Հա

Քաղաքական

22/11/2017 - 11:30

ԱՄՆ-ն չի բացառել, որ կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դէմ ՌԴ-ից «S-400» համակարգեր գնելու համար

ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քէյ Բէյլի Հաթչինսոնը չի բացառել, որ Ռուսաստանից «S-400» զենիթահրթիռային համակարգերի գնման համաձայնագիր կնքելու համար Թուրքիայի դէմ հնարաւոր է որոշ պատժամիջոցներ կիրառւեն:

«alikonline.ir» - ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քէյ Բէյլի Հաթչինսոնը չի բացառել, որ Ռուսաստանից «S-400» զենիթահրթիռային համակարգերի գնման համաձայնագիր կնքելու համար Թուրքիայի դէմ հնարաւոր է որոշ պատժամիջոցներ կիրառւեն: Այս մասին ըստ «tert.am»-ի՝ գրում է ամերիկեան «The Washington Post»-ը:

Լրագրողների այն հարցին, թէ արդեօք հնարաւոր է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի դէմ պատժամիջոցներ կիրառի, Հաթչինսոնը պատասխանել է. «Ես չգիտեմ այդ հարցի պատասխանը, այս բարդ հարցը պէտք է երկկողմանի քննարկել, ես տեղեակ չեմ, որ թեմայի վերաբերեալ որեւէ որոշում է կայացւել»:

Միեւնոյն ժամանակ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը յայտնել է, որ Թուրքիայի՝ «S-400» համակարգերի գնման հետ կապւած իրենք իսկապէս լուրջ մտավախութիւններ ունեն, սակայն միւս կողմից Թուրքիան շատ կարեւոր գործընկեր է ՆԱՏՕ-ի համար:

Նշենք, որ աւելի վաղ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի փոխնախարար Հէյդի Գրանտը շեշտել էր, որ «S-400» համակարգերի գնումը կարող է խնդիրներ առաջացնել նաեւ ԱՄՆ-ի կողմից Թուրքիային «F-35» կործանիչների մատակարարման հարցում, ինչը նախատեսւած է իրականացնել 2018 թւականին:

Օրեր առաջ էլ լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտէի ղեկավար, չեխ գեներալ Պեոտր Պաւէլը յայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն դէմ է, որ Անկարան Մոսկւայից «S-400» զենիթահրթիռային համակարգեր ձեռք բերի հիմնականում անվտանգութեան նկատառումներով, այլ ոչ Ռուսաստանի եւ Արեւմուտքի ռազմական տեխնիկայի տեխնիկական անհամատեղելիութեան պատճառով:

Իր հերթին Պենտագոնի ղեկավար Ջէյմզ Մաթիսը յայտարարել էր, որ Թուրքիայի կողմից ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի գնումն այդ երկրի ինքնուրոյն որոշումն է, սակայն Թուրքիան այն ՆԱՏՕ-ի այլ զինատեսակների հետ համատեղ կերպով կիրառել չի կարողանայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։