Հա

Քաղաքական

09/01/2018 - 11:30

Թուրքական մամուլը բացայայտ խօսել է Հայոց Ցեղասպանութեան մասին

Թուրքական «Hurriyet» պարբերականն անդրադարձել է Մուրադ Աթաշի հեղինակած «Արմինէ. Չարաք լեռան աքսորը» Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած գրքին: Հեղինակը դեռ դպրոցական տարիքում է պատժւել ճշմարտութեան համար:

«alikonline.ir» - Թուրքական «Hurriyet» պարբերականն անդրադարձել է Մուրադ Աթաշի հեղինակած «Արմինէ. Չարաք լեռան աքսորը» Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած գրքին: Հեղինակը դեռ դպրոցական տարիքում է պատժւել ճշմարտութեան համար: Գրում է «armeniasputnik.am»ը:

Թուրքիայի Սիւասի շրջանում բնակւող Մուրադ Աթաշը դպրոցական աշխատանքը կատարելիս հասկացել է, որ հայերի մասին պատմական տեղեկութիւնները տարբերւում են նրանից, ինչ սովորեցնում են դպրոցում:

«Իրականում ամէն ինչ սկսւեց միջնակարգ դպրոցի պատմութեան ուսուցիչի դասից, ով ասաց՝ նստիր, զրօ»,- թուրքական «Hurriyet» պարբերականի փոխանցմամբ, գրքի ստեղծման մասին պատմելով, ասել է թուրք գրող Մուրադ Աթաշը:

Ուսուցչի յանձնարարած «Հայոց տեղահանութիւնը» թեմայի վերաբերեալ գրաւոր աշխատանքը կատարելիս` ապագայ գրողը հասկացել է, որ այդ մասին տեղեկութիւնները կցկտուր են: Աւելի լիարժէք աշխատանք ներկայացնելու համար Աթաշն այցելել է շրջանային գրադարան, որտեղ Հայոց Ցեղասպանութեան մասին 60-70 էջանոց մի գիրք է գտել:

«Ես շատ սահմանափակ տեղեկութիւններ գտայ, պատրաստեցի աշխատանքս, եւ ուշադրութիւն դարձրէք՝  այն աւարտւում էր «Օսմանեան կայսրութիւնում հայերի նկատմամբ կատարւած յանցագործութիւնները» արտայայտութեամբ»:

Նրա աշխատանքը զայրացրել է ուսուցչին: Ապագայ գրողը «զրօ» է ստացել, ինչը, սակայն, էլ աւելի է խորացրել նրա հետաքրքրութիւնը հայերի հետ կատարւած պատմական փաստերի նկատմամբ:

Տարիներ անց իր ուսումնասիրած փաստերը Աթաշը շարադրել է «Արմինէ. Չարաք լեռան աքսորը» Հայոց Ցեղասպանութեանը նւիրւած գրքում:

Գիրքը լոյս է տեսել 2017 թւականին, «Արաս» հրատարակչութիւնում:

Գրքում Աթաշը հակադրում է փաստերը թուրքական իշխանութիւնների պաշտօնական պատմագրութեան պաշտպանած այն թեզին, թէ թուրքերը մեղաւոր չեն հայերի կոտորածների համար, եւ, իբր, նրանք զոհւել են տեղահանութեան դժւարութիւնների եւ պատերազմի հետեւանքով:

Աթաշը բացայայտել է պատմական ճշմարտութիւնը եւ, ինչպէս գրողն է յայտնել

«Hurriyet»-ին, ճշմարտութիւնը որոնելիս հանդիպել է Ցեղասպանութիւնը վերապրած, արտերկրում ապրող հայերի հետ, լսել նրանց պատմութիւնները:

Գրքի գլխաւոր հերոսները Արմինէն եւ նրա սիրեցեալ Ջիւանն են: Այն նրանց անաւարտ սիրոյ ու Ցեղասպանութեան հետեւանքով խեղւած ճակատագրի մասին է:

Ի դէպ, գրքի մասին ծաւալուն նկարագրութիւն է ներկայացւած նաեւ «Արաս» հրատարակչութեան պաշտօնական կայքում: Գրքի ստեղծման պատմութեան ու սիւժէի համառոտ նկարագրութեան աւարտին, հրատակչութիւնն այն առաջարկում է, յատկապէս, երեխաներին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։