Հա

Քաղաքական

Չորեքշաբթի, 03 Յունւարի 2018 12:50

Ինչու է Էրդողանը պտտւում թաւայի մէջ, կամ Թուրքիան «S-400»-ի հետ կապւած արկածախնդրութեան է դիմում

Գլոբալ քաղաքական ասպարէզում Թուրքիայի ձեռնարկած խաղը կարող է հէնց իր դէմ դուրս գալ, թէեւ որոշակի պահերին Էրդողանին յաջողւում է ինչ-որ արտօնութիւններ «պոկել» այս կամ այն միջազգային խաղացողներից՝ համաշխարհային գերտէրութիւններից: 

«alikonline.ir» - Գլոբալ քաղաքական ասպարէզում Թուրքիայի ձեռնարկած խաղը կարող է հէնց իր դէմ դուրս գալ, թէեւ որոշակի պահերին Էրդողանին յաջողւում է ինչ-որ արտօնութիւններ «պոկել» այս կամ այն միջազգային խաղացողներից՝ համաշխարհային գերտէրութիւններից: Գրում է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանեսքեհեանը:

 

Եթէ «S-400»-ի հետ կապւած արկածախնդրութիւնը յաջողւի, ապա կը շահի Ռուսաստանը

Ռուսական «S-400» զենիթահրթիռային համալիրներ գնելու գաղափարը ՆԱՏՕ-ի հրամանատարութեանը ստիպել է լրջօրէն մտահոգւել: 

Անկարան ի՞նչ է անելու համակարգերը, որոնք նախատեսւած են բացառապէս այն կործանիչների դէմ պայքարելու համար (ամերիկեան արտադրութեան), որոնցով զինւած է թուրքական բանակը։ Այս առումով գործարքն այնքան էլ հասկանալի չէ:

Բայց կասկածներ կան, որ ոչ թէ գնման փաստն է կարեւոր, այլ դրան ուղեկցող աղմուկը: Ու նաեւ կարեւոր են հէնց այն արտօնութիւնները, այն միաւորները, որոնք Թուրքիան հաւաքեց ՆԱՏՕ-ի ու ընդհանրապէս արեւմտեան դաշնակիցների հրամանատարութեան հետ բանակցութիւններում: 

Ստեղծւած իրավիճակն ամէն դէպքում ձեռնտու է Ռուսաստանին։ Եթէ ՆԱՏՕ-ի գեներալներն անհանգստանան, որ Թուրքիան այսուհետեւ կարող է կործանել ամերիկեան «F 16»-ը, լաւ է: Եթէ արեւմտեան արտադրողները նեֆարդայնանան, որ գումարները վատնում են, աւելի լաւ, թող նեարդայնանան:

Իսկ եթէ գործարքն իսկապէս յաջողւի, շատ աւելի լաւ: Այդպիսի ահռելի գումարը կատակ բան չէ նոյնիսկ Ռուսաստանի Դաշնութեան համար: 

Իսկ եթէ չստացւի, ապա լաւ է գոնէ թէկուզ այն պատճառով, որ Թուրքիան, Արեւմուտքի հետ այդ խաղը վարելիս, գոնէ Սիրիայի հարցում արել է հէնց այն, ինչ Ռուսաստանին ու Իրանին էր հարկաւոր: Խօսքն առաջին հերթին Իդլիբի շուրջ ամենավտանգաւոր դեէսկալացիոն գօտու մասին է, որտեղ կենտրոնացած է գրոհայինների այն խումբը, որոնց հետ միայն Անկարան է կարողանում ընդհանուր լեզու գտնել (քանի որ այս տարիների ընթացքում հէնց ինքն է ֆինանսաւորել ու «թիկունք կանգնել» նրանց):

 

Էրդողանն ակնյայտօրէն պարտւել է Սիրիայի հարցում

Ինչ վերաբերում է Սիրիայի հարցում հէնց Թուրքիայի դիրքորոշմանը, ապա այստեղ, ամենայն հաւանականութեամբ, պէտք է անընդհատ զգօն լինել, քանի որ չնայած Անկարայի ու Վաշինգտոնի յարաբերութիւնների բացասական դինամիկային, միջազգային քաղաքական ասպարէզում թուրքերի պահւածքը ստիպում է մտածել, որ նրանք ցանկացած պահի կարող են պոչը տնկել ու բարիկադից այն կողմ անցնել:

Էրդողանի` վերջերս արած յայտարարութիւնն այն մասին, որ Բաշշար Ասադը ահաբեկիչ է եւ ոչնչացրել է իր աւելի քան մէկ միլիոն հայրենակիցներին, ու որ Սիրիայում խաղաղութիւն կը լինի միայն այն ժամանակ, երբ Ասադի ընտանիքը հեռանայ, հաւանաբար Կրեմլում ոմանց դուր չի եկել:

Ամէն դէպքում Թուրքիան նշան է ստացել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարութիւնից, ու խօսքը միայն ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի յայտարարութեան մասին չէ, որը հետեւեալ կերպ է արտայայտւել. «Ինչ վերաբերում է նրան, որ Թուրքիայի նախագահը Սիրիայի նախագահ Բաշշար Ասադին ահաբեկիչ է անւանել, ապա Սիրիայի կառավարութեան ներկայացուցիչները ՄԱԿ-ում են գտնւում ու ներկայացնում են Սիրիայի կառավարութիւնը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում, դրա համար միայն դա, նոյնիսկ առանց աւելորդ գնահատականների ու փաստարկների ոչ մի իրավական հիմք չունի»։

Ռուս փորձագէտները համոզւած են, որ Թուրքիայի նախագահի ագրեսիւ ճարտասանութիւնը կապւած է այն բանի հետ, որ սիրիական կադրային ստորաբաժանումները Սիրիայում մնացած ռուսական ՌՏՈՒ-ի աջակցութեամբ հիմա յարձակում են կազմակերպում հէնց Իդլիբի շուրջ կենտրոնացած թուրքամէտ խմբաւորումների ու Ջեբհաթ ան-Նուրսայի (արգելւած է մի շարք երկրներում, այդ թւում նաեւ՝ Ռուսաստանում) խոշոր ուժերի վրայ:

Սակայն ամէն դէպքում պէտք է վերջ տալ այս խմբաւորմանը, որն իրեն «չափաւոր ընդդիմութիւն» է անւանում ու անկարգութիւններ է կազմակերպում «բռնակալ» Ասադի դէմ պայքարի կարգախօսով: 

Մինչ այժմ Դամասկոսի հիմնական ուժերը ստիպւած էին ջանքերը կենտրոնացնել ԴԱԷՇ-ի դէմ պայքարի վրայ, միւսների ժամանակը չէր: Այն Եւ ահա Թուրքիան պէտք եկաւ, որովհետեւ զսպում էր իր սաներին: Սակայն ԴԱԷՇ-ը, ինչպէս ասում են, հեռացաւ, ու հիմա Սիրիայի օրինական իշխանութիւնների ձեռքերը հասան արդէն նաեւ այլ ահաբեկչական խմբաւորումներին:

Հաւանաբար, այդ առումով կարելի է համարել, որ Էրդողանը պարտւել է, սխալ է հաշւարկել իր ուժերն ու հիմա քաղաքական մարտում լուրջ կորուստներ կը տանի: Այն բանից յետոյ, երբ մարտի դաշտում վերացւեն տարատեսակ նուրսաները:

 

Հորիզոնում նոր թշնամի է երեւում

Իսկ ինչ վերաբերում է ռուսական գազատարին, կառուցւող «Ակույու» ատոմակայանին, լոլիկի արտահանմանն ու Անթալիայի լողափեր վերադարձող զբօսաշրջիկներին, ապա այստեղ Անկարան, ի պատասխան Սիրիայում կրած պարտութեան, չի կարող որեւէ բան հակադրել Մոսկւային:

Թուրքիայի տնտեսութիւնն, ասես, ապրում է հէնց զբօսաշրջային «սնուցումով» ու գիւղատնտեսական ապրանքները ռուսական շուկայ մատակարարելով։ Աւելին՝ ռուսական պատժամիջոցների պատճառով գրանցւած անկումից հետ նոյնիսկ մի փոքր՝ մօտ տասը տոկոսանոց տնտեսական աճ է նկատւում։

Դրան գումարած` պէտք չէ մոռանալ, որ Սիրիայի ճգնաժամն ուզում է կարգաւորել ոչ միայն Թուրքիան: Այնտեղ նշանաւոր խաղացող կայ՝ Իրանը, որը ոչ մի դէպքում Թուրքիային թոյլ չի տայ հէնց բուն Սիրիայի տարածքում որեւէ կտրուկ շարժում անել:

Այդ պատճառով էլ Անկարան քաղաքական ասպարէզում պտտւում է, ասես մեղաւորը թաւայի մէջ, փորձելով գրաւել Վաշինգտոնի պաշտոնեաների ուշադրութիւնը: Որպէսզի յարմար պահի դիրքը փոխի, ինչը Թուրքիայի համար շատ բնորոշ վարւելակերպ է:

Միայն թէ այս անգամ, ասես, Էրդողանի մօտ ոչինչ չի ստացւի, քանի որ նրան վաղուց բարկացնող Ֆեթուլլահ Գիւլէնին աջակցութեան է եկել Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գիւլը, որը վերջերս սկսել է կտրուկ քննադատել գործող նախագահի քաղաքականութիւնը:

Չի բացառւում, որ Կենտրոնական հետախուզական վարչութեան վերլուծաբանները պահեստային խաղաքարտերի միջից հէնց նրան են ընտրել, երբ համարել են, որ ժամանակն է հարւածել Էրդողանին ուղիղ նշանառութեամբ: Ամէն դէպքում արդէն կարելի է ենթադրել, որ Թուրքիային ու բուն Էրդողանին ծանր տարի է սպասում: Արդեօ՞ք Թուրքիայի նախագահը կը դիմանայ դրան:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը կայանա՞յ արդեօք Հենրիխ Մխիթարեանի տրանսֆերն «Արսենալ»:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։