիւն կայ, Լեւոն Յովսէփեանը պատասխանեց. «Սա զգայուն թեմաներից է, պատմական փորձառութիւնը մշտապէս որոշակի մտահոգութիւն է առաջացնում հասարակական, վերլուծական քննարկումներում, բայց, կարծում եմ, ներկայիս ռազմաքաղաքական իրադրութիւնը, աշխարհաքաղաքական գործընթացները հիմք չեն տալիս մտածելու, որ Ռուսաստանը կը գնայ նման քայլի՝ որքան էլ Թուրքիայի հետ յարաբերութիւնների մերձեցումը ակտիւ փուլում է»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։