Հա

Քաղաքական

02/12/2017 - 09:55

Արցախ այցելելու համար Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մէջ գտնւող 4 թուրք մտաւորականների նկատմամբ հետաքննութիւն է սկսւել նաեւ Թուրքիայում

Արցախ այցելելու համար Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մէջ գտնւող թուրք մտաւորականների նկատմամբ հետաքննութիւն է սկսւել նաեւ Թուրքիայում: Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն:

«alikonline.ir» - Արցախ այցելելու համար Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մէջ գտնւող թուրք մտաւորականների նկատմամբ հետաքննութիւն է սկսւել նաեւ Թուրքիայում: Այս մասին յայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չաւուշօղլուն: Ըստ «tert.am»-ի՝ գրում է թուրքական «diken.com.tr» կայքը:

Չաւուշօղլուն յայտնել է, որ իրաւական գործընթացներն արդէն մեկնարկել են, ու մտաւորականները կանչւել են դատարան՝ վկայութիւն տալու:

Թուրքիայի արտգործնախարարը պնդել է, որ չորս մտաւորականները հարցի առնչութեամբ զանգահարել են իրեն ու նշել, որ տեղեակ չեն եղել, թէ իրենց արածը յանցանք է:

«Ես ասացի, որ այդ նոյն բանն իրենք պէտք է ասեն Ադրբեջանի իշխանութիւններին: Ի վերջոյ, առաջին դասարանի երեխաներ չեն: Նրանք նամակ են յղել՝ նշելով, որ սխալւել են ու տեղեակ չէին, որ այդ քայլն անօրինական է: Բայց սա թող դաս լինի նրանց համար: Գործընթացը մեկնարկել է», - ասել է Չաւուշօղլուն՝ շեշտելով, որ Թուրքիան Ադրբեջանի պէս երբեւէ չի ընդունի որեւէ մէկի՝ առանց Ադրբեջանի թոյլտւութեան Արցախի տարածք մուտք գործելը:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտաւորականները մեղադրւում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար»: Նրանց հանդէպ յայտարարւել է միջազգային հետախուզում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամաւոր Այդըն Հուսէյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դաւաճանութեան համար ու յայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատւածում կարտայանձնի նրանց Բաքւին:

Չորս մտաւորականներից Ալի Բայրամօղլուն աւելի վաղ Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ին տւած հարցազրոյցում նշել էր, որ իրեն յատկապէս զայրացրել է այն փաստը, որ Ադրբեջանի գլխաւոր դատախազը շեշտել է, թէ այս մտաւորականներն ունեն հայամետ դիրքորոշում եւ շահարկելով նրանց՝ Հայոց Ցեղասպանութեան հարցում ունեցած դիրքորոշումը, կարծես փորձել է Թուրքիայի ներքաղաքական վիճակն օգտագործելով՝ նրանց վրայ բարդել նաեւ Արցախի հետ կապւած այս մեղադրանքը:

«Ակօս»-ի խնդրանքով թեմայի վերաբերեալ մեկնաբանութիւն էր տւել նաեւ փաստաբան, իրաւական փորձագէտ, Ստամբուլի փաստաբանների բիւրոյի նախկին նախագահ Իւջէլ Սայմանը:

«Այն, որ այս քաղաքացիների վերաբերեալ Բաքւում ձերբակալման ու կալանաւորման որոշում կայ, չի կարող նրանց արտայանձնման հիմք հանդիսանալ: Եթէ նրանց արարքը յանցանք է նաեւ ըստ Թուրքիայի օրէնքների՝ նրանք այստեղ կը կրեն իրենց պատիժը: Ինտերպոլով որոնւելը նոյնպէս այստեղ նրանց ձերբակալելու ու արտայանձնելու հիմք չի տալիս, բայց դա կարող է տեղի ունենալ որեւէ այլ՝ երրորդ երկրում»,- մանրամասնել էր Սայմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։