Հա

Քաղաքական

30/11/2017 - 11:00

Էրդողանի արցախեան «այրոցը». Թուրքիան Բաքւի համար հրթիռային «second-hand» է պատրաստում

Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում մարսել այն փաստը, որ դուրս է մնում արցախեան գործընթացից։

Յայտնի է դարձել, որ թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերութիւնը պատրաստւում է պայմանագիր կնքել Ադրբեջանի կառավարութեան հետ փոքր եւ միջին հեռահարութեան «SOM-A» թեւաւոր հրթիռների մատակարարման վերաբերեալ։ Մանրամասները (մատակարարման ծաւալն ու գումարը) դեռ չեն նշւում։

«alikonline.ir» - Թուրքիան ոչ մի կերպ չի կարողանում մարսել այն փաստը, որ դուրս է մնում արցախեան գործընթացից։ Այդ «այրոցը» յաղթահարելու փորձի մասին գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը։

 

Թուրքիայի հերթական քաղաքական հնարքները Հարաւային Կովկասում

Յայտնի է դարձել, որ թուրքական «Roketsan» պաշտպանական ընկերութիւնը պատրաստւում է պայմանագիր կնքել Ադրբեջանի կառավարութեան հետ փոքր եւ միջին հեռահարութեան «SOM-A» թեւաւոր հրթիռների մատակարարման վերաբերեալ։ Մանրամասները (մատակարարման ծաւալն ու գումարը) դեռ չեն նշւում։

Արցախեան հարթակում մինչեւ այժմ «օդ-օդ» հրթիռների անհրաժեշտութիւն չի եղել։ Ու դժւար էլ լինի։

Այլ հարց է, եթէ թուրքերը հրթիռների մէջ մի բան այնպէս են փոխել, որ դրանք կարելի էլ երկրից էլ բաց թողնել։ Կամ էլ նոյնիսկ, ինչու ոչ, օդից երկիր։ Չէ որ «SOM-A» հրթիռները հարւածում են մինչեւ 100-300 կիլոմետր։ Իսկական հեռաւորութիւն է Արցախի համար։

Բայց սա էլ ամենակարեւորը չէ։ Ակնյայտ է քաղաքական գործօնի առկայութիւնը։ Մի փոքր ուշադիր քննենք։

Թուրքիան յամառօրէն չի կարողանում համակերպւել այն մտքի հետ, որ թոյլ չտւեցին խառնւել Արցախի հարցին եւ ուզում է ուղղել այդ անարդարութիւնը, անպայման որեւէ կերպ մասնակցել բանակցութիւնների գործընթացին։

Բանակցային գործընթաց սողոսկելու հնարաւորութիւն չունի (Ռուսաստանը վստահ «ոչ» է ասել), բայց ոչ ոք չի խանգարում, որ սադրի տարածաշրջանի իրավիճակը։

Ու այստեղ կը պարզւի, որ թուրքերը սպիտակ ու փափուկ էին իրենց եղբայր ադրբեջանցիների համար, թէեւ բաւարար ջանք չգործադրեցին նրանց համար քաղաքական ասպարէզում (ինչպէս հիմա կարծում են Բաքւում)։

Ոչ ոք չի ասի, որ Անկարան առաջին հերթին լուծել է Սիրիայի հետ կապւած իր խնդիրները ու Սոչիում բանակցութիունների ժամանակ հէնց նրանց համար է օգտագործել արցախեան խաղաքարտը։ Ու քչերը կը նկատեն, որ Էրդողանը յիշում է Արցախի մասին այն ժամանակ, երբ վախենում է, որ Բաքուն նրան Մոսկւայի հետ կը դաւաճանի։

Իսկ հիմա, հասկանալով, որ Սիրիայի խաղում չի կարող խաղարկել արցախեան խաղաքարտը, Թուրքիան փորձում է միւս կողմից մօտենալ։ Այստեղ տեղին է «SOM-A» հրթիռի մատակարարումը Ադրբեջանին։ Լարւածութիւնն աւելանում է, իսկ Թուրքիան ասես կապ չունի (կրտսեր եղբօրն է օգնում, ոչ աւելին)։ Ու Բաքւի առաջ էլ կարող է արդարանալ, որ բանակցութիւնների հարցում չկարողացաւ թիկունքին կանգնել, փոխարէնը օգնում է զէնքով։

Այդ ամէնին կարելի է եւս մէկ գործօն աւելացնել` կապւած թուրքական արտադրութեան հրթիռների հետ։

 

Անկարան Բաքւի առաջ միաւորներ է հաւաքում

Երբ թուրքական բանակը զինւեց «SOM-A» հրթիռներով (դա տեղի ունեցաւ 2012 թւականին), գովազդային տեսահոլովակներն ու գրքոյկները, ինչպէս եւ մի շարք քաղաքական գործիչներ պնդում էին, որ զէնքի յայտնւելուն պէս տարածաշրջանում ուժերի բաշխումը կը փոխւի։

Իրականում թուրքական «Roketsan» ընկերութեան արտադրութեան այդ հրթիռներն իսկապէս ահարկու զէնքեր են։ Բայց տարածաշրջանում առանց այդ էլ ե՛ւ համաշխարհային արտադրողների սպառազինութիւն շատ կայ, ե՛ւ գերտէրութիւնների շահեր։

«Rocketsan»-ը չէր կարող փոխել իրավիճակը, թէեւ այն ժամանակ գլուխ էր գովում, որ շուտով արտադրութեան կը հանի նոր «SOM B»-ն, «SOM Block»-ը եւ այլ մոդիֆիկացիները։ Որ արդէն ոչ միայն օդային, այլ նաեւ երկրային ու ծովային կայանաւորման հրթիռներ կը լինեն։

Աւելին` գովազդողները պնդում էին, որ նրանց «օդ-օդ» եւ «օդ-երկիր» հրթիռներով Նիդեռլանդները (սկզբի համար) որոշել են զինել իրենց «F-35» կործանիչները։

Գովազդային արշաւն այն ժամանակ այնքան էլ յաջող ընթացք չունեցաւ. երբ մասնագիտացւած պարբերականները սկսեցին հրապարակել հրթիռների բնութագրերը, մասնագէտներին (այս անգամ արդէն սպառազինութեան) դրանք այդքան էլ չտպաւորեցին։

160 կմ. հեռահարութիւն, 230 մարտական քաշ։ Սրանով այսօր որեւէ մէկին չես ոգեւորի եւ չես զարմացնի։ Եթէ համեմատենք Իսրայէլի կամ Իրանի արտադրանքի հետ, ապա սա սովորական երկաթի կտոր է, որն աւելի հեշտ է նետել, քան թէ գործարկել։

Ինչով ասես չէր սպառնում արտադրողը։ Խոստանում էր մինչեւ 2016 թւականը հրթիռների շառաւիղն աւելացնել մինչեւ 2000 կիլոմետր ու մի բան էլ աւելի, հրթիռներին հարմարեցնել «INS» եւ «GPS», բարոմետրիկ բարձրաչափով ռադար, տեղանքի ուսումնասիրութիւն կատարելու հնարաւորութիւն։ Եւ մէկ է` գնորդները մէկ-երկուսից այն կողմ չանցան։

Հէնց Թուրքիան էլ գնեց դրանք։ Եւ 2015 թւականի նոյեմբերին, կարծես, հէնց այդպիսի հրթիռով էլ խոցւեց ռուսական «Սու-24»-ը, որը մարտական գործողութիւն էր իրականացնում Սիրիայում` Լաթաքիայի երկնքում։

Դէ իսկ հիմա էլ, երբ «Roketsan»-ն խոստումը կարծես թէ իրականացրեց ու անցաւ նոր մոդելների, ապա հները կարելի է նաեւ խոցել, ընդ որում` քաղաքական օգուտ ստանալով։ Հէնց նոյն կրկնակի նշանակետով` աւելացնելով դիմակայութեան գծի լարւածութիւնը եւ միաւորներ հաւաքելով Բաքւի առաջ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։