Հա

Քաղաքական

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 12:00

«Զէնքի ընկերը». պակիստանցիները կը զինե՞ն Ադրբեջանին

Զարգացած ռազմարդիւնաբերական համալիր ունեցող Անկարան եւ Իսլամաբադը Բաքւին առաջարկելու բան ունեն, մասնաւորապէս, համատեղ արտադրութեան բնագաւառում։

«alikonline.ir» - Զարգացած ռազմարդիւնաբերական համալիր ունեցող Անկարան եւ Իսլամաբադը Բաքւին առաջարկելու բան ունեն, մասնաւորապէս, համատեղ արտադրութեան բնագաւառում։

Պակիստանն ու Թուրքիան ազգային ռազմական արդիւնաբերութիւն ստեղծելու լուրջ փորձ ունեն, Պակիստանի արտգործնախարարի վերջին յայտարարութիւնը մեկնաբանելով` «Sputnik» Արմենիային ասաց ռազմական փորձագէտ, «Սպառազինութեան փորձագէտ» ամսագրի հրատարակիչ Ռուսլան Պուխովը։

Աւելի վաղ Բաքւի եւ Անկարայի գործընկերների հետ համատեղ ասուլիսի ժամանակ Պակիստանի արտգործնախարար Խաւաջ Մուհամմեդ Ասիֆը յայտարարել էր, որ Պակիստանը, Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանութեան ոլորտում կարող են համատեղ արդիւնաբերական համալիրներ ստեղծել։

«Թուրքիան արտօնագրւած արտադրութիւնից էր սկսել, իսկ այժմ բարձրորակ արտադրանքներ շատ ունի։ Դասական օրինակ է «Կոբրա» թեթեւ զրահամեքենան։ Սա տեխնիկական եւ կոմերցիոն մեծ յաջողութիւն է։ Թուրքիան շատ լաւ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ունի` Anka-ն»,- ասաց Պուխովը։

Պակիստանն, ըստ նրա, Հնդկաստանից աւելի քիչ ռեսուրսներ ունենալով` աւելի յաջող հրթիռային ծրագիր եւ տանկեր է ստեղծել։

Միեւնոյն ժամանակ բոլոր երեք երկրներն էլ ռազմական արդիւնաբերութեան զարգացման ոլորտում տարբեր արագութեամբ են շարժւում։ Պուխովը դժւարացաւ ասել` յատկապէս Պակիստանի կամ Թուրքիայի ռազմաարդիւնաբերական համալիրում  (ՌԱՀ) ինչը կարող է հետաքրքրել Ադրբեջանին, որն ամբողջ աշխարհից է զէնք գնում։

Միւս կողմից, նրա խօսքով, հաշւի առնելով, որ Ադրբեջանի ռազմական գնումները կապւած են Արցախի հետ, իսկ վերջինն իր հերթին կապւած է Ռուսաստանի դաշնակից Հայաստանի հետ, ապա չնայած հայ-ռուսական յարաբերութիւնների ողջ բարդութեանը, Մոսկւան պարտաւոր է պատերազմի դէպքում հանդէս գալ Երեւանի կողմից։

«Պակիստանին առանձնապէս չի հետաքրքրում Ռուսաստանի զայրոյթը։ Պակիստանի վրայ միշտ կարող է ազդել Չինաստանը, որի հետ Ռուսաստանն արագ տեմպերով է մերձենում։ Այս պայմաններում ես չեմ հաւատում, որ պակիստանցիները «կը շտապեն» սպառազինել Ադրբեջանին։ Խիստ կասկածում եմ», -ասաց Պուխովը։

Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա, ըստ փորձագէտի, նա երկու հիմնական մարտահրաւէր ունի, եւ Ադրբեջանը նրա համար արտաքին քաղաքականութեան առանցքային ուղղութիւն չէ։

Թուրքիայի քաղաքականութիւնը նախ ուղղած է ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ յարաբերութիւններ պարզելուն. նրանք Սիրիայում սեփական շահերն ունեն։

«Թուրքիան այնքան խնդիր ունի, որ հաստատ Ադրբեջանի եւ Հայաստանի մասին մտածելու ժամանակ չունի», - ասաց Պուխովը։

Երրորդ գործօնը փողն է։ Փորձագէտի խօսքով` նաւթային փողերով «լցւած գրպաններով» Ադրբեջանը բաւական հետաքրքիր գործընկեր է, բայց կրկնակի քիչ գումարով, այլ հարց է երկրի ներսում անհաւասարութիւն եւ կոռուպցիայի մեծ տոկոս ունեցող Ադրբեջանը։

«Պետութիւնը ռազմական նպատակներով որոշակի գումար միայն կարող է ծախսել։ Եթէ երկիրը շարունակի զէնք գնել այնքան, որքան ԽՍՀՄ-ը, ապա դա կարող է երկրի փլուզման կամ յեղաշրջման հանգեցնել, ինչպէս եղել է Ռումինիայում Չաուշեսկուի հետ։ Այժմ Ադրբեջանը թուրքերին եւ պակիստանցիներին, կոպիտ ասած, կրկնակի անհետաքրքիր է, քան երեք տարի առաջ»,- ասաց Պուխովը։

«Ռազմինֆօ» կայքի վերլուծաբան Տարոն  Յովհաննիսեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում ուշադրութիւն հրարւիրեց Թուրքիայի արտգործնախարարի յայտարարութեան այն հատւածին, որ Թուրքիան ու Պակիստանը բաւական լուրջ առաջընթաց են արձանագրել ուսումնամարզական ինքնաթիռների արտադրման ոլորտում, իսկ Ադրբեջանը դեռ ներկրում է դրանք։

«Հաւանաբար, նրանք փորձում են Ադրբեջանին ներգրաւել նման օդանաւերի արտադրման գործընթացին։ Ենթադրում եմ, որ եթէ ՌԱՀ ձեռնարկութեան ստեղծման մասին բանակցութիւնները սկսւեն, ապա խոսք կը լինի հէնց ուսումնամարզական ինքնաթիռների արտադրման մասին»,- ասաց Յովհաննիսեանը։

Նրա խօսքով` բոլոր նախադրեալները խօսում են հէնց այդ մասին, թէեւ չեն բացառւում այլ սպառազինութիւնների արտադրութիւնն ու այդ ոլորտում համագործակցութիւնը, քանի որ ե՛ւ Թուրքիան, ե՛ւ Պակիստանը զարգացած ռազմարդիւնաբերական համալիր ունեն։

Ադրբեջանում վերջին տարիներին զարգանում է նաեւ ՌԱՀ-ը, այդ պատճառով համագործակցությունը լիովին հավանական է։ Ընդ որում, դա մեկ կամ երկու տարվա գործ չէ։

«Այսօր ամենահաւանական տարբերակը ուսումնական ինքնաթիռների հաւաքումն է։ Յայտնում էին, որ Ադրբեջանն արդէն յուլիսին «Super Mushshak»-ի 10-ը միաւոր էր գնել, եւս 52-ը Թուրքիան է ձեռք բերում։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, կը ցանկանար իր տարածքում արտադրել դրանք»,- ասաց Յովհաննիսեանը։

Նրա խօսքով` փաստերը վկայում են, որ Բաքուն ցանկանում է զարգացնել աւիաարդիւնաբերութիւնը, եւ առաջիկայ տարիներին նրանք կարող են սկսել համագործակցել, այդ թւում Թուրքիայի եւ Պակիստանի հետ։

«Կարծում եմ, որ այդ յայտարարութիւններում կարող է տնտեսական տարր լինել, սակայն քաղաքականն անզէն աչքով է երեւում»,- ասում է քաղտեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

Այդ յայտարարութիւններում նոր բան չկայ, չէ՞ որ Ադրբեջանն առանց այդ էլ զգալի պաշտպանական համալիրներ ունի, անձամբ է որոշ բաներ արտադրում։ Եթէ բոլոր երեք երկրները ցանկանան զարգացնել ՌԱՀ-ները, ռեսուրսներ կը գտնւեն։

«Սակայն, ամէն դէպքում, սա քաղաքական յայտարարութիւն է։ Տարածաշրջանի բոլոր երկրները փորձում են իրենց դիրքերն ամրապնդելու համար նոր ձեւաչափեր ստեղծել»,- ասաց Յակոբեանը։

Նրա խօսքով` տարածաշրջանի երկրները հետզհետէ աւելի շատ են բազմակողմ շփումներ հաստատում. տարածաշրջանը հետաքրքիր է դարձել մի շարք երկրների եւ ուժային կենտրոնների համար։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։