Հա

Քաղաքական

07/01/2018 - 11:00

Վաշինգտոնի «սիրելին» Անկարային եւ Բաքւին չի օգնի Երեւանին ճնշելու գործում

ԱՄՆ-ի եւ Պակիստանի հակամարտութիւնն առարկայական կապ ունի Հայաստանի շահերի հետ, թէեւ թւում էր, թէ մեր տարածաշրջանից հեռու գտնւող Իսլամաբադը այդքան էլ չպէտք է մտահոգի Երեւանին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի եւ Պակիստանի հակամարտութիւնն առարկայական կապ ունի Հայաստանի շահերի հետ, թէեւ թւում էր, թէ մեր տարածաշրջանից հեռու գտնւող Իսլամաբադը այդքան էլ չպէտք է մտահոգի Երեւանին: Նման կարծիքի է «Sputnik» Արմենիայի քաղաքական վերլուծաբան Արման Վանասքեհեանը:

Սակայն այն փաստը, որ Պակիստանը մինչեւ այսօր էլ դիւանագիտական յարաբերութիւններ չի հաստատել Հայաստանի հետ, ՀՀ-ը միջազգային իրաւունքի սուիբեկտ չի ճանաչել ու նման դիրքորոշումը բացատրում է իր դաշնակից Ադրբեջանին արցախեան հակամարտութեան հարցում սատարելով, տալիս է բոլոր հարցերի պատասխանը: ԱՄՆ-ի հակապակիստանեան դիրքորոշումը Հայաստանին շատ ձեռնտու է:

Բանն այն է, որ քաղաքական վերլուծաբան Սուրէն Սարգսեանի պնդմամբ, ֆինանսաւորումը, որը Վաշինգտոնը տրամադրում է Իսլամաբադին, առաջին հերթին վերաբերում է ռազմական տեխնոլոգիաներին եւ զէնքին:

«Իսկ քանի որ Պակիստանում կառավարչական մեխանիզմը թոյլ է զարգացած, ապա փաստ չէ, որ ամերիկացիների կողմից այդ երկրին մատակարարւող զէնքը (իբր թէ հարեւան Աֆղանստանում խրամատաւորւած «Թալիբան»-ի եւ այլ ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարելու համար) անմիջապէս ըստ նշանակութեան է հասնում: Չի բացառւում, որ այդ զէնքի որոշ մասը կարող է հասնել նաեւ մեր հարեւան Ադրբեջանին…»,- «Sputnik» Արմենիային ասաց փորձագէտը:

Հասկանալի է, որ ամերիկացիներն ամենեւին էլ հայերի շահերից ելնելով չեն որոշում կայացրել կրճատել, իսկ յետոյ ընդհանրապէս դադարեցնել ֆինանսական օգնութիւնը մի երկրի, որը Կենտրոնական Ասիայում համարւում է Միացեալ Նահանգների ազդեցութեան լծակներից մէկը:

Չմոռանանք, որ հէնց Իսլամաբադի վրայ հիմնւելով` Վաշինգտոնն իր պատերազմն է վարում Աֆղանստանում խրամատաւորւած «Թալիբան»-ի դէմ: Եւ ընդհանրապէս ամերիկացիները բաւական նուրբ են վերաբերւում այն երկրին, որը դեռ անցեալ դարի 80-ականներին նրանց հնարաւորութիւն տւեց Աֆղանստանի տարածքում պատերազմ սկսել Խորհրդային Միութեան դէմ:

Սակայն տարածաշրջանի ներկայիս իրողութիւններն ընդհանրապէս եւ մասնաւորապէս Իսլամաբադի վարած արտաքին քաղաքականութիւնը ցոյց են տալիս, որ այսօր Պակիստանն աւելի շուտ ոչ թէ ԱՄՆ-ի դաշնակիցն է, այլ Չինաստանի: Հէնց վերջինի հետ առեւտրային հաշւարկներում է Պակիստանը վերջերս անցել Իւանի:

Ու թէեւ որոշ ԶԼՄ-ներ կարծիք յայտնեցին, որ դա Իսլամաբադի պատասխանն էր Ամերիկայի նախագահ Թրամփի յարձակումներին, որը Պակիստանի ղեկավարութեանը մեղադրեց ահաբեկչութեան, «Թալիբան»-ի եւ «Հաղանի» ցանցի դէմ պայքարի հարցում սուտ խօսելու մէջ, իրականում շատերը մոռանում են, որ Պեկինի եւ Իսլամաբադի միջեւ բանակցութիւններն ընթանում էին Թրամփի յայտարարութիւններից շատ առաջ:

Բացի այդ, Պակիստանը Ռուսաստանի հետ բանակցութիւններ էր վարում նաւթի մատակարարման շուրջ` բացատրելով, որ ուզում է նւազեցնել էներգակիրների առումով կախւածութիւնը Մերձաւոր Արեւելքի երկրներից: Իսկ դա, մեր մեջ ասած, լուրջ հարւած է ամերիկացիների դաշնակցին` Սաուդական Արաբիային:

Կարելի է ասել, որ արեւմտեան ԶԼՄ-ները նպատակաուղղւած են խճճում պատճառահետեւանքային կապը: Միացեալ Նահանգները, պատկերաւոր ասած, որոշել է ֆինանսապէս պատժել Պակիստանին ոչ թէ նրա համար, որ պաշտօնական Իսլամաբադը ոչ նպատակաուղղւած էր ծախսում ահաբեկչութեան եւ «Թալիբան»-ի դէմ պայքարի համար յատկացրած գումարները, այլ որ պակիստանցիները դուրս են գալիս դոլարային գօտուց եւ թաքնւում Իւանի գօտում…

Ինչեւէ, Հայաստանին իսկապէս ձեռնտու է ստեղծւած իրավիճակը, քանի որ եթէ Պակիստանը այսուհետեւ չկարողանայ թաքնւած զէնքի վաճառի հետ կապւած «իր գործերն առաջ տանել» Ամերիկայի տանիքի տակ, ապա սրանից յետոյ Ադրբեջանին ապօրինի զէնքի մատակարարումը հնարաւոր չի լինի թաքցնել միջազգային հանրութեան ուշադրութիւնից:

Բացի այդ, եռամիութեան (Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան) վարքագիծը կարող է լուրջ ճնշումների ենթարկւել համաշխարհային հանրութեան կողմից, քանի որ նոյն Անկարան ու Բաքուն ի սկզբանէ յոյս ունէին, որ Իսլամաբադը, լինելով Վաշինգոտնի «սիրելին», կօգնի տարածաշրջանային քաղաքական սխեմաներ ու աւանտիւրաներ իրականացնել ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպութիւններում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։