Հա

Քաղաքական

Շաբաթ, 02 Դեկտեմբերի 2017 13:00

Իսլամական գործօնը Արցախում. Իսլամաբադն օգնութիւն է առաջարկել Բաքւին

Պակիստանն Ադրբեջանին «օգնութիւն» է առաջարկել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում, կը կիրառի՞ նա արդեօք իսլամական գործօնը, թէ դա հոգեբանական աջակցութիւն է։

«alikonline.ir» -  Պակիստանն Ադրբեջանին «օգնութիւն» է առաջարկել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում, կը կիրառի՞ նա արդեօք իսլամական գործօնը, թէ դա հոգեբանական աջակցութիւն է։

Ադրբեջանը փորձում է կրօնական երանգ հաղորդել ղարաբաղեան հակամարտութեանը` օգտագործելով դրա համար Պակիստանի օգնութիւնը, «Sputnik» Արմենիային ասաց քաղաքական տեխնոլոգ Վիգէն Յակոբեանը։

Պակիստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան կարող էին համագործակցել ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում։ Այս մասին նոյեմբերի 30-ին Բաքւում ասել է Պակիստանի ԱԳՆ ղեկավար Հաւաջա Մուհամմեդ Ասիֆը Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Հնարաւոր է` դա է Պակիստանի ցանկութիւնը, որ ազդի գործընթացի վրայ, զգալի դեր խաղայ տարածաշրջանում։ Վտանգը այն է, որ Պակիստանն ասոցացւում է իսլամական աշխարհի հետ, այդ փաստը կարող է օգտագործւել ղարաբաղեան հակամարտութիւնը երկու երկրների դիմակայութիւնից կրօնական ոլորտ տեղափոխելու համար»,- ասաց Յակոբեանը։

Նրա խօսքով` վտանգը հէնց դրանում է, չէ՞ որ Ադրբեջանը վերջին 25 տարիների ընթացքում անընդհատ ցանկանում էր դաշնակիցներ գտնել ըստ կրօնական պատկանելութեան, տեղափոխել հակամարտութիւնը կրօնական դաշտ։

Նա նշեց, որ այդ միտումը նկատելի է նաեւ իսլամական հարթակներում ելոյթների ժամանակ։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այն փորձում է տարբեր մակարդակներում հաստատել տարածաշրջանում իր «բացառիկ» դերը։

«Այդ առիթով չպէտք է նեարդայնանալ, քանի որ դա մեծ քաղաքականութիւն է, Ադրբեջանը ձեռքերը ծալած չի հետեւի, թէ ինչպէս է Հայաստանը դիւերսիֆիկացնում իր արտաքին քաղաքականութիւնը եւ մանեւրելու մեծ աստիճան է ստանում։ Բայց ես համոզւած չեմ, որ միայն Պակիստանի յայտնւելով կը լուծւի հակամարտութեան «իսլամականացման» հարցը»,- ասաց Յակոբեանը։

Նրա խօսքով` իսլամական աշխարհը շատ տարբեր է։ Դա կարող է շատերին դուր չգալ, այդ թւում` տարածաշրջանային խաղացողներին, առաջին հերթին` Իրանին։ Քաղտեխնոլոգի խօսքով` պէտք է ուշադիր լինել գործընթացի նկատմամբ, միաժամանակ այն այդքան ակնյայտ հեռանկարներ չունի։

«Կան շատ ազդեցիկ երկրներ, որոնք միշտ խոչընդոտել են հակամարտութիւնը կրօնականի վերածելուն։ Եւս մէկ ակտիւ խաղացողի յայտնւելը կը հանգեցնի նրան, որ հակազդեցութիւն կը լինի նաեւ այս ասպարէզում»,– ասաց Յակոբեանը։

Իր հերթին, իրանագէտ Արմէն Իսրայէլեանը «Sputnik» Արմենիային ասաց, որ Իրանը կը շարունակի չեզոքութեան քաղաքականութիւնը ղարաբաղեան հակամարտութիւնում։ Միաժամանակ նրա համար շահաւէտ չէ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցութեան ուժեղացումը նոր խաղացողների` նոյն Պակիստանի յայտնւելու հաշւին։ Բացի այդ, Պակիստանը Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւններ չունի եւ աջակցում է Ադրբեջանին, որի միջազգային կապերին Իրանն ուշադիր հետեւում է։

Մասնաւորապէս, ռազմատեխնիկական ոլորտում Ադրբեջանի եւ Իսրայէլի համագործակցութիւնը եւ Բաքւից բխող պարբերական վտանգը Իրանի հիւսիսային շրջանների նկատմամբ գտնւում է ԻԻՀ ուշադրութեան կենտրոնում։

«Իրանի ԱԳՆ ներկայացուցիչներից մէկն ասել է, որ երկիրը հետեւում է ոչ թէ Ադրբեջանի խաղաղասէր յայտարարութիւններին, այլ նրա գործողութիւններին։ Իրականում Ադրբեջանի քաղաքականութիւնն ուրիշ է. այն ոչ մի կապ չունի պաշտօնական յայտարարութիւնների հետ»,- ասաց Իսրայէլեանը։

Ինչպէս նշեց Իսրայէլեանը, Իրանի քաղաքականութիւնն Ադրբեջանի նկատմամբ առաջին հերթին ուղղւած է այնտեղից Իսրայէլին դուրս մղելու փորձին։

Բաքւում Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Պակիստանը յայտարարել է, որ կարող է օգտագործել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին` տարբեր ապրանքներ տեղափոխելու համար։ Իրանն այս նախագծում ընդգրկւած չէ։

Իսրայէլեանի խօսքով, եթէ Պակիստանի միանալը նախագծին նպաստի տարածաշրջանում նրա մրցակցի` Թուրքիայի, ազդեցութեան ուժեղացմանը, ապա դա չի բխում Թեհրանի շահերից։ Իրանը փորձում է ամրապնդել իր կապերը Միջին Ասիայի հետ, վերջերս նա Թուրքմենստանի եւ Ղազախստանի հետ երկաթուղի է գործարկել։

«Իրանը բացայայտ կերպով անհանգստացած չէ այս յայտարարութեամբ, նրա քաղաքականութիւնն այլ է։ Միւս կողմից, նա կարող է փորձել ընդգրկւել նախագծում` իր ազդեցութիւնն աւելացնելու համար։ Սակայն մինչեւ հիմա չի հանդիպել այդ նախագծին միանալու ձգտման մասին յայտարարութիւնների», – ասաց Իսրայէլեանը։

Քաղաքագէտ Երւանդ Բոզոյեանը «Sputnik» Արմենիայի հետ զրոյցում յայտարարեց, որ Պակիստանը յայտնի է իր ծայրայեղ ադրբեջանական դիրքորոշմամբ, ուստի Իսլամաբադի նման յայտարարութիւնները ոչ այլ ինչ են, քան սադրանք։

«Պակիստանն այն երկիրը չէ, որը կարող է դեր խաղալ տարածաշրջանում։ Դա գերտերութիւն չէ, այն լուրջ խնդիրներ ունի Հնդկաստանի հետ։ Այս տարածաշրջանում ոչ ոք թոյլ չի տայ Պակիստանին ինչ-որ դեր խաղալ, նա ոչ մի շանս չունի։ Իսլամաբադն Ադրբեջանին լոկ հոգեբանական աջակցութիւն է ցուցաբերում»,- ասաց Բոզոյեանը։

Նրա խօսքով` Պակիստանին կարող են լսել միայն Աֆղանստանի հարցում, այն էլ հարց է` որքանով լուրջ կը վերաբերւեն դրան։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

«Մեղրի» ԱՏԳ-ն ինչպէ՞ս կազդի Իրան-Հայաստան տնտեսական յարաբերութիւնների զարգացման վրայ:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։