Հա

Քաղաքական

17/12/2017 - 10:50

Մի կաթիլ արցախեան մեղր Էրդողանի համար կամ Արցախի բանալին Երուսաղէմում

Երուսաղէմն Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին յայտարարութիւնից յետոյ Մերձաւոր Արեւելքում քաղաքական իրավիճակի սրացման ֆոնին Թուրքիայի աշխուժացումը տարածաշրջանում ամենեւին էլ անսպասելի չէ։

Աւելի շուտ հակառակը` եթէ Երուսաղէմի «Պանդորայի արկղը» (այսպէս են անւանել Թրամփի որոշումը) չլինէր, Էրդողանը կը յօրիներ մի բան, քանի որ այժմ նա անում է հնարաւոր ամէն ինչ համաշխարհային հանրութեանն ուշադրութիւնն իր վրայ հրաւիրելու համար։

ԱՐՄԱՆ ՎԱՆԵՍՔԵՀԵԱՆ

Քաղաքական վերլուծաբան

 

Երուսաղէմն Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին յայտարարութիւնից յետոյ Մերձաւոր Արեւելքում քաղաքական իրավիճակի սրացման ֆոնին Թուրքիայի աշխուժացումը տարածաշրջանում ամենեւին էլ անսպասելի չէ։

Աւելի շուտ հակառակը` եթէ Երուսաղէմի «Պանդորայի արկղը» (այսպէս են անւանել Թրամփի որոշումը) չլինէր, Էրդողանը կը յօրիներ մի բան, քանի որ այժմ նա անում է հնարաւոր ամէն ինչ համաշխարհային հանրութեանն ուշադրութիւնն իր վրայ հրաւիրելու համար։

 

Ստամբուլում կայացած ԻՀԿ գագաթնաժողովը ներկայացում էր

Պարզւում է` Էրդողանը պանթուրքիզմի գաղափարներից չի հրաժարւել, թէեւ ժամանակին ստիպւած էր հաշտւել սիրիական հակամարտութիւնում կրած պարտութեան հետ։ Նա հանդարտւեց այն ժամանակ, երբ ճգնաժամին միջամտեց ռուսական ռազմաօդային ուժերը, եւ այժմ ստիպւած է գործել Ռուսաստանի եւ Իրանի քաղաքական ուղղութեամբ։

Սակայն նա ժամանակաւոր էր հանդարտւել, մինչեւ կը գային լաւ ժամանակներ, որոնք, ինչպէս նրան թւաց, եկան այն պահին, երբ Թրամփն արեց իր յայտնի յայտարարութիւնը։ Այդ ժամանակ Էրդողանը որոշեց, որ եկել է Թուրքիայի աստեղային ժամը` հնարաւորութիւն իսլամական աշխարհի առաջնորդը դառնալու, աշխարհի, որը, ըստ էութեան, իսկապէս պէտք է միահամուռ դուրս գար ամերիկացիների դէմ` ի աջակցութիւն Պաղեստինի։

Ի սկզբանէ թւում էր, թէ ամէն ինչ համապատասխանելու է Էրդողանի տրամաբանութեանը` մարդու, որ պետութիւն է ղեկավարում, որը Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանում ամենամեծաթիւ եւ սպառազինւած բանակն ունի` սպառազինւած ՆԱՏՕ-ի զէնքով եւ տեխնոլոգիաներով։

Իսլամական համագործակցութեան կազմակերպութիւնը (ԻՀԿ` 57 իսլամական երկիր) Էրդողանի նախաձեռնութեամբ հաւաքւել էր Ստամբուլում գագաթնաժողովի եւ միասնական ճակատով հանդէս եկել ի աջակցութիւն Պաղեստինի, իսկ երկրի նախագահը, որպէս հիւրերին ընդունող տանտէր, առաջատար տեղերից մէկն էր զբաղեցրել։

Գագաթնաժողովի ընդունած կոմիւնիկէն, իսկապէս, կարող է տպաւորել. մի շարք կտրուկ խօսքեր էին հնչել, ընդհանուր առմամբ ամերիկացիների եւ, մասնաւորապէս, Թրամփի հասցէին, իսկ վերջում սենսացիոն յայտարարութիւն էր արւել, որն ընդունւել էր միաձայն. այսուհետեւ Արեւելեան Երուսաղէմը Պաղեստինի մայրաքաղաքն է։

Էրդողանը Միացեալ Նահանգների հասցէին զայրացած ու մեղադրական խօսքով հանդէս էր եկել` Թրամփի որոշումը սադրանք եւ կամայականութիւն անւանելով։ Նրան աջակցեցին եւ վստահեցին գագաթնաժողովի մասնակիցները։ Թւում էր, թէ Թուրքիայի նախագահի ծրագրերը գրեթէ իրականացան, եւ նա, եթէ ոչ այսօր, ապա վաղը մուսուլմանական աշխարհի առաջնորդը կը դառնայ։

Սակայն, ինչպէս լինում է նման դէպքերում, առանց Էրդողանի համար նախատեսւած մի քանի կաթիլ մեղրի գործը գլուխ չեկաւ։

Նախ` գագաթնաժողովի մասնակիցների կազմը ներկայացուցչական չես անւանի. Ստամբուլ 57 մուսուլմանական երկրից միայն 16 պետութեան ղեկավար էր ժամանել։ Միւսները ներկայացել էին միայն արտգործնախարարների մակարդակով։

Երկրորդ` Էրդողանը, որ գագաթնաժողովից առաջ գոռում ու գոչում էր` սպառնալով Իսրայէլի հետ խզել քաղաքական եւ տնտեսական բոլոր կապերը, որոշակի փուլում իր այդ խոստման մասին կտրուկ մոռացաւ եւ շեշտը դնում էր ընդհանուր առմամբ Միացեալ Նահանգների եւ մասնաւորապէս Թրամփի սադրիչ գործողութիւնների վրայ։

Եւ ամենակարեւորը։ Որոշակի պահի Թուրքիայի նախագահն իր ելոյթում այնքան ոգեւորւեց, որ սկսեց խօսել այն մասին, թէ այսուհետեւ ԱՄՆ-ն չի կարող հանդէս գալ որպէս միջնորդ պաղեստինա-իսրայէլական խաղաղ գործընթացում։ «Նոր միջնորդը բացարձակ անաչառ պէտք է լինի»,- պաթոսով ասաց թուրք առաջնորդը։ Մի խօսքով, ինչպէս ասում են, Օստապին տարաւ…

Ընդ որում` այնպէս տարաւ, որ նոյնիսկ Կրեմլը, որ մինչ այդ որոշակի թերահաւատութեամբ եւ միեւնոյն ժամանակ հետաքրքրութեամբ էր հետեւում դէպքերի զարգացմանը, ստիպւած էր պաշտօնական յայտարարութիւն անել։

Թերահաւատօրէն էին հետեւում, քանի որ հասկանում էին` Ստամբուլի գագաթնաժողովին հաւաքւածների շարքում ԱՄՆ-ի մի շարք կողմնակիցներ կան։ Իսկ հետաքրքրութեամբ, քանի որ հազւադէպ կարելի է տեսնել, թէ ինչպէս է ՆԱՏՕ-ական երկրներից մէկի նախագահը ջախջախում ամերիկացիների արտաքին քաղաքականութիւնը։

Իսկ պաշտօնական յայտարարութիւնն անհրաժեշտ էր։ Քանի որ ինչ-որ պահի, հաւանաբար, Էրդողանը տաքացած վիճակում կարող էր յղում անել (կամ գուցէ արել է) Մոսկւային, որպէս մի երկիր, որն աջակցում է Թուրքիային Երուսաղէմը Պաղեստինի մայրաքաղաք յայտարարելու հարցում։

«Մեր դիրքորոշումը` ինչպէս Երուսաղէմի, այնպէս էլ Մերձաւոր Արեւելքի կարգաւորման հարցում, գիտէք, եւ այն թուրքականի հետ չի համընկնում», - ասել էր Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։

 

Թուրքիայի խաղաքարտերը կրկին չհամընկան Մերձաւոր Արեւելքում

Սակայն մի անյարմար միջադէպ էլ եղաւ Էրդողանի բուռն ելոյթի ժամանակ, որը համաշխարհային հանրութիւնը դեռ պէտք է քննարկի եւ մեկնաբանի։ Ընդ որում, որքան էլ տարօրինակ չէ, խօսքը մի բանի մասին է, որը ոչ մի կապ չունի Երուսաղէմի խնդրի հետ։

Խօսքն արցախեան կարգաւորման մասին է, որին արդէն տեւական ժամանակ է` փորձում է «միջամտել», բառացիօրէն այդ հարցի մէջ խցկւել Էրդողանը։

Մենք յիշում ենք, թէ ինչպէս էր Ադրբեջանն ակտիւօրէն առաջ տանում Արցախեան գործընթացին Էրդողանի միջամտութեան գաղափարը։ Թէ ինչպէս էր Թուրքիայի նախագահը բազմաթիւ անգամ յայտարարել ղարաբաղեան հակամարտութիւնում իր` որպէս «կրտսեր եղբօր» միանշանակ աջակցութեան մասին։

Թէ ինչպէս էր նա ամէն անգամ, Պուտինի հետ իւրաքանչիւր հանդիպումից առաջ լսարանին հասցնում այն գաղափարը, թէ այս անգամ նա անպայման կը կարողանայ համոզել ռուս առաջնորդին, որ նա լրջօրէն զբաղւի արցախեան խնդրով։ «Ցանկութեան դէպքում Պուտինը կարող է դա բաւական հեշտ անել»,- վերջին անգամ ասել էր Էրդողանը։

Իսկ յետոյ վերադառնում էր Սոչիից կամ Մոսկւայից ու բերանը ջուր առնում։ Եւ միայն խօսում էր այն մասին, որ Ռուսաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղի հարցն ամենեւին էլ հեշտ չի համարում։

Եւ անկախ նրանից, որ ամէն անգամ մերժում էր ստանում, Էրդողանը համառօրէն շարունակում էր պնդել, որ պէտք է որեւէ կերպ մասնակցի բանակցային գործընթացին։ Թէեւ նրան բացատրում էին, որ նրան ոչ ոք թոյլ չի տայ միջնորդի դերում հանդէս գալ գոնէ այն պատճառով, որ Թուրքիան կողմնակալ է եւ միակողմանի դիրքորոշում ունի, պաշտպանում է հակամարտող կողմերից միայն մէկի շահերը։

Եւ այդ ամենից յետոյ Թուրքիայի նախագահը նման արտայայտութիւն է թոյլ տալիս ԱՄՆ-ի վերաբերեալ։ Կրկնեմ` «ԱՄՆ-ն արդէն չի կարող հանդէս գալ որպէս միջնորդ Իսրայէլի եւ Պաղեստինի միջեւ։ Այս հարցն արդէն փակւած է։ Մենք նաեւ պէտք է քննարկենք, թէ ով է միջնորդ լինելու այդ հարցում։ Ստեղծւած իրավիճակը պէտք է գնահատի ՄԱԿ-ը, իսկ նոր միջնորդը պէտք է անաչառ լինի»։ Էրդողանի ուղիղ խօսքն է։

Սրանով ամէն ինչ ասւած է։ Առաւել եւս, որ Ստամբուլում գագաթնաժողովի պատուհանների տակ անցկացւող բողոքի ցոյցերը, որոնք ուղղւած էին Երուսաղէմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելուն, նոյնպէս բաւական արագ մարեցին։

Այնպէս որ կարելի է վստահ ասել` Էրդողանն ամբողջ մուսուլմանական աշխարհի առաջնորդը դառնալու հերթական հնարաւորութիւնը չկարողացաւ օգտագործել. Մերձաւոր Արեւելքում կրկին խաղաքարտերը չհամընկան։

«Sputnik» Արմենիա

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։