Հա

Քաղաքական

20/12/2017 - 14:00

«CNN». «ԱՄՆ-ում Թրամփի աջակցման վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել»

ԱՄՆ-ի նախագահի պաշտօնում Դոնալդ Թրամփի գործունէութեանը հաւանութիւն է տալիս ամերիկացիների միայն 35 տոկոսը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի նախագահի պաշտօնում Դոնալդ Թրամփի գործունէութեանը հաւանութիւն է տալիս ամերիկացիների միայն 35 տոկոսը: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, վկայում են «CNN» հեռուստաալիքի կողմից անցկացւած նոր սոցիոլոգիական հարցման արդիւնքները, որոնք հրապարակւել են դեկտեմբերի 19-ին:

Նշւում է, որ սա Թրամփի ժողովրդականութեան նւազագոյն ցուցանիշն է նրա նախագահութեան սկզբից «CNN»-ի բոլոր համապատասխան հարցումների թւում: ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի գործունէութեանը բացասաբար է վերաբերւում հարցւածների 59 տոկոսը: Համեմատութեան համար նշենք, որ ընթացիկ տարւայ մարտին Թրամփին աջակցում էր «CNN»-ի՝ այդ ամսին անցկացրած հարցման մասնակիցների 45 տոկոսը: Բացի այդ, Թրամփի ժողովրդականութեան ներկայիս ցուցանիշները ԱՄՆ-ի բոլոր նախագահների համանման ցուցանիշներից ամենավատն են նրանց կառավարման առաջին տարւայ վերջին օրացուցային ամսւայ դրութեամբ, նշում է հեռուստաալիքը:

Այսպէս, Ջորջ Բուշ կրտսերն իր նախագահութեան առաջին տարին աւարտել է աջակցման մօտաւորապէս 86 տոկոս մակարդակով, Ջան Քենեդին՝ 77 տոկոսով, Դուայթ Էյզենհաուէրը՝ 69 տոկոսով, Ռիչարդ Նիքսոնին, Ջիմի Քարթերին, Բիլ Քլինթոնին եւ Բարաք Օբամային իրենց կառավարման առաջին տարւայ վերջին աջակցում էր ամերիկացիների 55-59 տոկոսը: Հարցումն անցկացւել է դեկտեմբերի 14-ից մինչեւ 17-ը, դրան մասնակցել են հազարից աւելի ամերիկացիներ: Հարցման արդիւնքների վիճակագրական անճշտութիւնը կազմում է մօտաւորապէս 3.8 տոկոսային կէտ, հաղորդել է «ՏԱՍՍ»-ը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։