Հա

Քաղաքական

04/01/2018 - 09:40

Թրամփի օրօք ԱՄՆ-ն ամենաքիչ փախստականներին է ընդունել վերջին 15 տարում

Թրամփի օրօք Միացեալ Նահանգները ընդունել է 29022 փախստական, ինչը վերջին 15 տարիների կտրւածքով ամենացածր ցուցանիշն է։

«alikonline.ir» - Թրամփի օրօք Միացեալ Նահանգները ընդունել է 29022 փախստական, ինչը վերջին 15 տարիների կտրւածքով ամենացածր ցուցանիշն է։ Այս մասին ըստ «news.am»-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «USA Today» թերթը եւ ԱՄՆ պետքարտուղարութեան տւեալները։

Պարբերականի փոխանցմամբ, «վերջին անգամ նման ցածր ցուցանիշ գրանցւել է 2002 թւականին», երբ զգալիօրէն դանդաղել էին օրինական միգրացիոն հոսքերը Վաշինգտոնում եւ Նիւ Եօրքում 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչութիւններից յետոյ։

«Հետագայում նախագահնր Ջորջ Բուշի եւ Բարաք Օբամայի օրօք փախստականներ ընդունելու քւոտաները տատանւել են տարեկան 70-80 հազար սահմաններում։ 2016 թւականին ԱՄՆ-ում այդ ծրագրով, որը տարածւում է իրենց երկրներում քաղաքական, ազգային, կրօնական կամ այլ դրդապատճառներով հետապնդումների ենթարկւող անձանց վրայ, ներգաղթել է 94.8 հազար մարդ»,- գրել է թերթը։

Թերթը յիշեցնում է, որ Թրամփը դեռեւս նախընտրական քարոզարշաւի ժամանակ խոստացել էր խստացնել միգրացիան քաղաքականութիւնը։ 2015 թւականի դեկտեմբերին նա նոյնիսկ կողմ էր արտայայտւել, որպէսզի ամբողջութեամբ փակւի մահմեդականների մուտքը ԱՄՆ, քանի դեռ չի յաջողւել պարզել, թէ ինչու են իսլամի հետեւորդներն այդպէս ատում ամերիկացիներին։

ԱՄՆ նախագահի պաշտօնն ստանձնելուց (2017-ի յունւարի 20) արդէն մէկ շաբաթ անց Թրամփը փաստաթուղթ է ստորագրել ուղղւած «ԱՄՆ ներսում հասարակական անվտանգութեան ամրապնդմանը»։ Այն նախատեսում էր դադարեցնել փախստականների ընդունումը 120 օրով՝ վերլուծելու համար բռնի տեղահանւածների տւեալների ստուգման գործող ընթացակարգերը։

Թրամփը յայտարարել էր, որ փախստականների անւան տակ երկիր են ներթափանցում ահաբեկիչները։ Հոկտեմբերին նա մէկ այլ հրամանագիր է ստորագրել, որով նախատեսւում է 2018-ի ֆինանսական տարում (այն սկսւել է հոկտեմբերի 1-ից) ընդունել մինչեւ 45 հազար փախստական։

Միաժամանակ, ըստ «USA Today»-ի սահմանափակող կարգեր են սահմանւել, որոնք փաստացի զրկել են ԱՄՆ մուտք գործել 11 երկրների քաղաքացիների, որոնց թւում են Եգիպտոսը, Իրանը, Իրաքը, Լիբիան, Մալին, Հիւսիսային Կորէան, Սոմալին, Սուդանը, Հարաւային Սուդանը, Սիրիան եւ Եմէնը։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։